Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Քննիչների զավեշտները՝ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքերի գործով

Մայիս 13,2015 20:45

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Գորիսի նստավայրում, շարունակվեց 2013 թվականի հունիսի 2-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը։ Այդ օրը Գորիսում՝ «Լիսկայի» տան մոտ հնչած կրակոցներից սպանվեց Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը, եւ հրազենային ծանր վիրավորում ստացավ Արտակ Բուդաղյանը։ Նա սույն գործով միակ մեղադրյալն է եւ մեղադրվում է Ս. Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին սպանության սպառնալիքներ տալու մեջ։

Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել գործով երկու քննիչներին որպես վկա դատարան հրավիրելու եւ հարցաքննելունշ։

Aravot.am-ի հետ զրույցում քննիչների հարցաքննության արդյունքում ստացված պատասխանները պարոն Ալումյանը տարօրինակ համարեց: Նշենք, որ մի քննիչը դեպքի վայրի առաջին զննության արձանագրությունը կազմել էր, վերջում էլ գրել էր, որ կատարվել են տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ։ Հետո այդ տեսանկարահանումներն ու լուսանկարահանումները գործից անհետացել են, հիմա չկան։ Այս առիթով, Հայկ Ալումյանի փոխանցմամբ, քննիչը դատարանում պարզաբանել է. «Ասում է՝ սխալվել եմ 18-ի փոխարեն 19 եմ գրել: Կամ ասում է, թե հոգնած էի, դրա համար գրել եմ, որ տեսագրվել է: Բայց պատկերացնում եք մի մարդ, որ ասվածին հավատա: Հոգնած մարդը կարող էր գրել, որ չի տեսանկարահանվել, բայց տեսանկարահանված լիներ»:

Մյուս քննիչը Ալեքսան Ղազարյանն է: Այն հարցով, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն չի կատարել դատարանի որոշումը, այն է ձայնագրել Սուրիկ Խաչատրյանի երեք մերձավորների զանգերը, ինչն անհրաժեշտ էր, որ դեպքի մասին պարզվեին որոշ մանրամասներ, քննիչը կրկին զավեշտալի պատասխաններ է տվել: Նա մասնավորապես փոխանցել է. «Մեկուկես ամիս հետո քննիչը մի արձանագրություն է կազմել, թե գնացի ԱԱԾ և այնտեղ ինձ համապատասխան աշխատակիցը հայտնեց, որ տեխնիկական պատճառով հնարավոր չէ լսումներն ու ձայնագրություններն իրականացնել: Ասում է՝ չգիտեմ՝ ով էր, մի կին էր, չներկայացավ: Ասում է գնացի մի դուռ կար, երեք տղամարդ կային, ուղարկեցին ուրիշ շենք, մի կին մոտեցավ ու ասաց, որ այդ խոսակցությունները տեխնիկական պատճառով չի ձայնագրվել, և ես գնացի իմ աշխատասենյակ ու տեղեկանք կազմեցի»:

Հայկ Ալումյանն ասաց, որ քննիչների հարցաքննությունն իրեն ավելի հավաստիացրին, որ «իրականում այդ խոսակցությունները ձայնագրվել են և հետո, երբ այնպիսի տեղեկություններ են պարունակել, որ թույլ չէին տա կոծկել գործը, այնպես են արել, որ այդ տեղեկությունները գործի մեջ չհայտնվեն»:

Դատարանին Հայկ Ալումյանը միջնորդել էր նաև ԱԱԾ-ին հարցում ուղարկել, թե այդ ի՞նչ տեխնիկական պատճառներ են եղել, որ հնարավորություն չի եղել այդ խոսակցությունները ձայնագրել: Սակայն ԱԱԾ-ն ոչ մի պատասխան չի տվել:

Դատական նիստը հետաձգվել է. հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 26-ին, ժամը 12.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. միակ ելք says:

    ՀՀ – ի բոլոր իրենց ազնիվ համարող փաստաբանները պետք է հրապարակեն մի միացյալ հայտարարություն՝ ուղղված ժողովրդին, մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ:
    – Սիրելի համաքաղաքացիներ, այսուհետ մենք դադարեցնում ենք մեր փաստաբանական գործառույթները ՀՀ դատաիրավական համակարգում՝ սույն զբաղմունքի բացահայտ անիմաստության պատճառով, հորդորելով որ ինքներդ զբաղվեք ձեր խախտված իրավունքներով, ըստ անձնական կարողությունների ու խելքի չափի!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031