Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. Ռիգայի գագաթաժողովում ԵՄ-ն հանդես կգա հայտարարությամբ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին. «Հայոց աշխարհ»

Մայիս 13,2015 12:59

Ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը մայիսի 22-ին Ռիգայում նախատեսված «եվրոպական ֆորումի»՝ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» երկրների գագաթաժողովից, ինչի՞ վրա կարող ենք հույս դնել՝ նկատի ունենալով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների դաշնակցային բնույթը: Հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ։

– Ինչ վերաբերում է մեր սպասելիքներին կամ «չսպասելիքներին», կարծում եմ՝ հայաստանյան մամուլում եւ փորձագիտական շրջանակներում երբեմն գերագնահատվում կամ գուցե թերագնահատվում է այն, ինչ կարող է տեղի ունենալ Ռիգայի գագաթաժողովում։

-Ի՞նչ նկատի ունեք։

-Իրավապայմանագրային նոր հենքի ձեւավորման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ երկրների համաձայնությունը՝ մանդատ տալու բանակցային այն թիմին, որ Եվրամիության անունից պետք է բանակցի Հայաստանի հետ եւ ընդհանուր հայտարարի գա իրավապայմանագրային նոր բազայի շուրջ։

Իմ պատկերացմամբ, Ռիգայի գագաթաժողովում Եվրամիությունը հանդես կգա հայտարարությամբ Հայաստանի հետ իրավապայմանագրային նոր հենքի վերաբերյալ բանակցություններ սկսելու քաղաքական պատրաստակամության մասին։ Դրան կհաջորդի բանակցային մանդատի տրամադրման գործընթացը ԵՄ երկրներում (տարբեր երկրներում դրա համար նախատեսված են տարբեր ընթացակարգեր), որից հետո արդեն պաշտոնական Երեւանը եւ Բրյուսելը կարող են բանակցել նոր փաստաթղթի շուրջ։ Սա՝ զուտ տեխնիկական կանոնակարգման տեսանկյունից։

Երկրորդ՝ Հայաստանը մշտապես հայտարարել է եւ այսօր էլ հայտարարում է, որ շահագրգռված է ԵՄ հարաբերությունների առավելագույն խորացմամբ՝ դիտարկելով դա որպես ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այդ ուղղությունը մեզ համար շատ կարեւոր է ոչ միայն ժողովրդավարական ընթացակարգերի բարելավման, մարդու իրավունքների երաշխավորման, բազմաթիվ այլ հանգամանքներով պայմանավորված, այլեւ այն իմաստով, որ Հայաստանը քաղաքակրթական առումով Եվրոպա է։

Լինելով ԵԱՏՄ անդամ պետություն՝ մենք մեր արտաքին քաղաքականության այս երկու ուղղությունները երբեք չենք դիտել եւ չենք դիտում հակադրության մեջ, հակառակը, միշտ փորձել ենք համադրել դրանք։ Երբ Ասոցացման համաձայնագրի շուրջ հայտնի զարգացումներից հետո որոշ քննադատներ «ավետում» կամ գուժում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունների վախճանը, ՀՀ իշխանությունները՝ հանրապետության նախագահը, արտգործնախարարությունը, բազմիցս հայտարարել են այդ մասին։

Ուկրաինական դեպքերը այդքան մեծ զոհողությունների գնով եկան ապացուցելու, որ մեր մոտեցումը ոչ միայն ճիշտ էր, այլեւ այսօր ընկալելի մեր բոլոր գործընկերների կողմից անխտիր։

Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ է՝ միջազգային հանրության պատասխանատու անդամ, մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր միջազգային պարտավորություններին, եւ բոլոր այն հարցերում, ոլորտներում, որտեղ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ տարակարծություններ, հակասություններ չեն լինի, պատրաստ ենք ԵՄ հետ հարաբերությունների առավելագույն խորացման։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031