Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտվածի սինդրոմ

Մայիս 13,2015 11:54

Ամենասկզբից էլ սպասելի էր, որ Ադրբեջանի պես նենգ հակառակորդի հանդեպ ցուցաբերած ավելորդ ներողամտությունը` որպես հաղթանակած երկրի մեծահոգության առհավատչյա, կարող է օրերից մի օր վատ վերջանալ մեզ համար:

Եվ այդ օրը շատ չուշացավ: Հետպատերազմյան Ադրբեջանի հասարակության ներսում` հատկապես իշխանությունը Ալիեւ կրտսերին անցնելուց հետո, հայատյացությունը քայլ առ քայլ հասցվեց պետական մակարդակի: Պարտված ազգի վարքագծում եւ հոգեկերտվածքում խոր արմատներ ձգեց ատելության որոմը: Առաջին զոհերից մեկը դարձավ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ դասընթացներին մասնակցող հայազգի սպա Գուրգեն Մարգարյանը, ում քնած ժամանակ կացնահարելով սպանեց Ռամիլ Սաֆարով կոչված ստահակը:

Շարունակությունը հայոց պատմամշակութային կոթողների ոչնչացման գազանաբար գործողություններն էին, մահացու ելքով սահմանային միջադեպերը, հայ մարզիկների ու Հայաստանի պետական խորհրդանիշների նկատմամբ հրապարակային արհամարհանքի դրսեւորումները, ամեն մի առիթով հայության հասցեին հնչեցրած զազրախոսությունները, որոնք ցայսօր չեն դադարում: Ավելին` գնալով սաստկանում են:

Իսկ կույր ատելության կրակը մշտապես բորբոք պահողը, որքան էլ տարօրինակ թվա, այդ երկրի առաջին դեմքն է: «Ամբողջ աշխարհի հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամիներն են»,- իր ղեկավարած նավթապետության ներկա եւ ապագա սերունդներին այս պատգամն է հղում Իլհամ Ալիեւը: Ավելին` նա համոզմունք է հայտնում, որ այժմյան Հայաստանի մայրաքաղաքը գտնվում է «Էրիվանի հինավուրց ադրբեջանական հողերի վրա»: Ի լուր աշխարհի այդ մասին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է մինչեւ 1918 թվականը գիր ու գրականություն չունեցած, իսկ վերջին 80 տարում երեք անգամ այբուբեն փոխած նորահայտ Ադրբեջան հանրապետության առաջնորդը: Ավելի զավեշտալի պատմական զեղծարարություն մեր օրերում դժվար է պատկերացնել:

Արցախ-ադրբեջանական պատերազմից ի վեր անցած երկու տասնամյակները հարուստ են իրականությունը խեղաթյուրող այդպիսի բազմաթիվ դրվագներով: Բոլորիս հիշողության մեջ թարմ է, երբ իր իսկ սանձազերծած պատերազմը խայտառակ տանուլ տված մեր ամբարիշտ հարեւանը աշխարհով մեկ վայնասուն էր բարձրացնում «հայերի կողմից օկուպացված» 20 տոկոս տարածքների եւ մեկ միլիոն ներքին տեղահանվածների ու փախստականների մասին: Իհարկե` շրջանցելով ակնհայտ փաստը, որ ստեղծված իրավիճակն ընդամենը Արցախին պարտադրված պատերազմի արդյունք է:

Միջազգային կառույցներից Բաքու ժամանած պաշտոնյաների ու լրագրողների վրա հայերի «դաժանության» տպավորությունն ավելի ազդու եւ առարկայական դարձնելու նպատակով Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը տարաբախտ ազգակիցներին տարիներ շարունակ պահում էր վրանների տակ` գրեթե գետտոյական պայմաններում: Մինչդեռ կարող էր նրանց տեղեր հատկացնել զանգվածային ջարդերի սպառնալիքի տակ երկրից մազապուրծ հեռացած շուրջ կես միլիոն հայազգի քաղաքացիների լքյալ բնակարաններում եւ առանձնատներում:

Ամբողջ այդ քսան տարիների ընթացքում հակառակորդի քարոզչամեքենան պոչավոր ստեր էր հերյուրում «Խոջալուի ցեղասպանության», ադրբեջանական «պատմական տարածքների» բռնագրավման, հայերի` «եկվոր լինելու» եւ նմանօրինակ այլ անհեթեթ, իրականության հետ որեւէ աղերս չունեցող թեմաներով: Կաթիլ-կաթիլ հավաքվելով, ազերիների սուտը, երբեմն, տեղ էր հասնում, քանզի բացակայում էր հայկական կողմի ծանրակշիռ հակազդեցությունը:

Մեր կրավորական պահվածքը հանգեցրեց նրան, որ միջազգային հանրությունը, առանց հիմնախնդրի էության մեջ խորանալու, շտապեց հավասարության նշան դնել կողմերի՝ Արցախի դեմ զինված ագրեսիա ձեռնարկողի եւ այդ ագրեսիային դիմակայողի միջեւ: Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից, եւ ժողովրդի ինքնորոշման օրինական իրավունքի հարցը նենգափոխվեց Հայաստան-Ադրբեջան տարածքային ու պատմական վեճի: Սրանք Հայաստանի քաղաքական ղեկավարության եւ դիվանագիտական կորպուսի առաջին լրջագույն բացթողումներն էին:

Չհաշված «տեղային» նշանակության որոշ արձագանքները եւ «դրսում» հրապարակված հատուկենտ հոդվածները, ադրբեջանական կեղծարարությունները գրեթե անպատասխան էին մնում: Փաստորեն ռազմի դաշտում հաղթանակած Հայաստանն այսօր պարտություն է կրում քարոզչական-տեղեկատվական պատերազմում, որովհետեւ պաշտոնական Բաքվի ազգայնական գաղափարներով ներծծված հայտարարություններին սկսել ենք մի տեսակ քրիստոնեական հանդարտությամբ վերաբերվել. «Է, վնաս չունի, պարտվածի սինդրոմ է, թող խոսեն, թեթեւանան»:

Բայց նրանք հենց այնպես չեն խոսում: Նրանք «խոսում են» Հայաստանի դեմ լայնածավալ քարոզչական պատերազմի լեզվով` առանց լուրջ դիմադրության հանդիպելու: Մի՞թե մեր պետությունը ոչինչ չունի հակադրելու հակահայ այն հրատարակություններին ու հատուկ ծրագրերին, որոնք Ադրբեջանը հետեւողականորեն իրականացնում է արտերկրում` ներդնելով հսկայական գումարներ: Կամ ասենք` դիմադարձելու այն հաղորդումներին ու հաղորդաշարերին, որոնք հեռարձակվում են ինչպես տեղական «Lider»-ի, «AzTV»-ի, «Gunaz»-ի, «Ictimai»-ի արբանյակային համակարգով, այնպես էլ ռուսական «СBС», «Моя планета» եւ այլ հեռուստաալիքներով:

Թե՞ հարմար արդարացումն արդեն մտածել ենք. «Դե, գիտե՞ք ինչ, հայերս առանձնապես չենք ուզում պարտվածի համախտանիշով տառապող ազգի հետ գլուխ դնել, մենք մեր ասելիքն ասել ենք մարտի դաշտում, ընկածին էլ չենք խփում»: Մինչ մերոնք փափկանկատություն են ցուցաբերում, «ընկածն» ինքը տակից լավ էլ խփում է: Նրա թե´ տպագիր արտադրանքը, թե´ հեռուստատեսությամբ սփռվող նյութերը խնդիր ունեն աղճատելու, գլխիվայր ներկայացնելու ամեն հայկականը եւ հայաստանյանը` պատմությունը, մշակույթը, կենսաձեւը, բարքերը: Եվ, քանի որ չունեն սեփականը, ջանում են հնարավորինս ավելին «պոկել» հայերից՝ երգ-երաժշտությունը, պարը, խոհանոցը, վիշապագորգը, ճարտարապետությունը, դուդուկը, եկեղեցին, նույնիսկ` խաչքարը:

Մեր համարժեք պատասխանը չի հետեւում, եւ դա իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում: Մեզ կարող են սխալ հասկանալ: Հակառակորդը լկտի, սանձարձակ եւ անհավասարակշիռ մեկն է, ով ահռելի քանակության զենք-զինամթերք է ամբարել: Ալիեւն իր երկրի ներսում՝ անխոչընդոտ ու անկաշկանդ տարածում է մարտնչող այլատյացություն եւ ռազմաշունչ հռետորաբանություն, իսկ դրսում` խնամքով փաթեթավորված անպատկառ ստեր:

Ասում են` ախորժակն ուտելիս է բացվում: Հնարավոր է` Հեյդարօղլին պատրաստվում է նոր ռազմական արկածախնդրության: Ի՞նչ իմանաս, գուցե նրան եւս հանգիստ չի տալիս Սեւանա ջրերում ոտքերը լվանալու կամ «Խանքենդիի» հովասուն ծառերի ստվերում մի բաժակ թեյ ըմբոշխնելու մարմաջը: Եվ չի հանդարտվի, մինչեւ չստանա… մռութին:

Գեւորգ ԼԱԼԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031