Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումներ:
ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը ՊՆ փոխնախարար, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանից հետաքրքրվեց՝ արեւային էներգետիկայի օգտագործումը դիտարկվո՞ւմ է որպես նորարարական տեխնոլոգիա եւ նոր ռազմաարդյունաբերական համալիրում տեղ տվե՞լ են դրան: Ինչպիսի՞ նորարարական տեխնոլոգիաներ կան՝ դիվերսիոն հարձակումները կանխարգելելու համար ՀՀ սահմանագծերում:
Փոխնախարարը պատասխանեց, որ առաջնագծի պաշտպանությունը առաջնահերթ խնդիրներից է: Խնդիր է ժամանակին հայտնաբերելը, որ հնարավոր լինի չեզոքացնել: Բայց փոխնախարարը նախընտրեց այդ մասին առավել մանրամասն պարզաբանումներ տալ փակ նիստի ժամանակ, քանի որ ոչ հրապարակային տեղեկություններ կան:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է արեւային էներգիային, փոխնախարարն ասաց, որ արեւային էներգիայի օգտագործումը վաղուց են կարեւորել, չնայած արդյունքներ չունեն. «Մեր դիրքերում հնարավորություն չունենք էլեկտրականություն հասցնենք, անգամ մարտկոցները լիցքավորելու համար լուրջ խնդիրներ են առաջացնում, արեւային էներգիան ճիշտ կլիներ: Եթե այդպիսի առաջարկություն կա, պատրաստ ենք քննարկենք: Մի անգամ տվյալ խնդրով առաջարկություն եղել է, կնքել ենք պայմանագիր, բայց որոշ գումարներ ծախսելով՝ դադարեցրել ենք, որովհետեւ հասկացել ենք, որ տվյալ կազմակերպությունը անհնար է, որ դա իրականացնի»:
Խաչատուր Քոքոբելյանն էլ հետաքրքրվեց աշխատավարձերից, ֆինանսատեխնիկական բազայի բացակայությունից: Նա ասաց, որ ԱԺ-ի պատերի տակ այդ մասին խոսելով՝ խնդիրը չի լուծվում: Պետք է Պոլիտեխնիկում առնվազն մի ամբիոն լինի, համապատասխան մասնագետներ պատրաստի. «Մենք բարձր որակի ինժեներին չենք կարող հորդորել 120 հազար դրամով հանուն հայրենիքի աշխատել»: Հետո նա հարցրեց՝ «Ի՞նչն է պատճառը, որ սահմանում՝ առաջնային գծում չենք կարողանում ամենապարզագույն դիտարկում իրականացնող սարքավորումներ տեղադրել: Չեմ ուզում հիշեցնել, թե ինչ տեխնիկա ենք օգտագործում՝ մեր պապերից եկած, անգամ ամաչում եմ դրա մասին խոսել»:
Փոխնախարարը պատասխանեց, որ կադրերի հարց իսկապես կա. «Ծանր տեխնիկայի վերանորոգման համար Պոլիտեխնիկի ուսանողներին էինք առաջ նշանակում գործարանում, փորձ էին ձեռք բերում եւ հաշվվում էր դա որպես ծառայություն: Այդ ընթացքում ունեցանք լուրջ առաջընթաց, հետագայում այդ պրակտիկան դադարեցվեց: Գուցե նորից անդրադառնանք տվյալ հարցին»:
Ինչ վերաբերում է հայտնաբերման ժամանակակից սարքերին՝ նա ասաց. «Բանակի առաջ այդ խնդիրը վաղուց էր ծառացել: Մենք ունենք տարբեր տեսակի միջոցներ, բայց պետք են այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտան եղանակի ցանկացած պայմաններում կարճ ժամկետում հայտնաբերել դիվերսիան: Դա պետք է լինի սեյսմիկ կրիչների հիման վրա, ռազմարդյունաբերական համալիրի միջոցով աշխատանքներ ենք տանում, փորձում ենք նման սարքավորումներ ներկրել ՀՀ»:
Ալիկ Միրզաբեկյանն ասաց, որ վերջին 4-5 ամսվա ընթացքում տարբեր միջոցներով հայտնաբերման փորձարկումներ են անցկացրել, հիմա էլ անցկացնում են: Ավելին՝ փոխնախարարը հայտարարեց, որ այսօր տվյալ խնդիրը լուծելու համար համապատասխան ֆինանսական միջոցներն առկա են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ