Ըստ Աղասի Ենոքյանի` Հայաստանն ԵՏՄ-ին անդամակցել է ռեժիմի անվտանգության համար
«Եվրոպայի հետ համագործակցության համար շարունակում են բաց դռներ մնալ»,- մայիսի 13-ին Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի կազմակերպած փորձագիտական կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը: Կլոր սեղանի թեման էր «Հայաստան. 4 ամիս ԵՏՄ-ում անկման մեջ եւ փլուզմանն ընդառա՞ջ»:
Նա հույս հայտնեց, որ Հայաստանը ստիպված է լինելու համագործակցելու Եվրոպայի հետ, քանի որ ռուսական շուկան օբյեկտիվ պատճառներով վանում է իրենից հայ գործարարներին. «Շատ պարզ է, որ առաջինը՝ ռուբլիով են ուզելու, դա չի ստացվելու, երկրորդը՝ գնողունակության բաց կա, երրորդը՝ լավ գիտեն, որ Եվրամիության անդամ երկրները, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձելու են տարբեր հետխորհրդային երկրների միջոցով, առաջինը՝ Բելառուսի, մտնել այդ շուկա»:
Իսկ քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը անդրադարձավ այն պատճառաբանությանը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամակցում է անվտանգության նկատառումներից ելնելով. «Ես պատասխան եմ ուզում՝ ի՞նչ անվտանգության: Եթե խոսքը Ղարաբաղի մասին է, ուրեմն թո՛ղ այնպես անեն, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառի: Իմ կարծիքով՝ այստեղ ոչ թե Հայաստանի անվտանգությունն է, այլ՝ ռեժիմի անվտանգությունը: Որովհետեւ այդ ժամանակ էր, որ Պուտինի հրամանով Հայաստանում ստեղծվեց այս ընդդիմությունը՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, որը փաստորեն, ցույց էր տալիս, որ գիտե՞ս ինչ, Սե՛րժ Սարգսյան, եթե դու չես, նրանք են»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ