Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը` հանցագործ իշխանավորների մասին. «Ասեմ մարզպետ, դուք պատկերացրեք…» (Տեսանյութ)

Մայիս 13,2015 16:35

«Հարձակում կատարած գործիքի կողքին այստեղ պիտի նստած լինեին նրա պատվիրատուները»,-դատական նիստերում դահլիճում հնչեցրած իր հայտարարությամբ բարձրաձայնեց ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա իր դեմ կատարվածը որակեց՝ որպես «քաղաքական պատվեր քաղաքական գործունեության համար»: Ու մտահոգություն հայտնեց, որ նախաքննությունը հաշվի չառավ այն անուններն ու փաստերը, որոնք այս առիթով հնչել են խորհրդարանում:

Ըստ նրա` այն քաղաքական ուժը ներկայացնող պաշտոնյաները, որոնց կասկածում է, իրենց ելույթներում դա հստակ արտահայտված է:

Արամ Մանուկյանը ամբաստանյալ Արշակ Սվազյանին չի դիտարկում որպես դատական կողմ ու նշում. «Քրեական գործով և դատական քննությամբ որպես մեղադրյալ ներգրավված կամակատարը ավելին չէ, քան մի կամազուրկ գործիք պատվերով գործող ռեժիմի և նրան ստորաքարշորեն ծառայող հանցագործների ձեռքում: Հարձակում կատարած գործիքի կողքին պիտի նստած լինեին նրա պատվիրատուները»:

Արամ Մանուկյանը դատարանի ամբիոնից հիշեցրեց Աշոտ Մանուկյանի, Աշոտ Փանոսյանի, Տիգրան Առաքելյանի դեպքը, Վոլոդյա Ավետիսյանի «խայտառակ» գործերը ու հայտարարեց. «Հիմա էլ վարձկան, հայրենասեր, բաշիբոզուկների միջոցով գաղտագողի, անակնկալ, թիկունքից հարվածող, փախչող, վախկոտի հոգեբանութամբ, հիմա էլ ահաբեկիչն ու պարտակողը հանցագործություն կատարողն ու պատվիրողը ձեռք ձեռքի են տվել, վստահ, որ արդարադատության համակարգը իրենց չի պատժի, քանի որ իրենց ձեռքում է ու չի ցանկանում, որ նշված դատավորն էլ համալրի արդարադատության առաջ մեղանչածների ցուցակը»:

Արամ Մանուկյանը նշեց, որ մեր երկրի խնդիրն այն է, որ հանցագործներն իշխանության մեջ են. «Կարող եմ ասել պաշտոններ. բոլորիդ մտքով կանցնի ում մասին է, որոնք որպես հանցագործ այսօր իշխանության են: Մարզպետ ասեմ, պատկերացրեք, նախարար ասեմ, պատկերացրեք, պատգամավոր ասեմ, պատկերացրեք, դեսպան ասեմ, պատկերացրեք, որոնք կարևոր պաշտոններ են զբաղեցնում»:

Արամ Մանուկյանը նշեց, որ այս գործով դատավորը ընտրության հնարավորություն ունի. «Մի դեպքում պարոն դատավոր, Դուք իշխանության առաջ եք բաց ճակատ դուրս գալու, մյուս դեպքում ընկերների, միջավայրի, խղճի և արդարադատության: Բարդ է լինելու Ձեր ընտրությունը, կուզեի, որ ընտրություն կատարեք դեպի երկարաժամկետ լուծում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031