Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՆ փոխնախարարը՝ Էնֆիաջյանին. «Պետք չի գերագնահատել Ադրբեջանի հզորությունը»

Մայիս 13,2015 12:54

Այսօր ԱԺ-ում բանակի խնդիրների, մասնավորապես՝ Զինված ուժերում նորարարական տեխնոլոգիաների օգտագործման մասին խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել:

ՊՆ փոխնախարար, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը ներկայացրեց, որ ունեն ֆինանսական խնդիրներ, կադրային խնդիր:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հետաքրքրվեց կադրային պատրաստվածությունից եւ ասաց, որ օգտագործեն սփյուռքի ներուժը գիտնականներին բերելով. «Այնտեղ տարբեր լաբորատորիաներում կամ համալսարաններում աշխատում են: Ուն՞եք ուսումնասիրություն, սփյուռքի պոտենցիալը հաշվի առե՞լ եք»:

Ալիկ Միրզաբեկյանը պատասխանեց, որ կան որոշ գիտնականներ, որ իրենք են հաճույքով գալիս եւ առաջարկում իրենց ծառայությունները:

Vahan Babayan Vahe Enfiajyan

Իսկ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարցրեց. «Քանի որ խոսում ենք նորարարական տեխնոլոգիաների մասին, ռազմաարդյունաբերության մասին՝ ինչո՞ւ մեր երկրում չենք փորձում զարգացնել այդ ուղղությունը, մասնավորապես՝ անօդաչու սարքերը: Մենք մրցունակ ենք միջազգային շուկայում, փորձե՞լ ենք վաճառք կազմակերպել: Ադրբեջանական կողմը մեծ ուշադրություն է դարձնում ռազմարդյունաբերության վրա, չթվարկենք, թե ինչ սարքեր են ստեղծել վերջին շրջանում, իրենք կարողանում են արտադրություն կազմակերպել, ինչո՞ւ մենք այս ուղղությամբ քայլեր չենք անում»:

Փոխնախարարը պատասխանեց. «Պետք չի գերագնահատել Ադրբեջանի հզորությունը: Անօդաչու թռչող սարքեր, այո, արել ենք, որոնք չեն զիջում Իսրայելի, Ֆրանսիայի արտադրությանը: Մեր մասնագետները ավտոպիլոտի ուղղությամբ աշխատանքներ են տանում»:

Փոխնախարարը վստահեցրեց, որ ռազմարդյունաբերության զարգացումը արդիական է իրենց համար:

Առաջարկություն եղավ, որ ՊՆ-ին հանձնեն արդեն պատրաստի արտադրանքը, ոչ թե ՊՆ-ն զբաղվի արտադրությամբ: Թող լինի միջնորդ կառույց, ՊՆ-ի ուսերից վերցնեն այդ բեռը: Փոխնախարարը համաձայնեց. «Բայց առաջարկը պետք է համապատասխանի պահանջարկին, պետք է լուծել պրոբլեմային խնդիրները»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ՝ սխալ կլինի ենթադրել, որ մեր ռազմաարդյունաբերական համալիրը միայն մեր պահանջների բավարարման համար պետք է լինի. «Մեր բանակը չունի հնարավորություն մեծ պատվերներ տալու: Զենք-զինամթերք արտադրելու ունակ կառույցներ են պետք, իսկ շուկան միայն ՀՀ-ն չի կարող լինել: Որպեսզի գիտական տեխնոլոգիական պոտենցիալը կորզենք, այն պետք է զարգանա եւ արտաքին շուկաների հետ շփում ունենա:

Margarit Yesayan

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրեց. «Ասացիք, որ կադրերի խնդիր կա եւ այժմ բանակցություններ են իրականացվում ԿԳ նախարարության հետ կապված: Դրանք ի՞նչ մակարդակի են գտնվում: Կարո՞ղ ենք կանխատեսել, որ որոշ բուհերում շուտով կունենանք համապատասխան ֆակուլտետներ, բաժիններ, որ մասնագետներ կպատրաստեն բանակի եւ ռազմաարդյունաբերության համար»: Մարգարիտ Եսայանը նաեւ հարցրեց՝ առաջիկայում ՀՀ պետբյուջեն են քննարկելու, ինչո՞վ կարող են պատգամավորները օգնել բանակին:

Փոխնախարարը պատասխանեց, որ այս տարվա ընթացքում բուհերում նոր ֆակուլտետներ բացելը դժվար է. «Կան նեղ մասնագիտական խնդիրներ: Այնպես չի, որ ինժեներ պատրաստենք, պաշտպանության տեխնիկայի մասնագետներ կան, մեկը մյուսի հետ չի առնչվում: Բավականին լուրջ խնդիր կա եւ դա դնել մի համակարգի վրա չեմ կարծում ճիշտ է: Ինժեներական համակարգը, բուհական համակարգը ավարտած մեր ուսանողներին պետք է ընդունել համապատասխան հաստիքի: Բայց խնդիր է առաջանում աշխատավարձի: Ֆինանսի խնդիր կա: Եթե մենք կարողացանք նորմալ աշխատավարձով ապահովել երիտասարդ մասնագետին, մենք կունենանք լավ մասնագետ»:

Ինչ վերաբերում է պատգամավորների օգնությանը բյուջեի քննարկման ժամանակ,փոխնախարարն ասաց, որ առանց այն էլ ամեն ինչ արվում է ՊՆ ոլորտի համար եւ ավելին պահանջել ներկա պահին ճիշտ չէ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031