Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթի գնից մինչեւ տրակտորի «բոլտերի» մաքսազերծում. Նաիրա Զոհրաբյանը՝ գյուղնախարարի հետ հանդիպման մասին

Մայիս 13,2015 15:07

Ինչպես տեղեկացրել էինք, ԲՀԿ-ն որոշել է կառավարության անդամների եւ այլ գերատեսչությունների ղեկավարների հետ՝ քննարկել հասարակությանը հուզող խնդիրներ: Այսօր արդեն կայցել է առաջին հանդիպումը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ:

Հանդիպումից հետո ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց, թե մասնավորապես ինչ հարցեր են քննարկել եւ ինչ է պատասխանել նախարարը. «Վերջին շրջանում կառավարության հետ հարցուպատասխանները վերածվում են տարօրինակ միջոցառման, ժամանակը խլում են նախապես պայմանավորված գրավոր հարցերը: Նույնիսկ պարզագույն հարցերը պատգամավորները հարկ են համարում հնչեցնել: Տպավորություն է, որ խնդիր են դրել թույլ չտալ, որ մյուս խմբակցությունների պատգամավորները եւս կարողանան հնչեցնել լրջագույն հարցեր, որոնք հուզում են հանրությանը»:

Շուտով բյուջեի քննարկումներ են եւ նաեւ դա է պատճառը, որ ԲՀԿ-ն հանդիպումներ է կազմակերպում նախարարների հետ:

Թե ինչու են առաջինը հրավիրել գյուղնախարարին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գյուղատնտեսական սեզոն է սկսվում եւ բազմաթիվ խնդիրներ կան. «Գյուղացիական վարկերի սուբսիդավորման հարցը քննարկվեց, սննդի անվտանգության խնդիրը, որն այսօր լրջագույն խնդիր է: Քննարկվեց հակակարկտային կայանների հարցը, որովհետեւ ունենք մարզեր՝ Լոռին, որտեղ ուղղակիորեն անհրաժեշտություն են այդ կայանները: Այնտեղ կամ քիչ են կամ չկան»:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հարցը, ԲՀԿ պատգամավորները առաջարկներ են ներկայացրել նախարարին:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քննարկվել է թվում է պարզ, բայց շատ կարեւոր մի խնդիր եւս՝ կաթի գնի խնդիրը. «Կաթի գինը սեզոնի հետ կապված տատանվում է: Մենք գիտենք, որ Ուկրաինայից ներկրվում է շատ էժան կաթի փոշի, եւ մեր կաթարտադրողները, որոնք ունեն որակյալ արտադրանք, չեն կարողանում դիմանալ մրցակցությանը: Քննարկվեց ստեղծել կաթարտադրողների ընկերակցություն, որը կկարողանա զբաղվել գնային քաղաքականությամբ»:

Հանդիպմանը արծարծվել է նաեւ գյուղմթերքի մթերման խնդիրը. «Գիտենք, որ բազմաթիվ կազմակերպություններ հայտարարել են, որ իրենք նախկին ծավալներով չեն կարողանալու մթերել ծիրան, լոլիկ, խաղող եւ այլն: Սա լրջագույն խնդիր է: Երբ ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներ կիրառվեցին, մեր շատ տնտեսագետներ կանխատեսումներ էին անում, որ սա ՀՀ-ի համար շահեկան դաշտ է, որ կարողանանք մեր գյուղատնտեսական ապրանքները արտահանենք ՌԴ, բայց իրականությունը քիչ այլ է: Քննարկվեց, թե ինչպես կարող ենք այդ հնարավորությունն օգտագործել: Նախարարը որ հարցերին կարող էր, տվեց պատասխաններ: Հարցերը, որոնք իր վերահսկողության տակ չեն, մենք կբարձրացնենք վարչապետի առջեւ, կներկայացնենք օրենսդրական նախաձեռնություններ»:

Ի թիվս այս եւ այլ հարցերի, ԲՀԿ-ն նախարարից հետաքրքրվել է, թե ինչու են գյուղատնտեսական տեխնիկան, օրինակ, տրակտորը, որը ներկրվում է, մաքսակետում բաժանվում է դետալների եւ մաքսազերծվում հատվածաբար. «Բոլտերը, առանձին ինչ-որ հատվածական-հատվածական սկսում են հարկվել: Համենայնդեպս, այդպիսի տեղեկատվություն ունենք ստացած մեր բազմաթիվ քաղաքացիներից եւ այդ հարցերի հասցեատերը գյուղնախարարը չէր: Մենք կփորձենք դրանք պարզաբանել ֆինանսների նախարարի հետ, ոչ թե փոխնախարարների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031