Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ալպինիստներ. «Էլբրուսը նվաճեցինք Շուշիի ազատագրման օրն ու ժամերին»

Մայիս 13,2015 17:53

Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հինգ անդամներ Ռուսաստանի իրենց գործընկերների հրավերով մասնակցել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթ Էլբրուսի գրոհին (5642 մետր) եւ եղել եզակի խմբերից մեկը շուրջ 300 մասնակիցների մեջ, որ հասել է նպատակակետին:

Վերելքը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին:

elbrus3

Այսօր «Sputnik» Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում վերելքի մասնակիցներ Էդուարդ Սարգսյանը, Մարինե Ճաղարյանը եւ Վարդան Խաչատրյանը ԶԼՄ-ների հետ կիսվեցին իրենց տպավորություններով:

Էդուարդ Սարգսյանի խոսքերով, վերելքի մասնակից ԱՊՀ ու Եվրոպայի 20 երկրներից միայն երեքին հաջողվեց հասնել գագաթ: «Մայիսի 4-ին Էլբրուսի ստորոտում գտնվող 1-ին ճամբար հասնելուն պես օդերեւութաբանները մեզ տեղեկացրին՝ ասելով, որ առաջիկա 10 օրերին եղանակային պայմանները անբարենպաստ են լինելու եւ հնարավոր չէ գագաթը գրոհել: Դա մեզ համար շատ ցավալի լուր էր: Մենք նպատակ էինք դրել անպայման մայիսի 9-ին լինել Էլբրուսի գագաթին՝ նշելու նաեւ Շուշիի ազատագրման օրը եւ պարզելու Արցախի պետական դրոշը», – ասաց Էդուարդ Սարգսյանը:

elbrus2

Նրա խոսքերով, գրոհի մասնակիցները, այնուամենայնիվ, բարձրացել են 2-րդ ճամբար (4200 մետր) եւ սկսել մարզվել: Բայց երբ հնարավոր է եղել սկսել գրոհը, իրենք սկսել են վերելքը: «Վերելքը սկսվեց մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը: Դա խորհրդանշական էր, որովհետեւ 23 տարի առաջ հենց մայիսի 8-ին են սկսվել Շուշիի ազատագրման գործողությունները: Դժվար էր, բարձրանում էինք քամու բացակայությամբ -25 աստիճանի պայմաններում, իսկ երբ քամի էր սկսվում (ժամում 70 կմ ուժգնությամբ), եղանակն ավելի էր ցրտում: Այդ ժամանակ դժվար էր ոտքի վրա մնալը: Մոտավորապես 5100 մետրի վրա ետ նայեցինք ու տեսանք, որ վերելքի մասնակիցների մեծ մասը չկար՝ իջել էին: Մենք շարունակեցինք առաջընթացը եւ ինը ժամ անց հասանք «Եվրոպայի տանիք»: Զգացողություններն աննկարագրելի են: Այնտեղ մնացինք ընդամենը 3 րոպե: Այդ ընթացքում հասցրեցինք պարզել Հայաստանի եւ Արցախի դրոշները, մի քանի կադր լուսանկարվել: Ուրախ ենք եւ հպարտ», -ասաց Էդուարդ Սարգսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են հայ ալպինիստները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031