Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ՄԻԵԴ վճռի կատարման վերջին օրն է, բայց կառավարությունը վաղն է որոշելու գումար հատկացնել

Մայիս 13,2015 16:45

Հերթական անգամ ՀՀ դատավորների անօրինական վճիռների պատճառով հարկատուներիս հաշվին կառավարությունը Եվրադատարանի վճռով պետք է միլիոնների գումար փոխհատուցի մեր քաղաքացիներին: Վաղը կառավարության նիստում արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանից 160 հազար եվրո կուզի` իրացման գոտու երեք բնակիչներին պատճառած վնասի դիմաց փոխհատուցելու համար:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Բուզանդի փողոցի այս երեք բնակիչների նկատմամբ ՀՀ դատարանները անօրինական վճիռներ են կայացրել, ինչի պատճառով էլ մարդիկ, հանուն գերակա շահի, հայտնվել են փողոցում` առանց պատշաճ փոխհատուցման:

Եվրադատարանը լսելով «Ղարիբյանը եւ այլոք  ընդդեմ Հայաստանի» թիվ 19940/05, «Բաղդասարյանը եւ Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» թիվ 43242/05, «Ղասաբյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» թիվ 23566/05 գանգատներով գործերը, 2014 թվականի նոյեմբերի 13-ի վճռել է հօգուտ իրացման գոտու բնակիչների` Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնել Ղարիբյաններին վճարել 52 հազար եվրո, Բաղդասարյանին 44 հազար եվրո, Ղասաբյանին` 64 հազար եվրո:

Եվրադատարանի սահմանած ժամկետով այսօր վճռի կատարման, այսինքն` գումարը վերոնշյալ քաղաքացիներին վճարելու վերջին օրն էր, սակայն չգիտես ինչու կառավարությունը վաղն է նիստի օրակարգ ընդգրկել պարտավորությունը կատարելու մասին Եվրադատարանի որոշումը:

Նշենք, որ նույն դատարանի վճռում նշված է, որ, եթե եռամսյա ժամկետում ՀՀ-ն չկատարի իր պարտավորությունը, ապա յուրաքանչյուր ուշացրած օրվա համար պետք է տույժեր վճարի:

Սեդրակ Բաղդասարյան

Սեդրակ Բաղդասարյան

«Կառավարությունը երեք ամսվա մեջ ի՞նչ էր անում, չէ՞ր կարող այս ընթացքում դներ նիստի, որ մի բան էլ տույժեր չվճարեր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, որը փոխհատուցվող քաղաքացիներից մեկն է: Նրա խոսքերով, անցյալ շաբաթ իրենց հրավիրել են արդարադատության նախարարություն, հաշվեհամար ուզել, որ գումարը փոխանցեն:

Նկատենք, որ հետաքրքիր զուգադիպությամբ, այսօր վարչապետից գումար է ուզում արդարադատության այն նախարարը` Հովհաննես Մանուկյանը, որն այդ տարիներին եղել է Վճռաբեկ դատարանի նախագահը եւ որի օրոք էլ առաջին ատյանից մինչեւ վճռաբեկ կայացվել են այդ հակաօրինական վճիռները:

Իսկ թե արդարադատության նախարարությո՞ւնն է հարցը ուշ ներկայացրել կառավարություն, որ մի բան էլ քաղաքացիներին վճարումը ուշացնելու պատճառով պետք է կրկին հարկատուներիս հաշվին տույժ ու տուգանք վճարվի, թե՞ կառավարության մեղքով հարցը ուշացրել են նիստի օրակարգ մտցնել, այս հարցերին, արդարադատության նախարարությունից Aravot.am-ի հետ զրույցում ասացին`

«Կառավարության որոշումը մշակվել է իրավական ակտերի համար նախատեսված կանոններով, նախագծերը կառավարության նիստի օրակարգում ներառվում են սահմանված ընթացակարգերին համապատասխան»:
Իսկ թե ինչո՞ւ են այդ ընթացակարգերը սահմանվում այնպես, որ կրկին պետբյուջեի միջոցներին են հարվածում պարզ չէ:

Ի դեպ, իրացման գոտու բնակիչների նկատմամբ դատավորների կայացրած սխալ վճիռների պատճառով մինչ օրս արդեն 10-12 հայց է լսվել Եվրադատարանում, ինչի արդյունքում, ընդհանուր առմամբ, ՀՀ պետբյուջեից 700 հազար դոլար է վճարվել տուժած քաղաքացիներին, որոնք 7-10 տարի Եվրադատարանի վճռին սպասելիս նյարդեր, գումարներ ու առողջություն են կորցրել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031