Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն»

Մայիս 13,2015 16:49

Ինչպես հանրակրթական դպրոցների աշակերտները, այնպես էլ մարդու իրավունքներով և Սահմանադրությամբ հետաքրքրվող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, «Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն» նոր խաղի միջոցով հնարավորություն կունենա ծանոթանալու ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ-ում առկա օրենքներին, բանակում գործող օրենսդրական կարգին ու իրավական կանոնակարգերին, ճանաչելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր իրավունքները:

ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, «Dasaran» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության համատեղ մշակած «Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն» կրթական նոր խաղի մեկնարկը տրվեց այսօր՝ Ստեփան Զորյանի անվան համար 56 դպրոցում:

«Խաղն ստեղծված է աշակերտների և ՀՀ քաղաքացիների համար. այն միտված է ավելի լավ քաղաքացի և մարդ դաստիարակելուն: Չէ՞ որ սեփական իրավունքները ճանաչող քաղաքացին պետության հիմնաքարն է»,- ընդգծեց «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը:

Նրա փոխանցմամբ՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս խաղի պարագայում մեծապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը, որն առավել հզոր ազդակ կդառնա այդ նույն տեխնոլոգիաների նպատակային օգտագործման և, միևնույն ժամանակ, տեղեկատվության ընդլայնման համար:

«Դեսպան լինելու առավելություններից մեկն էլ այն է, որ կարողանում ես դուրս գալ սենյակիցդ ու շփվել քաղաքացիների, հատկապես երեխաների հետ,- նկատեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:- Այսօր ես խոսեցի հայ երեխաների հետ ու, անկեղծ ասած, մի տեսակ ընկճվեցի՝ տեսնելով, թե փոքրիկներն ինչքան լավ են կարողանում օգտվել համակարգչից: Այդ երեխաները Հայաստանի ապագան են: Իսկ այդ ապագան շատ բաներով կախված է նրանից, թե որքանով են նրանք տեղյակ իրենց իրավունքներին ու պարտականություններին: Կարծում եմ՝ այս աշխատանքը մեծապես կնպաստի, որ հայ աշակերտներն այդ առումով ավելի իրազեկված լինեն»:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս խաղի և՛ կազմակերպումը, և՛ ընթացքն օգտակար են յուրաքանչյուր զինվորի համար: «Կարելի է ասել՝ բոլորի սրտից է բխում այսպիսի խաղը. մարդու իրավունքներին տիրապետելը միշտ էլ գերակա խնդիր է եղել: Յուրաքանչյուր զինվոր անհատականություն է, որից և կախված է բանակի ծառայությունը»,- ասաց Ս. Օհանյանը:

Նշենք, որ «Ես գիտեմ…» ինտելեկտուալ-կրթական խաղը բաղկացած է 5 հիմնական բաժիններից՝ ՀՀ սահմանադրական իրավունք, ՀՀ ՄԻՊ-ի մասին օրենքներ, ՀՀ օրենքներ երեխայի իրավունքների մասին, ՀՀ զինվորական օրենսդրություն, ՀՀ քրեական օրենսգիրք:

Ի թիվս «Dasaran» կրթական ծրագրի մշակած 42 խաղի՝ այս խաղի ստեղծման հիմքում ևս այն համոզմունքն է, որ խաղային տարբերակով ուսուցումը կրթական գործընթացը կդարձնի առավել հետաքրքիր և հաճելի, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտակից և կիրթ սերունդ ունենալուն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031