Լրահոս
Օրվա լրահոսը

«Շորերն արյունոտ էին, ինքը այլայլված ու ցնորված էր». վկան՝ Գյումրիում կատարված սպանության մասին (Տեսանյութ)

Մայիս 13,2015 17:44

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց խորթ հոր՝ Էվիլյա Գյումուշթեքինի սպանության մեջ կասկածվող Մաքսիմ Բաքոյանի դատավարությունը:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել Գյումրու Մուշ թաղամասի ավտոտնակներից մեկում, անցած տարվա մարտ ամսին: Այս գործով ամբաստանվող 25-ամյա Մաքսիմ Բաքոյանը ազգությամբ եզդի է, որի մայրը` Մայա Բաքոյանը, երկրաշարժից հետո երկրորդ անգամ ամուսնացել էր Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Էվիլյա Գյումուշթեքինի հետ` երկու երեխաներ ունենալով: Սակայն նախորդ տարի Թուրքիայում Գյումուշթեքինի եղբայրը երեխաների աչքի առաջ սպանել էր Մայային: Մաքսիմն էլ, որը բնակվում էր Գերմանիայում, վերադառնալով Գյումրի` վրեժ էր լուծել, սպանել էր խորթ հորը: Պատմությունն այսպես են ներկայացնում Մաքսիմի հարազատները:

Այսօր դատարանը լսեց 3 վկաների, որոնք բացառապես Մաքսիմենց հարեւաններն էին: Վկաներից առաջինը՝ նրանց դիմացի շենքում բնակվող Մարինա Մուրադյանը, որը Էվիլյայի սպանության մասին լսել էր իր որդուց, ասաց. «Ես մինչեւ հիմա շշմած եմ, նրանք մեր դիմացի շենքում են ապրում, Մաքսիմին ճանաչում եմ փոքր հասակից, նրա մոտ բացարձակ ագրեսիվություն չկա, միշտ ժպտում է»:

Երկրորդ վկան՝ Սվետլանա Հարությունյանը, ներս մտնելուն պես հայտարարեց, որ ինքը ոչնչից տեղյակ չէ: Ըստ նրա, Մաքսիմը շատ լավ երեխա է, նրանից վատ բան չեն տեսել ու չեն հավատում, որ նա մարդ սպանած լինի: Վկան մի քանի անգամ կրկնեց կարծես անգիր արած իր խոսքերը, որը փոքր-ինչ հունից հանեց դատավորին. «Վկա Հարությունյան, ես ձեզ թերեւս այլ բան եմ հարցնում, ձեր ծննդյան օրը, ամիսը եւ տարեթիվը»:  Վկան զարմացած արձագանքեց ՝ վայ, էդ էլ պիտի ասե՞մ ու ասելուց հետո կրկնեց իր նախորդ խոսքերը, այսինքն` գովաբանեց ամբաստանյալին: Տիկինը անչափ շփոթված էր՝ դատավորին կրկնել էր տալիս իրեն ուղղված հարցերը:

Բավական երկար տեւեց երրորդ վկայի՝ Մարիամ Ղազարյանի հարցաքննությունը, քանի որ նա կարեւոր վկաներից մեկն էր. նրա որդին Մաքսիմի ընկերն է: Տիկինը դատարանին պատմեց, որ իրիկվա ժամին խանութներից մեկից առեւտուր անելուց հետո որդու մեքենայով վերադառնում էին տուն, ճանապարհին տեսել են Էվիլյան ընկած էր ու չեն կարողացել հասնել տուն: Հարեւանները, որոնք Մաքսիմի շուրջբոլորն են հավաքված եղել, խնդրել են նրան նստեցնել իրենց մեքենան ու հեռացնել տարածքից, որպեսզի չշարունակի գործողությունը, քանի որ Մաքսիմը գոռացել է՝ թողե՛ք, դրան վերացնեմ… Իրենք Մաքսիմին վերցրել են, բայց ճանապարհի կեսին վերջինս վատ է զգացել, նրան մեքենայից իջեցրել են ու հեռացել: «Մաքսիմի շորերը արյունոտ էր, նա շփոթված էր, շոկը տանում էր նրան»,- պատմեց Մարիամ Ղազարյանը: Դատախազը հետաքրքրվեց, թե Մաքսիմի հետ մեքենայի մեջ որեւէ խոսակցություն չի եղե՞լ, նա չի ասե՞լ, որ վրեժ էր լուծում մոր համար: Վկան ասաց, որ ոչ մի բան չի ասել, որովհետեւ ոչինչ չէր ընկալում:

Երկրորդ դատախազը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող էին անօգնական թողնել վատ վիճակում գտնվող Մաքսիմին ու հեռանալ: Վկան ասաց, որ ավելի շատ մտածել է իր որդու մասին, որ հանկարծ նրան էլ չներքաշեին սպանության մեջ:

Դատախազը հայտարարեց, որ վկայի նախաքննական ցուցմունքի եւ դատարանին տված ցուցմունքների մեջ հակասություն կա ու միջնորդեց դատարանին հրապարակել դրանք:

Նախաքննական ցուցմունքի մեջ տիկինը նշել էր, որ 2014 թվականի մարտի 15-ի երեկոյան իրենք որդու «Մերսեդես» մակնիշի մեքենայով գնացել էին 8-րդ զինվորական թաղամասում գտնվող «Բասեն» սուպերմարկետից գնումներ կատարելու: Մուշ թաղամաս վերադառնալիս դպրոցի մոտ տեսել են Էվիլյա Գյումուշթեքինին՝ արյունոտ ընկած գետնին:

Նույն պահին տեսել են Էվիլյայի կնոջ որդուն՝ Մաքսիմին, որը գոռացել է՝ թողեք, գնամ սպանեմ: Հարեւանները իրենց խնդրել են Մաքսիմին հեռացնել տարածքից, իրենք էլ նրան իջեցրել են Բուլվարային թաղամաս: Մեքենայի մեջ Մաքսիմն ասել է, որ վրեժ է լուծել մոր սպանության համար:

Հրապարակվեց նաեւ այս վկայի առերես հարցաքննությունը Մաքսիմ Բաքոյանի հետ, որտեղ տիկինը դարձյալ ներկայացնում է, որ տեսել է Էվոյին գետին ընկած, բայց վերջինս շարժվում էր, ուզում էր թեքվել, իսկ «գարաժների» մոտ տեսել է Մաքսիմին: Հարեւանները, ըստ վկայի ցուցմունքի, փորձել են նրան հետ պահել, բայց վերջինս չի ենթարկվել, գժի նման գոռացել է՝ թողեք, թողեք…

Նրան հարեւանները զոռով նստեցրել են իրենց մեքենան, որտեղ ինքը Մաքսիմին հարցրել է՝ ի՞նչ պիտի լինի տղա ջան, վերջինս էլ պատասխանել է՝հեչ: Տիկինը իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ ինքը Մաքսիմի մոտ դանակ չի տեսել, նա այլայլված էր ու ցնորված: Մինչդեռ վկան դատարանում պնդում էր, որ ինքը չի լսել, թե Մաքսիմը գոռում էր՝ թողեք սպանեմ Էվիլյային, բացի այդ, դատարանում հայտարարում էր, որ մեքենայի մեջ ոչ մի զրույց չի ծավալվել Մաքսիմի հետ: Դատախազն ու դատավորը տիկնոջից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է դատարանում հերքում կատարվածը, ըստ իրեն, այդպես պատմելով Մաքսիմը կազատվի՞, չի դատապարտվի՞: Տիկինը պատասխան չուներ:

Նշենք, որ այս գործով բավական մեծ թվով վկաներ կան, դատավորը հայտնեց, որ 9 հոգու ուղարկված ծանուցագրերը հետ են եկել, քանի որ նրանք տեղում չեն: Մնացածին պատշաճ ծանուցվել է: Դատարանը որոշեց 4 հոգու բերման ենթարկել, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին էլ հարցում ուղարկել՝ ճշտելու, թե արդյո՞ք մյուս վկաները փոխել են իրենց բնակության հասցեն:

Դատը հետաձգվեց՝ նշանակվելով մայիսի 27-ին, ժամը 12.30-ին:

Maxim dat 5 Maxim dat 4 Maxim dat 2 Maxim dat

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031