Այսօր դատական նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին հարվածող, ամբաստանյալ Արշակ Սվազյանը հրաժարվեց
ցուցմունք տալ: Մեղադրող դատախազ Գագիկ Խաչատրյանը միջնորդություն ներկայացրեց, որ դատարանում հրապարակվեն նրա նախաքննական ցուցմունքները: Միջնորդությունը բավարարվեց:
Նախաքննական ցուցմունքների համաձայն`Արշակ Սվազյանը ընդունում է, որ դիտավորությամբ է կատարել գործը և չի զղջում: Համաձայն ցուցմունքի` Արշակ Սվազյանը մանկուց հայրենասեր է եղել և մասնակցել ղարաբաղյան պատերազմին: Նա Սերժ Սարգսյանին «մեծ եղբայր է» կոչում և նշում. «Փոքրուց անձամբ ճանաչել ու շփվել եմ նախագահի հետ, անձնական համակրանք ունեմ նրա նկատմամբ, նա կարծես մեծ եղբայր լինի: Որպես հայրենասեր`ամեն օր նայում էի լուրերը, լսում էի, որ ընդդիմադիրները չեն գնահատում նրա արած գործերը ու նրա հասցեին ոչ վայել խոսքեր ասում: Դեկտեմբերի սկզբին տեսա, որ Արամ Մանուկյանը հայհոյանք է տալիս իմ հրամանատարի հասցեին: Այլազգիներ էլ կային, ու ինձ ձեռ առնելով ասում էին, թե ձեր երկրում ձեր հրամանատարին չեն սիրում, մենք քեզ ինչու պիտի պահենք: Մեջս մուռ պահեցի, որ Արամ Մանուկյանի բերանին նրա քֆուրի համար տամ, որ երկրորդ անգամ նման քֆուր չտա»:
Կարդացեք նաև
Ամբաստանյալի պաշտպան Լիանա Բալյանը միջնորդեց, որպեսզի հրապարակվի նաև այն տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչ է ասել Արամ Մանուկյանը Սերժ Սարգսյանի հասցեին, քանի որ դատարանի դահլիճում ժխտել է, թե հայհոյել է Սերժ Սարգսյանին: Միջնորդությունը բավարարվեց: Դատարանն ավարտեց դատաքննությունը: Անցում կատարեց դատական վիճաբանությունների փուլին: Նիստը հետաձգվեց: Մեղադրող դատախազն իր մեղադրական ճառը կկարդա հունիսի 1-ին, ժամը 12.00-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ