Մայիսի 13-ին կայացավ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի առաջին հանդիպումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործունեությունը, որի անդամ է նաև ՏԿԱԻ նախարարությունը, «911» ծառայություն ստացվող ահազանգերը, որոնք վերաբերում են երեխաների նկատմամբ բռնության կիրառմանը: Նախարար Երիցյանը նշեց, որ համապատասխան ահազանգերի ստացման դեպքում «911» ծառայության աշխատակիցներն անմիջապես կապ են հաստատում ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ, որն էլ արդեն իրականացնում է հետագա գործողությունները: Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունն այն եզակի պետություններից է, որտեղ երեխաների հանդեպ բռնության մակարդակը բավականին ցածր է, իսկ դպրոցական թմրամոլությունը գրեթե իսպառ բացակայում է:
Որպես երեխաների իրավունքների ոտնահարման կանխարգելիչ մեթոդ՝ կողմերը կարևորեցին դպրոցներում համապատասխան իրազեկման աշխատանքների իրականցումը: ՏԿԱԻ նախարարը շեշտեց, որ մարզպետարաններին կից գործում են երեխանների պաշտպանության հանձնաժողովներ, որոնք ակտիվորեն զբաղվում են այդ հարցով, և երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրը մշտապես ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է:
Քննարկվեցին նաև ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող երեխաների խնդիրները:
Կարդացեք նաև
Մոդ դը Բոյեր-Բուքիքյոն այցի շրջանակներում նախատեսում է հանդիպումներ ունենալ նաև Վանաձորի և Գյումրիի քաղաքապետերի ու անչափահասների հարցերով զբաղվող դատախազների հետ:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն