Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Եղիազարյան. «ԵՏՄ-ն անհաջող ավարտ է ունեցել Աստանայում»

Մայիս 13,2015 14:40

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը մայիսի 13-ին «Հայաստան. 4 միս ԵՏՄ-ում անկման մեջ եւ փլուզմանն ընդառա՞ջ» թեմայով փորձագիտական կլոր սեղան էր կազմակերպել:

Կլոր սեղանի բանախոսներն էին տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը եւ քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

Աշոտ Եղիազարյանը իր խոսքում ասաց, որ Եվրասիական տնտեսական միությունը այն նախագծերից է, որով Ռուսաստանը Խորհրդային միության փլուզումից հետո ցանկանում է ինտեգրացիոն գործընթացներ սկսել հետխորհրդային տարածաշրջանում. «Սակայն բոլոր նախագծերի ավարտը հաջող չի եղել, այս հերթական փորձը կարծում ենք անհաջող ավարտ է ունեցել Աստանայում: Ուկրաինական իրադարձություններից հետո, երբ Արեւմուտքը պատժամիջոցներ իրականացրեց Ռուսաստանի վրա՝ որպես ագրեսորի,  պարզ դարձավ, որ Ուկրաինան չի գտնվի այդ եվրասիական նախագծում»:

Տնտեսագետը համարում է, որ առանց Ուկրաինայի գիտատեխնոլոգիական արդյունաբերական ներուժի՝ Ռուսաստանն ի վիճակի չէ միայնակ իր շուրջը համախմբել հետխորհրդային երկրներին: Նրա կարծիքով՝ այդ իրադարձությունները հանգեցրեցին նաեւ նրան, որ Բելառուսը եւ Ղազախստանը, որոնք ցանկություն էին հայտնել անդամակցել միությանը, հասկացան, որ այդ ինտեգրացիոն միությունն ապագա չունի. «Ռուսաստանը ստիպված եղավ փոխել իր դիրքորոշումը, ծրագրերը: Ռուսաստանը փաստացի փորձեց ֆորմալ առումով արագացնել Եվրասիական տնտեսական միության ստեղծումը, այսինքն՝ Մաքսային միությունից դեռ չանցած ընդհանուր շուկայի, ստեղծվեց Եվրասիական տնտեսական միության ստեղծումը. Ռուսաստանը առաջ է քաշում մեկ պետության ստեղծման գաղափարը»:

Ըստ Աշոտ Եղիազարյանի՝ Աստանայում տեղի ունեցած հանդիպումը ցույց տվեց, որ Եվրասիական տնտեսական միությունը գոյություն չունի, քանի որ այն տնտեսական ինտեգրման մի մակարդակ է, որը ենթադրում է միասնական քաղաքականություն տնտեսության մի շարք ոլորտներում. «Այդ ամենը գոյություն չունի, այդ ամենը պայմանագրից դուրս մնաց: Պայմանագրից դուրս մնացին նաեւ այնպիսի կարեւոր հարցերի կարգավորման վերաբերյալ դրույթներ, ինչպիսիք են ընդհանուր քաղաքացիությունը, արտաքին եւ ռազմատեխնիկական քաղաքականությունը, սահմանների ընդհանուր պահպանումը, ընդհանուր խորհրդարանի գաղափարը, ընդհանուր անձնագրային ռեժիմը եւ այլ կետեր, որոնք այդ պայմանագիրը զրկեցին տնտեսական միությանը բնորոշ բնութագրից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031