Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյան. «Սամվել Ալեքսանյանը տղամարդավարի չի վարվում»

Մայիս 13,2015 13:12

Վերաքննիչ դատարանը երեքշաբթի՝ մայիսի 12-ին, մերժեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի բողոքն ընդդեմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ թողնելով Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը նույնը:

2013 թվականի սեպտեմբերին Ծածկած շուկայի պատին հայտնվել էր Կարո Եղնուկյանի նկարը «Ոչ օտարերկրյա լրտեսներին, ոչ գրանտակերներին, ոչ վարձու ընդդիմախոսներին, դուք դեմ եք 700 աշխատատեղերի ստեղծմանը» մակագրությամբ: Կարո Եղնուկյանը որպես պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառած վնաս պահանջել էր փոխհատուցել 3 մլն դրամ եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել: Առաջին ատյանի դատարանը մասնակիորեն էր բավարարել հայցը՝ «Փակ շուկայի» տնօրինությունից բռնագանձելով 200 հազար դրամ:

Կարո Եղնուկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար սպասելի էր Վերաքննիչ դատարանի նման որոշումը, քանի որ ըստ նրա հենց առաջին ատյանի դատարանն ամեն ինչ արել է, որպեսզի Սամվել Ալեքսանյանը պատասխանատվության չենթարկվի:

«Առաջին ատյանի դատարանը Սամվել Ալեքսանյանին չպարտադրեց ներկայանալ դատարան, բայց ընդունեց մի նամակ, որում Սամվել Ալեքսանյանն ասում է, թե ինքը շուկայի սեփականատերը չէ, հետեւաբար ինքը ոչ մի պատասխանատվություն չունի: Առաջին ատյանի դատարանը ամբողջովին անտեսեց տեսանյութերը, հոդվածները, որտեղ Սամվել Ալեքսանյանը ներկայանալով է որպես «Երեւան Սիթիների» սեփականատեր, ասում է, որ կամարները քանդվել են, պետք է վերանորոգի, շուկան շուկա է մնալու: Բազմաթիվ ապացույցներ կան, որոնք ամբողջովին անտեսվեցին»,-հայտարարեց նա:

Կարոն Եղնուկյանը մեզ հայտնեց, որ չնայած այն հանգամանքին, որ կարծում է՝ Վճռաբեկ դատարանը նույն որոշումն է կայացնելու, պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան, որից հետո՝ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա հայտարարեց, որ չի հավատում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է Սամվել Ալեքսանյանին պատասխանատվության ենթարկել. «Սամվել Ալեքսանյանի հովանավորը կամ «տանիքը» հենց Սերժ Սարգսյանն է, իշխանություններ են: Շուկայի օրերին բոլոր անօրինականությունների վրա աչք էին փակում, ոստիկանությունը պաշտպանում էր Սամվել Ալեքսանյանի չակերտավոր իրավունքները: Չգիտեմ՝ այսօր Սամվել Ալեքսանյանն իրեն տղամարդ համարո՞ւմ է, թե՞ ոչ, բայց նա տղամարդավարի չի վարվում, չի ասում՝ այո՛, Կարո՛ Եղնուկյան, պաստառը փակցրել եմ, լավ եմ արել, նորից կփակցնեմ: Ինքը հիմա վախկոտի պես թաքնվում է թղթաբանության հետեւում, որ ինքը չէ սեփականատերը: Սա է իշխանությունների կերպարը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031