Լրահոս
Օրվա լրահոսը

Հղիների նախածննդյան բուժօգնության և խնամքի բարելավման նոր ծրագիր

Մայիս 13,2015 17:32

Երևանի կանանց կոնսուլտացիաների վարիչների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քննարկվեցին հղիների նախածննդյան հսկողության բարելավմանն ուղղված հարցեր։

Անդրադառնալով ծնելիության և բնական աճի բարձրացման հիմնախնդրին Հայաստանում` ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը կարևորեց յուրաքանչյուր հղիության բարեհաջող ելքի ապահովումը։ Նախածննդյան հսկողության և խնամքի գործընթացում ընդգծեց հատկապես ռիսկի խմբի հղիների մոտ բարդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ապահովումը։

«Մեր երկրում տարեկան 800-850 երեխա ծնվում է զարգացման արատներով։ Սա ոչ միայն այդ ընտանիքների համար հոգեբանական ու սոցիալական լուրջ խնդիր է, այլև տնտեսական մեծ բեռ պետության համար»,-ասաց Ռազմիկ Աբրահամյանը` կանանց կոնսուլտացիաների վարիչներին հորդորելով տեղերում առավել մեծ ուշադրություն դարձնել հաստատված չափորոշիչներով սահմանված ժամկետներում պտղի ներարգանդային վիճակի գնահատմանը, ախտորոշված շեղումների դեպքում ժամանակին բուժօգնության կազմակերպմանը։

Պտղի զարգացման արատների կանխարգելման քննարկման ժամանակ գինեկոլոգները մասնագիտական շատ հարցերի պատասխաններ ստացան։

Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը տեղեկացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված, «Արագիլ» և «Ջինիշյան հիշատակի» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող նոր ծրագրով կկազմակերպվի ոչ միայն ծառայություն մատուցող մասնագետների ուսուցում, այլև հղիների նախածննդյան հետազոտման բարելավում։ Ծրագրի շրջանակում ժամանակակից սարքավորումներով կհագեցվեն Երևանի և մարզերի նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունները։

«Մեր ամենօրյա ուշադիր աշխատանքով, բարձր պրոֆեսիոնալիզմով մենք պետք է կարողանանք այնպես անել, որ առողջ և կենսունակ երեխաներ ծնվեն»,-ասաց գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը։

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել