Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Լևոն Ավետիսյան) մեկնարկեց ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով նախնական դատական նիստը:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ այլևս չի մասնակցելու նիստերին ու իր տեղը լքելով՝ նստեց դահլիճում: Նախագահող դատավորը, դիմելով պարոն Մանուկյանին, նշեց. «Պարոն Մանուկյան, ինչո՞ւ Ձեր պոստը լքեցիք»: Արամ Մանուկյանը հայտարարեց, թե «Սպասում եմ Ձեր որոշմանը, որ դահլիճը լքեմ»: Դատավորը, թե եկեք նստեք, Արամ Մանուկյանը՝ «չեք համոզի»:
Դատավորը համոզում էր, որ գոնե Արամ Մանուկյանի ներկայացուցիչը մասնակցի նիստերին, սակայն նա միջնորդություն ներկայացրեց. «Քանի որ դատարանն այլևս հնարավորություն չունի ազդելու արդարադատության վրա, գործի քննությունը չի բացահայտելու իրական հանցագործներին, մենք համարում ենք, որ անիմաստ է մասնակցել և միջնորդում հետայսու քրեական գործի քննությունն անցկացնել առանց տուժող կողմի»:
Ամբաստանյալի ներկայացուցիչ Լիանա Բալյանը հայտարարեց. «Երբ մենք միջնորդություն ներկայացրին կիրառել արագացված քննություն, առարկեց տուժող կողմը, բայց հիմա իրենք են ցանկանում, որ նման քննություն տեղի ունենա»: Արմեն Խաչատրյանն հայտարարեց, թե իրենք հիմա էլ են առարկում:
Կարդացեք նաև
Դատարանը Արմեն Խաչատրյանի միջնորդությունը բավարարեց: Նախագահող դատավորը նշեց, որ «եթե տուժողի ներկայացուցիչը ցանկանա, կարող է մասնակցել դատական քննությանը» ու հորդորեց. «Հատկապես վիճաբանությունների փուլին գոնե ներկա լինեք»:
Արմեն Խաչատրյանը ևս լքեց դատական նիստերի դահլիճը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ