Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն առաջնորդվում է գովազդային փուչիկներով եւ ֆանտաստիկ պահանջներ է ներկայացնում. քննարկում ԱԺ-ում

Մայիս 13,2015 14:17

«Ռազմական ոլորտում անկախ փորձագետների բացակայություն կա: Այլ երկրներում անկախ փորձագետներ են դառնում կա՛մ նախկին զինվորականներ, կա՛մ ռազմարդյունաբերությունում աշխատած մարդիկ: Կան մարդիկ, որոնց համար դա հոբբի է եղել եւ լուրջ մասնագետ են արդեն դարձել: ՀՀ-ում փաստացի 25 տարի պատերազմական իրավիճակում ենք, բայց անկախ փորձագիտական համակարգը այդպես էլ չի ձեւավորվել»,- այսօր ԱԺ-ում Զինված ուժերում նորարարական տեխնոլոգիաների օգտագործման մասին խորհրդարանական լսումների ժամանակ այսպիսի դիտարկում արեց «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Վրթանեսյանը:

Նա ասաց, որ այդ դաշտում գործող մի քանի անուններ կան, բոլորն էլ ՊՆ աշխատակիցներ են եւ դժվար է իրենց անկախ փորձագետ համարել. «Պրոֆեսիոնալ կադրային զինվորականները չեն էլ սիրում այդ անկախ փորձագետներին՝ համարելով դիլետանտ: Բայց անկախ փորձագետները խիստ անհրաժեշտ են, որ բանակի շուրջ ծավալվող էմոցիոնալ եւ թեժ քննարկումները հուզական հարթությունից տեղափոխեն իրատեսական, կառուցողական հարթություն, ոչ թե զուտ խոսեն, անցնեն, իրար վիրավորեն եւ անցնի գնա: Շատ են խոսում սահմանագծում ժամանակակից սարքավորման կիրառման հարցի շուրջ: Ես շատ էմոցիոնալ քննարկումներ եմ տեսել: Ցավոք, առ այսօր չեմ տեսել այդ սարքերի վերաբերյալ սթափ, մասնագիտական վերլուծություն»:

Նա հայտարարեց, որ երբեմն ՊՆ-ն առաջնորդվում է այս կամ այն գովազդային փուչիկներով, որոնք ներկայացվում են արտասահմանյան սարքերի վերաբերյալ. «Եվ դրա արդյունքում անիրատեսական, ֆանտաստիկ պահանջներ է ներկայացնում արտադրողին: Պրակտիկայում եղել է, որ ամիսներ ծախսվեցին, բավականին լուրջ միջոցներ ծախսվեցին, որ հաշվարկներ արվի, թե այդպիսի ֆանտաստիկ սարք հնարավո՞ր է ունենալ, պարզվեց՝ հնարավոր է, բայց անիմաստ է: Հետո չինական սարքավորում գնեցին՝ արդեն պատրաստի՝ ժամանակ չծախսելու համար»:

ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը պարզաբանեց, որ եթե չինական սարքը թեկուզ 1 դրամ էժան է, իրենք, ըստ օրենքի, իրավունք չունեն թանկը գնել, դրա համար էլ գնել են չինականը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանն էլ ասաց. «Մենք էշի կաշկա չենք կարողանում ապահովել, բայց «Մերսեդես» արտադրողի կոնցեպտ ենք ուզում ունենալ: Իրար վրա ֆռռալով ռազմարդյունաբերություն չի լինի զարգացնել: Պետք է գնահատենք, թե ինչ ունենք, ունենք 500 տեխնոլոգիական ձեռնարկություններ, որոնցից մի քանիսը լուրջ ռազմական տեխնոլոգիա կարող են դառնան՝ 70-ն են: Այդ բոլոր ձեռնարկությունները գիտահետազոտական են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031