«Աշխարհի չեմպիոն չդարձա, բայց չեմ համարում այն անկատար երազանք: Ես իմ կյանքում որքան հնարավոր է, պայքարեցի, բայց չստացվեց: Այդ ժամանակ Անատոլի Կարպովն ինձնից ուժեղ դուրս եկավ: Ես էլ էի հաղթում Կարպովին, բայց աշխարհի առաջնությունում նրա մոտ խաղն ավելի լավ ստացվեց, նա ավելի լավ պարտիաներ ունեցավ: Ինչևէ, ես չդարձա աշխարհի չեմպիոն, բայց մեր հավաքականի շախմատիստները մի քանի անգամ մեզ հնարավորություն տվեցին ապրելու համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն դառնալու բերկրանքը»,- ասում է գրոսմայստեր, ԽՍՀՄ չեմպիոն, ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Ռաֆայել Վահանյանը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր գրոսմայստերի հետ հանդիպում էր կազմակերպվել, որի առիթը ապրիլին Դոնի Ռոստովում կայացած «Վահանյանի գավաթ» շախմատի միջազգային ուսանողական թիմային մրցաշարն էր՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ղրղզստանի տասը բուհերի հավաքականների մասնակցությամբ: Հայաստանի հավաքականում ընդգրկված են եղել նաև Պոլիտեխնիկական համալսարանի շախմատի թիմի ներկայացուցիչները:
Ռաֆայել Վահանյանի գնահատմամբ՝ շատ բարձր մակարդակով է կազմակերպվել և անցկացվել «Վահանյանի գավաթ» երկրորդ մրցաշարը: «Երբ Երևանում առաջին անգամ անցկացվեց «Վաhանյանի գավաթը», մասնակիցների մեջ կային նաև Դոնի Ռոստովի համալսարանների ուսանողներ, այդ թվում նաև Շինարարական համալսարանի, որի ռեկտորի առաջարկով էլ երկրորդ մրցաշարը կազմակերպվեց և անցկացվեց Դոնի Ռոստովում»,- ասաց Ռ. Վահանյանը՝ տեղեկացնելով նաև, որ երրորդ մրցաշարը որոշել են կազմակերպել Վլադիվոստոկում:
Գրոսմայստերի դիտարկմամբ՝ շախմատն աշխարհում բավականին մեծ առաջընթաց է ապրում, մասնավորապես, մեծ զարգացում ունի համակարգչային շախմատը: Այս տեմպի մեջ շախմատն արագորեն զարգանում է նաև Հայաստանում: «Ուշադիր հետևում եմ Հայաստանի հավաքականի խաղերին: Հայաստանն իրոք շախմատային երկիր է, և ինձ շատ են ուրախացնում մեր շախմատիստների մեծ հաջողությունները: Հայաստանում շախմատը շատ է առաջ գնացել, նախկինում այն այդպես զարգացած չէր»,- ասում է Ռ. Վահանյանը:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ