«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը, անդամներ Արման Վեզիրյանը, Թերեզա Կարապետյանը, փաստաբան Գայանե Խաչատրյանը անդրադարձան «Նուբարաշեն«» քրեակատարողական հիմնարկի կարանտինային թիվ 7 խցում գտնվող Հրաչյա Գեւորգյանի քրեական գործին, քրեակատարողական հիմնարկներում ոչ պատշաճ բժշկական օգնության ցուցաբերման խնդրին,
Հրաչյա Գեւորգյանը մեղադրվում է մարդու առեւանգման, շորթմամբ գումար պահանջելու մեջ: Մինչ գործը դատարան ուղարկելն առաջադրվել է նաեւ բռնաբարության, անառակաբարո գործողությունների հոդված, որը հանվել է: Քաղաքացիական կնոջ նկատմամբ էր: Դատավարությունը շարունակվում է:
Ասուլիսի հրատապությունը պայմանավորված է Հրաչյայի առողջության հետ, որը ըստ Թերեզա Կարապետյանի՝ «գտնվում է բավական ծանր վիճակում»: Իրավապաշտպան կազմակերպությունը այս գործով զբաղվում է 2012 թվականից: Գայանե Խաչատրյանն ասաց, որ այսօրվա ասուլիսի մասին հայտարարությունը տեղադրվել էր իրենց ֆեյսբուքյան էջում, ցավոք փաստաբանները, որոնք առանձին խոստացել էին մասնակցել, ներկա չեն:
Նրանք նույնպես ունեն հիվանդ պաշտպանյալներ, նույնպես հարկ չէին համարել բարձրաձայնել դատապարտյալների բուժման հետ կապված խնդրի մասին:
Կարդացեք նաև
Արման Վեզիրյանը կալանավայրերի վրա վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ է: Նա ասաց, որ Հրաչյա Գեւորգյանի կյանքին վտանգ է սպառնում: «Նա փետրվարի 16-ին վատացել է: Փետրվարի 25-ին տեղափոխվել է հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ ախտորոշվել է սուր շնչառական ուղիների արգելափակում: Նրա մոտ վիճակը վատացել է կրկնակի հաջորդ օրը, ըստ բաժնի վարիչ Ա. Ղազարյանի, նրան միացրել են արհեստական շնչառություն: Կալանավորն այդ օրվանից կորցրել է խոսելու ունակությունը, չի կարող քայլել: Դրանից հետո տաս-տասնհինգ օր հետո տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Այնտեղ չի ստացել ոչ մի բուժում: Արգելվել է նրա մոտ փաստաբանի մուտքը, որովհետեւ նա չի կարող քայլել, ինքը չի կարող գալ, իսկ փաստաբանին էլ ներս չի կարելի գնալ»,-ասաց Ա. Վեզիրյանը:
Փաստաբանը կարողացել է հասնել նրան, որ սայլակով բերել են Հրաչյային:
Իրավապաշտպանը հայտնեց, որ կալանավայրերի վարչության բուժհանձնաժողովը կայացրել է որոշում, համաձայն որի, Հրաչյա Գեւորգյանն առողջ է՝ տեղափոխելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ի դեպ, բացի ՄԻՊ-ին դիմելուց, իրավապաշտպանները դիմել են ՔԿՀՎ-ի «Թեժ գծին». «Գծից մեզ պատասխանեցին, որ Հրաչյա Գեւորգյանը սիմուլյացիա է անում»: Aravot.am-ի հարցին, թե սիմուլյացիայի մասին հայտնվածը բանավո՞ր է ասվել, դիտորդն ասաց. «Դա բանավոր ինձ ասել է «Թեժ գծի» պատասխանատուն: Անունը չեմ ուզում ասել: Չնայած օրերս ստացել ենք պատասխան կալանավայրերի վարչությունից, որ մի շարք ստուգումների են իրեն ենթարկել, մենք չենք ասում, չեն ստուգում, մենք ասում ենք՝ չեն բուժել: Նա պատճառ էլ չունի սիմուլյացիա անելու: Ինքը չի ուզում դատապարտյալների հիվանդանոց վերադառնալ: Վախենում է: Քանի որ հայտարարություն է տվել, թե իրեն թույնել են»:
Դիտորդը փորձել է նրա դիմումի համաձայն հանդիպել, սպասել է ժամուկես, սակայն աշխատակիցը հայտնել է, որ Հրաչյան չի կարող քայլել:
Դիտորդի հետ եղել են այլ դիտորդներ էլ, որոնք կրկին հանդիպելու են: Սակայն մայիսի 20-ին կալանավորը պետք է ներկայանա դատարան իր գործով, թե կարողանա, թե ինչպես կբերեն, դեռ անհայտ է:
Միքայել Դանիելյանի գնահատմամբ էլ. «Բոլոր այն տղաները, ավտարիտետ տղաներ, իրենց թաղամասերում, որոնք չեն համագործակցում իշխանությունների հետ, ընտրությունների ժամանակ, իրենք փորձում են պահել բանտում: Տարբեր-տարբեր անհիմն մեղադրանքներով՝ թմրանյութեր վաճառելուց սկսած՝ մինչ բռնաբարություն: Հրաչյա Գեւորգյանն այդ ձեւի մարդկանցից է, որը չի ուզել տարբեր ժամանակներում համագործակցել իշխանությունների հետ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ