Սույն թվականի մայիսի 13-ին, ՀՀ Նախագահի նստավայրի առջև, ճաղավանդակների մոտ խաղաղ հավաք էին իրականացնում և իրենց բողոքն արտահայտում բանակում սպանված զինվորների ծնողները: Նրանք նախագահի աշխատակազմից պահանջում էին պատասխան ամիսներ առաջ տրված դիմումին` իրենց զավակների սպանությունների գործերի վերանայման և արդարացի քննության վերաբերյալ:
Հենց սկզբից, երբ մայրերը մոտեցան ճաղավանդակներին, ոստիկանները, մոտ 10 հոգի, նրանց ետ հրեցին և հետագա 15 րոպեների ընթացքում, պարբերաբար ուժ կիրառելով և գոռգոռալով, ստիպում էին հավաքի մասնակիցներին անցնել հանդիպակաց մայթ:
Ոստիկանները շարունակում էին հրել ցուցարարներին դեպի փողոցի երթևեկելի հատված, մայրերը չէին ցանկանում շարժվել: Այս ընդհարումը շարունակվեց որոշակի ժամանակ, մինչև ոստիկաններին հաջողվեց ստիպել ցուցարարներին լքել մայթը: Մայրերից վերջինը, ով մնացել էր մայթի վրա ոստիկանների կողմից կոպտորեն, ուժի կիրառմամբ տեղափոխվեց դիմացի մայթ:
Հավաքի մասնակիցները հայտնեցին, որ ստացել են բազմաթիվ կապտուկներ ոստիկանների հետ տեղի ունեցած ընդհարման արդյունքում:
Կարդացեք նաև
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Խաղաղ հավաքների դիտորդական խումբ