Լրահոս
Օրվա լրահոսը

Դաժան վրեժ (պատմվածք)

Մայիս 13,2015 13:08

Ջասուրը ապրում էր Ֆերգանայի մարզի ուզբեկական մի փոքրիկ գյուղակում: Նա աշխարհում ամենից շատ երկու բան էր սիրում՝ իր հարսնացուին՝ Թուրսանային և երկրաբանություն:

Թուրսանայը ընդամենը տասնութ տարեկան մի աղջիկ էր, զույգ հյուսքերով, միշտ ուզբեկական զարդանախշ թասակը գլխին և ազգային գունազարդ տարազով, որը նրան շատ էր սազում: Նա Ջասուրին տեսնելիս քաղցր-քաղցր ժպտում էր, իսկ այդ ժամանակ նրա զույգ ածուխի պես սև աչքերը կայծկլտում էին՝ սիրո խոստովանություն անելով նրան: Նա իր Թուրսանային պաշտում էր և չէր պատկերացնում կյանքն առանց նրա: Երբ առաջին անգամ Ջասուրը Թուրսանային սեր խոստովանեց, զգաց թե ինչպես է դողդողում նրա փոքրիկ ու նուրբ ձեռքն իր զույգ ափերի մեջ, կարծես փոքրիկ թռչնակ լիներ, միայն մի տարբերությամբ, որ չէր ուզում թռչել-փախչել:

Ջասուրն անչափ հրապուրված էր նաև երկրաբանությամբ՝ դեռ մանկուց: Քանի որ Ֆերգանայի Պետական Համալսարանը և Պոլիտեխնիկական Ինստիտուտը չունեին երկրաբանության ֆակուլտետներ, նա մեկնեց Տաշքենդ՝ սովորելու Միրզո Ուլուգբեկի անվան Ազգային Համալսարանում, որտեղ կային երկրաբանության, պետրոգրաֆիայի* և օգտակար հանածոների, ֆիզիկական երկրաբանական մեթոդների ուսումնասիրության, ժամանակակից երկրադինամիկայի և երկրաբանական տեղեկատվության ամբիոններ: Համալսարանում կար նաև բավականին հարուստ երկրաբանական նմուշների թանգարան, որտեղ Ջասուրը հաճախ էր անցկացնում իր ազատ ժամանակը:

Նա ուսանողական տարիներից սկսած արձակուրդներին մեկնում էր երկրաբանական արշավախմբերի հետ օգտակար հանածոներ փնտրելու: Ջասուրն իր ուսապարկում, ի լրումն այլ անձնական և կենցաղային իրերի, երկրաբանական մուրճիկ, խոշորացույց, էլեկտրական լապտերիկ և մի փոքրիկ տրանզիստորային ռադիոընդունիչ էր կրում:

Նա համալսարանն ավարտելուց հետո ամուսնացավ հմայիչ Թուրսանայի հետ և աշխատանքի անցավ Ուզբեկստանի Երկրաբանական Վարչությունում: Շուտով ծնվեց նրանց առաջնեկը՝ մոր նման գեղեցիկ Գուլշոդան:

Ջասուրը վարչության կողմից կազմակերպված բոլոր երկրաբանական արշավախմբերի մշտական մասնակիցն էր: Շատ երկրաբաններ դժկամությամբ էին համաձայնվում լինել արշավախմբում, որովհետև քաջ գիտակցում էին, թե ինչքան զրկանքների և վտանգների հետ է կապված այդ աշխատանքը: Հենց միայն մի քանի շաբաթ բնության գրկում անցկացնելը՝ աշխատելը, գիշերելը և սնվելն արդեն մեծ արկածախնդրություն էր, չհաշված տուն ու տեղից, ընտանիքից կտրվելը: Սակայն Ջասուը սիրում էր աշխատել արշավախմբի հետ, բացի դրանից նա սովոր էր այդ աշխատանքին դեռ ուսանողական տարիներից:

Վարչությունն այս անգամ նրան գործուղեց Արևմտյան Ղազախստան՝ Կասպից Ծովին հարակից շրջաններում ավելի վաղ հայտնաբերված քրոմի, կոբալտի, նիկելի և պղնձի հանքատեղերում ուսումնասիրություններ կատարելու համար: Արշավախումբը բաղկացած էր տասնհինգ անդամներից. մասնակիցները Ղազախստանից, Ուզբեկստանից, Թուրքմենիայից Կիրգիզիայից, Տաջիկստանից և Ռուսաստանից էին: Իր հերթին արշավախումբը բաժանված էր հինգ ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրում կային երեք մասնակիցներ: Ջասուրը №4 երկրաբանական ուսումնասիրությունների ենթախմբում էր:

Նա պետք է աշխատեր արշավախմբի կազմում երեսուն օր: Նրա բաժանումը շատ հուզիչ էր, հատկապես փոքրիկ, երեք տարեկան դստեր՝ Գուլշոդայի հետ, որը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե նա ու՞ր է գնում: Թուրսանայի համար էլ էր դժվար, բայց նա արդեն վարժվել էր ամուսնու հաճախակի գործուղումներին: Ջասուրը մեկնելիս, ուսապարկն ու քնապարկը մեջքին, ամուր գրկեց և համբուրեց իր չքնաղ կնոջն ու թանկագին դստերը և խոստացավ երեք օրը մեկը փոստային բացիկով տեղեկություններ հաղորդել:

Նա ինքնաթիռով Տաշքենդից թռավ ղազախական Ակտոբե քաղաքը, որը Արևմտյան Ղազախստանի Ակտոբե մարզի մայրաքաղաքն է: Մարզի ընդարձակ տափաստաններում ցորենի, վարսակի և գարու անծայրածիր դաշտեր են, իսկ կիսաանապատային լայնարձակ տարածքներում արածում են մեծաքանակ ոչխարների հոտեր, ինչպես նաև ձիերի և ուղտերի երամակներ: Հատկապես գեղեցիկ են ձիերը: Հենց այստեղ են բուծում հանրահայտ մուգոջարյան ցեղական ձիերը, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում: Հաջորդ օրն արդեն, Մուգոջարյան Բլուրներ կոչվող տեղանքում Ջասուրն անցավ աշխատանքի:

Նա №4 ենթախմբի հետ առավոտից մինչև երեկո նմուշներ էր վերցնում և նախնական ֆիզիկոքիմիական ուսումնասիրությունների շնորհիվ պարզում նրանց բաղադրությունը: Սովորաբար երկրաբաններն առաջին հերթին երկրաբանական մուրճիկով փշրում են վերցված նմուշը և խոշորացույցով ուշադիր զննում մանրացված փոշին: Պարզ քիմիական ռեակցիաները նույնպես օգնում են հայտնաբերելու փնտրվող մետաղները՝ քրոմը, պղինձը, նիկելը և կոբալտը, որոնց ֆիզիկոքիմիական հատկությունները բավականին լավ հայտնի են: Ջասուրը տեղյակ էր, որ քրոմը բնության մեջ հանդես է գալիս քրոմիտի, այսինքն երկաթի քրոմօքսիդի ձևով, որը հաճախ իր մեջ պարունակում է նաև ալումինիում, մագնեզիում և երկաթ: Երկաթի պարունակության պատճառով այն թեթևակի մագնիսական ձգողականությամբ է օժտված և այդ պատճառով Ջասուրը քրոմիտի հանքաքարի փշուրները ստուգում էր նաև հաստատուն ուժեղ մագնիսով: Նրան հայտնի էր նաև քրոմիտի հանքաքարի գույնը՝ դարչնագույն, բաց դարչնասև և կանաչասև երանգներով: Ջասուրը գիտեր, նաև, որ կոբալտը բնության մեջ հանդիպում է միացությունների տեսքով և շատ հաճախ պղնձի և նիկելի հետ միասին և հիմնականում ստանում են պղնձի և նիկելի հանքաքարի մշակումից, որի մեջ նրա պարունակությունը անհամեմատ ցածր է: Ինչ վերաբերվում է պղնձին, ապա այն հեշտ է հայտնաբերել հենց իրեն բնորոշ պղնձագույնի, ինչպես նաև նիկելն իր թեթևակի ոսկեգույն երանգի և ֆերոմագնիսական հատկության շնորհիվ:

Ջասուրն, ինչպես խոստացել էր Թուլսանային, կանոնավոր կերպով՝ երեք օրը մեկ բացիկներ էր ուղարկում՝ արտահայտելով նախ իր անսահման սերը սիրասուն կնոջ և թանկագին դստեր՝ Գուլշոդայի նկատմամբ, այնուհետև տեղեկություններ էր հաղորդում իր աշխատանքի և առօրյայի մասին:

Նրա ժամանելուց յոթ օր անց, երեկոյան Ջասուրը տարված լինելով աշխատանքով, մոլորվեց և կորցրեց իր ընկերներին: Նրա ընկերները երկար փնտրեցին նրան, բայց չգտնելով նրան, որոշեցին շարունակել որոնումներն առավոտյան, քանի որ արդեն մթնել էր: Ջասուրն էլ իր հերթին նրանց էր փնտրում, սակայն ճարահատյալ գիշերեց միայնակ: Նա կիսաքուն անցկացրեց գիշերը՝ ատրճանակը ձեռքին՝ գայլերից պաշտպանվելու համար: Իմիջիայլոց, արշավախմբի բոլոր անդամներն էլ Երկրաբանական Վարչության կողմից ապահովված էին խորհրդային արտադրության Մակարով տեսակի ատրճանակներով:

Առավոտյան Ջասուրը որոշեց իջնել տափաստան, որտեղ արածում էին ոչխարների հոտերը, ինչպես նաև ձիերի և ուղտերի երամակները: Ճանապարհին նեղ կածաններից մեկում նրա վրա ուժգին հաչելով մի մեծ շուն վազեվազ ընդառաջ եկավ: Դա մի հսկայական շուն էր՝ «թոբեթ» կոչվող ղազախական գայլախեղդ ցեղատեսակի, որին բնորոշ է մոտ իննսուն կիլոգրամ քաշը և ութսուն սանտիմետր հասակը: Շան հարձակումն անխուսափելի էր, իսկ հետևանքը կարող էր լինել ճակատագրական՝ նույնիսկ մահացու: Ջասուրը ստիպված դուրս քաշեց ատրճանակը և կրակեց շան վրա: Շունն ընկավ և այլևս չկարողացավ վեր կենալ: Մի քանի րոպե անց երևաց ղազախ հովիվը՝ շան տերը, ցածրահասակ, նիհարիկ մի մարդ: Ջասուրը քաջ գիտակցելով, թե ինչ նշանակություն ունի շունը հովվի կյանքում, նրանից ներողություն խնդրեց իր ինքնապաշտպանական արարքի համար և առաջարկեց դրամական հատուցում: Մարդն ասաց, որ նա մեղավոր չէ, և ինքն էլ, եթե հայտնվեր նման իրադրության մեջ նույն կերպ կվարվեր: Հետո նա սիրալիր առաջարկեց Ջասուրին հետևել իրեն, դեպի իր կացարանը թեյ խմելու և նախաճաշելու, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց օգնելու նրան գտնելու կորած ընկերներին: Այս տհաճ միջադեպից հետո անհարմար կլիներ մերժել բարյացակամ հովվին, այդ պատճառով նա համաձայնվեց: Որոշ ժամանակ անց նրանք հասան մի փոքրիկ քարայրի մոտքի մոտ: Մարդն առաջարկեց Ջասուրին ներս գնալ և հարմար պահ գտնելով, ձեռքի հաստ ձեռնափայտով մի ուժգին հարված հասցրեց նրա գլխին: Ջասուրը, կորցնելով գիտակցությունը, տապալվեց գետնին…

Նա ուշքի եկավ գիշերը միայն՝ գլխի սոսկալի ցավերով: Ամենայն հավանականությամբ, նա գլխուղեղի ցնցում էր ստացել. առկա էին բոլոր ախտանիշները՝ սրտխառնոց, գլխապտույտ, հաճախակի գիտակցության կորուստներ, շնչառության խանգարումներ և սրտի աշխատանքի վատթարացում: Ջասուրը շղթայակապ և անօգնական պառկած էր քարայրի սառը հատակին: Քիչ այն կողմ, քարայրի մուտքի բացվածքից երևում էր լուսնի մահիկը… Նրան թվաց, որ վերջին անգամ է տեսնում լուսինը և աստղազարդ երկինքը: Մի պահ հիշեց իր չքնաղ Թուլսանային ու Գուլշոդային և կրկին ուշաթափվեց:

Առավոտյան երևաց նենգ հովիվը՝ Ալիխանն իր հետ բերելով նաև շանը: Պարզվեց շունը դեռ կենդանի էր: Ալիխանը վիրահատել էր նրան, կարել վերքը և վիրակապել: Տափաստանային հովիվները հաճախ են բուժօգնություն ցույց տալիս կենդանիներին, երբ անհնար է անասնաբույժին դիմելը:

– Փառք տու՛ր Ալլահին, որ շունս կենդանի է մնացել, – չարությամբ ֆշշացրեց նա, – հակառակ դեպքում դու էլ չէիր ապրի: Այսուհետև, մի շուն էլ դու ե՛ս, խնամի՛ր և աչքիդ լույսի պես պահպանի՛ր նրա կյանքը, եթե ուզում ես ապրել: Կսնվե՛ս շանս ամանից, եթե նա քեզ թույլ տա, – քմծիծաղ տվեց նա ու հեռացավ:

Շունը հազիվ էր շնչում: Նա խեղճ-խեղճ նայում էր Ջասուրին: Ակնհայտորեն նա Ջասուրի խնամքի կարիքն ուներ: Շունն անընդհատ, սպասողական հայացքով, առանց չարության նայում էր նրան: Ջասուրը սողալով մոտեցավ կենդանուն և զգուշությամբ շոյեց նրա գլուխը և զգաց, որ կենդանին ջերմություն ունի: Շանը դա դուր եկավ. նրա տերը նրան երբեք չէր սիրել, միայն հրամայել էր կամ ծեծել, երբ չէր ենթարկվել: Ընդհանրապես մուսուլմանները շներին պիղծ՝ «հարամ» կենդանիներ են համարում և հազվադեպ է, որ սիրում, փայփայում կամ ընկերանում են նրանց հետ: Նրանք շներին հանդուրժում են, որովհետև առանց նրանց հնարավոր չէ պահպանել ոչխարի հոտը կամ խոշոր եղջյուրավոր անասունների նախիրը, ձիերի ու ուղտերի երամակները գայլերից: Նա ջրամանը մոտեցրեց շանը, որպեսզի վիրավոր և հիվանդ կենդանին կարողանա ջուր խմել: Ծարաված կենդանին դժվարությամբ դուրս հանեց լեզուն և մի քանի անգամ փորձեց ջուր խմել, բայց չկարողացավ. ուժ չուներ: Ջասուրն ափով ջուր վերցրեց ամանից և մի կերպ խմացրեց կենդանուն: Շունը խմեց և երախտապարտ հայացքով նայեց նրան:

Գիշերը Ջասուրը փաթաթվեց կենդանուն և քնեց: Առավոտյան Ալիխանն ուտելիք և ջուր բերելիս, տեսնելով նրանց, ասաց.

– Այդպես ավելի լավ է: Ախպերացե՛ք, չէ որ հիմա երկուսդ էլ շուն ե՛ք, բայց լավ իմացե՛ք, եթե չենթարկվեք ինձ, ապա ո՛չ ուտելիք կստանաք, ո՛չ էլ ջուր, փոխարենը մի լավ ծեծ կուտե՛ք, Ալլահը վկա և իմ ձեռնափայտը, – ասաց նա և քմծիծաղ տալով հեռացավ:

Քարանձավում մնալու հինգերորդ օրը շունը մի փոքր կազդուրվեց և սկսեց ինքնուրույն ջուր խմել: Ջասուրը սկսեց նաև կերակրել նրան: Արդեն հույս կար, որ շունը կամաց-կամաց կկազդուրվի: Ջասուրն էլ էր մի փոքր լավ զգում: Նրա գլխացավերը մեղմացել էին, ավելի կանոնավոր էր աշխատում սիրտը, նորմալացել էր շնչառությունը: Նա շան կերից չէր ուտում, բայց ստիպված ջուր էր խմում նրա ջրամանից:

Թուլսանայն արդեն վեց օր բացիկ չէր ստացել ամուսնուց, այդ պատճառով շատ անհանգիստ էր: Նա հաճախակի երազում տեսնում էր Ջասուրին, որը նրանից աղերսագին օգնություն էր խնդրում…

Երկրաբանական Վարչությունում նույնպես անհանգիստ էին. ամբողջ շրջանի միլիցիան ոտքի էր հանվել կորած երկրաբանին փնտրելու համար: Նրանք հարցուփորձ էին անում մոտակա գյուղերի և ավանների բնակիչներին, տափաստանային հովիվներին, սակայն ոչ մի արդյունք: Այնուհետև որոշվեց կորած երկրաբանին, մեռած կամ կենդանի, փնտրել Մուգոջարյան Բլուրներում, որտեղ մինչև անհետանալն աշխատել էր նա:

Անցավ տասնութ օր: Շունը գրեթե լրիվ կազդուրվել էր և հաճույքով լիզում էր Ջասուրի ձեռքերն ու երեսը՝ այդպես իր երախտագիտությունը հայտնելով նրան: Ջասուրն էլ իր հերթին շատ էր կապնվել շանը: Շունը կարողացավ մոռանալ վիրավորանքը ու ներել Ջասուրին, բայց ո՛չ նրա տերը: Նա առաջվա պես ամբողջովին չարությամբ էր լցված նրա նկատմամբ և պատրաստ էր նույնիսկ սպանել Ջասուրին: Լսելով, որ միլիցիան փնտրում է նրան, Ալիխանը գնաց քարանձավ և փորձեց իր ձեռնափայտով ծեծելով սպանել վերջինիս, որը նիհարած, հյուծված և շղթայակապ գտնվում էր Մուգոջարյան Բլուրների հեռավոր մի քարանձավում: Նա ուժ չուներ նույնիսկ պաշտպանվելու, բայց լավ պաշտպան ուներ՝ հանձինս շանը: Երբ Ալիխանն, այդ արնախում գազանը փորձեց իր ձեռքին գտնվող հուժկու ձեռնափայտով ջարդուփշուր անել Ջասուրի գլուխը, շունը մի ոստյունով թռավ և բռնեց նրա ձեռքը, չթողնելով վնաս պատճառել իր ընկերոջը: Ալիխանը ցավից ուժեղ ոռնաց: Նրա ձայնը քարանձավի պատերից անդրադառնալով ուժգնանացավ և լսելի դարձավ միլիցիոներներին: Նրանք նախ օդում կրակեցին մի քանի անգամ, ապա շտապեցին օգնության՝ շարժվելով ձայնի ուղղությամբ:

Ջասուրին տեղափոխեցին հիվանդանոց: Միլիցիոներները ոչ մի կերպ չկարողացան բաժանել շանը նրանից: Ակնհայտ էր, որ այսուհետ նրանք անբաժան են լինելու…

Երկու շաբաթ անց Տաշքենդի օդանավակայանում Ջասուրին և նրա հավատարիմ ընկերոջն անհամբեր սպասում էին նրա չքնաղ Թուրսանայը և թանկագին դուստրը՝ Գուլշոդայը:

Մեկ տարի անց Ջասուրը մասնակցեց մեկ ուրիշ արշավախմբի աշխատանքներին, նույն՝ Ակտոբեի մարզում, և նրանց հաջողվեց հայտնաբերել, թերևս աշխարհի ամենամեծ քրոմիտի հանքավայրը Քրոմտաույում և նիկելի մի խոշոր հանքավայր էլ Բաթամշինսկում:

*պետրոգրաֆիա՝ տեխնիկայի բնագավառ, որ զբաղվում է ապառների դասակարգմամբ և մանրադիտակային ուսումնասիրությամբ

Մարտին Շիրինյան,

Գլենդել, Կալիֆորնիա,

1 մայիսի 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031