Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակի «փուչիկն ու բլեֆը». ԱԺ-ում բացահայտում են պատճառներ, թե ինչու ենք բանակում զոհեր ունենում

Մայիս 13,2015 13:26

Այսօր բանակի խնդիրների, «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումներ էր կազմակերպվել:

Թեժ քննարկում սկսվեց, երբ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը ներկայացրեց մեր բանակի հետ համագործակցության, իր գնահատմամբ՝ «անհաջողության պատմությունը, փուչիկն ու բլեֆը»:

Կարեն Վարդանյան

Կարեն Վարդանյան

Նա իր դիտարկումները ներկայացրեց, թե ինչու ենք առաջնագծում այդքան զոհ ունենում, որը հնարավոր է կանխել, բայց չի արվում. «Նախարարի կողմից մեծ աջակցություն կար, 4 տարի առաջ սկսեցինք համագործակցել: Նախարարը մեզ խնդիրներ առաջադրեց, որ մասնավորապես կողմնորոշվենք լավ ու վատ առաջարկությունների մեջ: Նախարարի հրաման եղավ, դրա համաձայն՝ բոլոր վարչությունների հետ մի քանի անգամ հանդիպեցինք: Հետո գործը կանգնեց: Մենք եկանք այն եզրակացության, որ գործ ունենք ինստիտուցիոնալ պրոբլեմների հետ: Ռազմաարդյունաբերական համակարգը չի կարող լինել ՊՆ կազմում: Դա է հիմնական պրոբլեմը, որը մենք ունենք: Երկրորդ կողմը պատվիրատուն է: Գլխավոր շտաբը պատվիրելուց առաջ նախ պետք է իմանա այսօրվա վիճակը բարձր տեխնոլոգիական ոլորտում: Պետք է կարողանա ճիշտ պատվեր տա: Դա էլ է խնդիր: Կան նաեւ մանր-մունր այլ խնդիրներ: Կան նաեւ հոգեբանական խնդիրներ, երբ մեր պաշտոնյաների զգալի մասը չի համարում, որ հայ մարդը կարող է նման բան սարքի: Չի հավատում, որովհետեւ ինքը այդ միջավայրից դուրս չի եկել, այլ միջավայրում է եղել: Պատերազմում կռվել է, հայտնվել է ՊՆ-ում, ինքը չի տեսել ռազմաարդյունաբերական համալիր Սովետի ժամանակ, չի հավատում, որ հայ մարդն ունակ է բարձր տեխնոլոգիաներ, սարքավորումներ ստեղծել»:

Ըստ Կարեն Վարդանյանի, 2 մարդ էր հասկանում ինչ է պետք՝ 2 վարչության պետեր, այսօր երկուսն էլ չեն աշխատում:

Ինչ վերաբերում է նախարարին, Կարեն Վարդանյանն ասաց, որ իրենց ցուցահանդեսներին բոլոր սպաները գալիս են, նայում են ինչ կա-չկա, շփվում են տեխնոլոգիական մարդկանց հետ. «Դա դեռ ակնհայտորեն քիչ է: Մյուս խնդիրը բյուրոկրատական խնդիրներն են: Մարդիկ փորձում են նախարարի մոտ ցույց տալ, որ իրենք գիտակ են այդ խնդրից, բայց ընդհանրապես տեղյակ չի: Ինքը ուզում է ցույց տալ, որ դրանից տեղյակ է, նախարարը լսում է կարծիքներ եւ չի կարողանում հասկանալ՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»: Ըստ Կարեն Վարդանյանի, մասնագետները, գիտահետազոտական ոլորտի մարդիկ զզվում են եւ չեն ուզում առնչվել այդ խնդիրների հետ:

Կարեն Վարդանյանն ասաց, որ այսօր 3 ընկերություն կա, որ բանակի հետ համագործակցում է, բայց շատ փոքր ծավալն է օգտագործվում հնարավորությունների. «5-6 ընկերություն ունենք, որ եթե շղթայի մեջ շարենք, կարող են լուծել ցանկացած չկառավարվող գործիքի կառավարվող մոդելը՝ լինի դիստանցիոն տրակտոր, ռակետ, անօդաչու թռչող սարք: Մենք ունենք միջազգային մակարդակի ընկերություններ, որոնք ՀՀ-ում են: Ոչ մի ուռճացնելու խնդիր չունենք, հավատացեք, որ այդպես է»:

Այս ամենի արդյունքում, ըստ Կարեն Վարդանյանի, «ունենք սահմանի վրա խփված տղերք». «Կարող ենք լուծել բազմաթիվ խնդիրներ, որ այդպես չլինի, բայց չի արվում: Ինչու չի արվում՝ ոչ ոք չի կարող պատասխանել: Չկա կամուրջ բարձր տեխնոլոգիաների ոլորտի եւ բանակի միջեւ»:

Կարեն Վարդանյանն ասաց, որ բյուջեն պետք է վերանայվի, որ բարձր տեխնոլոգիաների համար բյուջե առաջանա: Հակառակ դեպքում գումար չի լինի. «Օրինակ, տանկերը մոդեռնիզացիայի ենթարկելու հնարավորություն կա, բայց չի արվում: Մնացածը, ինչ ասվում է՝ ֆանտաններ են, սալյուտներ եւ փուչիկներ են միայն, բլեֆ է»:

Ըստ Խոսրով Հարությունյանի,սպառազինության աննախադեպ մրցավազքը մեզանից պահանջում է ոչ ստանդարտ մոտեցումներ: Նախ հայեցակարգ է պետք, հետո կառույցներ, որ կարողանան տեխնոլոգիաներն օգտագործել բանակում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031