Հուսո Աստղ-2015 ամենամյա ազգային մրցանակաբաշխությունում LՂՀ առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնը ճանաչվել է տարածաշրջանի լավագույն բուժհիմնարկ: Ամենամյա մրցանակաբաշխությունը բացի լավագույն հիմնարկից ընտրում է նաեւ տարվա լավագույն բժիշկներին:
«Մի հրաշք է տեղի ունեցել»,- այսօր իր ոգեւորությունը լրագրողների հետ շտապեց կիսել Զորի Բալայանը: Նա հիացած է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնով, ինչի համար ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հասցեին գովասանքի խոսքեր շռայլեց. «Նա ապացուցեց, որ միակն է եւ առաջինն է, որը երկու պետություններում՝ Հայաստանի եւ Արցախի, եղել է առողջապահության նախարար: Նա Արցախում հեղափոխություն է արել: Առաջ անընդհատ զանգում էին, թե սրտի ստենդավորման համար Արցախից Երեւան բերեն մարդկանց, չեք պատկերացնի, թե ինչ խնդիր է այստեղ բերելը, բերել-տանելու լուրջ խնդիր է: Արդեն մեկ տարի է՝ ղարաբաղցիները ամեն ինչ ստանում են տեղի բուժհիմնարկում»:
Զորի Բալայանը պատմեց, որ տասնութ տարեկանում իր կյանքը հենց այդ բժշկական կենտրոնում են փրկել, հիմա բուժծառայություն ստանալու կարիք չունի, որ այցելի վերազինված ու բարեկարգված այդ կենտրոն: Նա նույնիսկ կատակեց՝ հիմա ավելի առողջ է, քան տասնութ տարեկանում:
Aravot.am-ի հարցին, թե իսկ ինչ կարծիք ունի Արցախում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին, ազատ, անկախ ընտրությունների առումով հեղափոխություն նկատե՞լ է, ասաց. «Ազատ, անկախ ընտրություններին, ինչպես առհասարակ այնտեղ լինում է»: Հետո ասաց` չի կարծում, որ մեր խնդիրը Ղարաբաղում դա է ու առանց լսելու հաջորդ հարցերը հեռացավ:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ