Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի որոշմամբ քննիչ է հեռացվել վարույթից, քննիչն էլ դիմել է դատարան

Մայիս 13,2015 19:07

Aravot.am-ի տեղեկություններով Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչին քրեական գործով քրեական դատավարությանը մասնակցելուց հեռացնելու դատախազի 31.03.2015 թվականի որոշումը պատճառաբանվել է նրանով, որ «քննիչը փորձել է ստեղծել քննչական գործողություններ կատարելու պատրանք»

Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչի կողմից այս տարվա մարտի 20-ին Սարգիս Ավագյանի անասնագոմ ապօրինի մուտք գործելու և 490.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 6 գլուխ ոչխար գողանալու դեպքի առթիվ մարտի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցվել էր քրեական գործ: Հսկողություն իրականացնող Շիրակի մարզի դատախազության դատախազ Հ. Պողոսյանի մարտի 27-ի կայացված որոշմամբ քննիչ է հեռացվել վարույթից:

Որոշումը Շիրակի մարզային քննչական վարչությունում ստացվել է 31.03.2015 թվականին: Խնդիրը, սակայն այն չէ, թե քննիչ է հեռացվել:Դա ընթացակարգ է, որի մասին հաճախ ենք տեղեկանում մենք:Խնդիրը իրավական կարգավորման մասին է: Ինչպես կարող էր բողոքարկվել:

ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը թեև ուղղակիորեն չի կարգավորում դատախազի որոշումները վերադաս դատախազին բողոքարկելու իրավական ընթացակարգը, սակայն ըստ իմ զրուցակից իրավաբանների, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կիրառման ապահովման նպատակով, հնարավոր է առարկություն:Ինչը տվյալ դեպքում արել է վարույթից հեռացված քննիչը՝ դատախազի 27.03.2015 թվականի որոշման դեմ 14.04.2015 թվականին վերադաս դատախազին բերելով իր առարկությունը:

Սակայն 30.04.2015 թվականին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ` Ա.Հարությունյանի պատասխանն այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ դատախազի վերոնշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Մինչդեռ, այդ որոշմամբ խախտվել են տվյալ անձի իրավունքները և օրինական շահերը: Իրավաբանների կարծիքով. «Քննիչին վարույթից հեռացնելը հետապնդում է առավելապես պատժիչ նպատակ: Դատախազը քննիչի կողմից թույլ տված դատավարական խախտումների կապակցությամբ արտահայտում է պարսավանք, կասկածի տակ է դրվում քննիչի մասնագիտական բարեխղճությունը,  անմեղության կանխավարկածն ու նրա արդյունավետ պաշտպանության իրավունքը»:

Սահմանադրությունը, որին հավասարապես հղում են անում կողմերը, հավասար է բոլորի համար, այսինքն, յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք: Այդ թվում եւ քննիչը:

ՀՀ սահմանադրական դատարանի 22.09.2009թ. ՍԴՈ-832 որոշման մեջ անդրադարձ կա անմեղության կանխավարկածի գործողության հարցին: ՀՀ սահմանադրական դատարանն անմեղության կանխավարկածի կիրառելիության ոլորտը պարզելու համար վերլուծել է «քրեական մեղադրանք» հասկացության վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը և հաստատել, որ անմեղության կանխավարկածը կարող է կիրառվել նաև վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների նկատմամբ: Անմեղության կանխավարկածի սկզբունքը տվյալ դեպքով տարածվում է այս մարզի քննիչին վարույթի հեռացնելու միջոցով նրան դատավարական պատասխանատվության ենթարկելու դեպքի վրա:

Մեկ այլ փակուղի էլ կար. Օրենսդրությամբ նախատեսված չէ նույնիսկ հսկողություն իրականացնող դատախազի՝ քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը վերադաս դատախազին վիճարկելու և այդ վարույթի շրջանակներում հանիրավի մեղադրանքից պաշտպանվելու իրավական ընթացակարգ: Մի դեպքում շեշտվում է անմեղության կանխավարկածի մասին,  ինչից էլ բխում է չփարատված կասկածները հօգուտ հնարավոր  հանրային իրավախախտման մեջ մեղադրվող անձի: Տվյալ դեպքում հսկող դատախազը քննիչին վարույթից հեռացնելու մասին 31.03.2015թ. որոշման մեջ օգտագործել է քննիչի մասնագիտական արժանապատվությունը ոտնահարող ձևակերպում.«քննիչը փորձել է ստեղծել քննչական գործողություններ կատարելու պատրանք» և այլն: Անկեղծ ասած, մի ձեւակերպում, որի մասին առաջին անգամ եմ հանդիպում իմ պրակտիկայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031