նորհալիների «Իզաբել» 11-րդ հանրապետական մրցույթի կազմակերպիչները այսօր ամփոփեցին մրցույթի արդյունքները:
11-րդ փառատոն-մրցույթը համախմբել էր 10-20 տարեկան մարզի ու Երեւանի 350 պատանիների՝ հարյուր շնորհալիներ հարյուրամյա տարելիցին խորագրով: Առաջին փուլն ու բացումը տեղի ունեցան ապրիլի ութին, սուրբ Սարգիս եկեղեցու բակում, իսկ մարզերում՝ 12- ին ու 15-ին էր:
Շնորհալիների «Իզաբել» 11-րդ կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարիետա Ավագյանին մրցույթի մասնակիցներից ամենաշատը տպավորել է Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղից մի աղջիկ՝ Մարիաննան:
«Նա այնպես երգեց դլե յամանը, այնքան հուզիչ էր, որ մեզ հետ եկած հոգեւոր տեր հովիվը տեղից ցատկեց բեմ, գրկեց, համբուրեց այդ աղջկան, ապա կրծքին փակցված անմոռուկը նվիրեց նրան»,- այսօր «Հայելի» ակումբում պատմեց Մարիետա Ավագյանը:
Նրա խոսքով, մրցույթին մասնակիցները ներկայացրել են կերպարվեստով, երգ ու պարով, ասմունքով: Մրցույթի նախապայմաններից էր Կոմիտասի մեկ ստեղծագործություն ներկայացնելը:
Կենտրոնի հիմնադրի համար խորհրդանշական էր, որ մրցույթի առաջին երրորդ մրցանակակիրները հարյուր հոգի են կազմել. «Ապշել եմ այս թվից, ի վերուստ էր տրված: Ես միշտ ասում էի, բեմում լինեն հարյուր շնորհալիներ ու իսկապես 350 մասնակցից հարյուրը բեմում»:
Նրա խոսքով, մրցույթի նպատակն է հայտնաբերել հանրապետության ամենատաղանդավորներին, ներկայացնել հանրությանը՝ թե Հայաստանում, թե արտասահմանում.« Նրանց պահում ենք մեր գրկում, ինչքան ցանկանան, մինչեւ իրենց ինքնուրույն քայլերն անեն՝ թե կյանքում, թե արվեստում: Մենք նրանց համար հյուրախաղեր ենք կազմակերպում, օգնում ենք հեռուստատեսային եթերներ ապահովելու հարցում»:
Մրցույթի ժյուրիի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Խրիմյանի խոսքով իրենք ամեն ինչ անում են, որ երեխաները կաշկանդված չզգան բեմում. «Մարզերում տոն էր, նման տոն չէր եղել: Ապշած ենք թե պարի համույթի կատարումներից, թե նկարներից, ասմունքից»:
Մայիսի 21-ին փառատոնի շրջանակներում գալլա համերգ է լինելու, իսկ բեմում հարյուր շնորհալիներն են:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ