Հրադադարը լավագույն լուրն է եղել, որ Ադրբեջանի և Արցախի ժողովուրդն իմացել է, որովհետև հրադադարի ռեժիմին սպասում էին բոլորը, չնայած որ այն պարտադրվել է Ադրբեջանին, նա պարտադրված է եղել գնալ դրան:
Այս մասին մի խումբ լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի կնքման պայմանագրին: Հիշեցնենք, որ երեկ լրացավ հրադադարի ռեժիմի կնքման 21-րդ տարին:
«Սկզբնական շրջանում հրադադարի ռեժիմը բավականին լավ պահպանվում էր, և, ընդհանրապես, որպես այդպիսին միտումնավոր խախտումներ չէին լինում: Սակայն վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմը միտումնավոր խախտվում է և որոշակի նպատակներ է հետապնդում: Իմ կարծիքով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ սխալվում է, փորձ է անում վերսկսել պատերազմը, ինչն, անկասկած, նորից բերելու է հրադադարի, և ես վստահ եմ, որ այդ ժամանակվա հրադադարը Ադրբեջանի համար ևս լինելու է պարտադրված և ավելի ցավոտ, քան այն կարգավիճակը, ինչն այսօր կա»,-ասաց նա:
Մովսես Հակոբյանը նշեց, որ Արցախի բանակը երբեք չի ուզում պատերազմ սկսել: «Մենք դա հայտարարում ենք քաղաքական իշխանության բոլոր հայտարարություններով, և բանակցային գործընթացում ևս ասում ենք, որ մենք պատրաստ ենք բանակցել Ադրբեջանի հետ և մեր հարցերը կարգավորվել բանակցային գործընթացի սեղանի շուրջ: Արցախի քաղաքական իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է փոխզիջումային տարբերակին, ինչը չի ընկալում Ադրբեջանը, նա ընկալում է միայն զիջում»,- ասաց նա և նշեց, որ եթե չկա փոխզիջում, ապա միայն զիջումով պատերազմները կամ հակասությունները երբեք չեն հարթվում:
Կարդացեք նաև
«Երբ Ադրբեջանը կհասկանա, որ կարելի է գնալ փոխզիջման և այդ փոխզիջումն ինքը ճիշտ ընկալի, կարծում եմ, որ խաղաղությունն այս տարածաշրջանում կհաստատվի վերջնական, ինչի համար բոլոր նախադրյալները կան, և որևէ գաղտնիք այս ժամանակաշրջանում չկա»,-ասաց նա:
ԼՂՀ ՊԲ հրամանատարը նշեց նաև, որ իրենք քաջատեղյակ են Ադրբեջանի ռազմական պոտենցիալի մասին, եթե նույնիսկ Ադրբեջանն այդ մասին չհայտարարի:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում