Մի քանի օր հետո՝ մայիսի 16-ին, տեղի կունենա Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» ցենտրիստական կուսակցության հիմնադիր համագումարը, որին հրավիրված են ընդդիմադիր դաշտի բազում ներկայացուցիչներ։
– «Ալյանսի» կազմը հույժ գաղտնի եք պահում, դրան զուգահեռ, մամուլը բացահայտում է անուններ, որոնք նախկին նախագահի եւ գլխավոր դատախազի հետ են կապվում, նրանց մտերիմների շրջանակից են։
– Գաղտնիության մասով՝ մի քանի օրից կտեսնեք բոլորին։ Գլուխը քարին է տվել նա, ով կարող է մեզ կապել ինչ-որ մի ուժի, անհատի, բեւեռի, երեւույթի հետ, որը կարող է ունենալ միանձնյա ազդեցություն կամ մեզ համար անընդունելի ցանկացած ազդեցություն՝ լինի միանձնյա, թե ոչ։ Ինձ հայտնի մարդիկ են նաեւ գլուխը քարը տվողների շարքում, ովքեր պարապուրդի մատնվելու արդյունքում նստում-ելնում ու հնարովի պատմություններ են տեղեկատվական դաշտ նետում՝ իբր ինձ աջակցողների կամ նյութական սուղ վիճակի մասին, մենք փոքրիկ երկիր ենք, եւ ցանկացած ոք կարող է գալ մտնել մեր խոհանոց եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում։
Վերջին հաշվով, պարապուրդի մատնվածներին հորդորում եմ գիտակցել, որ կան մարդիկ, ում անցած ճանապարհը գնահատվում է, որոնք շարունակում են անշեղորեն քաղաքական կուրս իրականացնել, եւ դա գնահատվում է, ովքեր ունակ են կոնտակտ ապահովել հանրության ընկալող հատվածների հետ, իսկ մյուսներին գիտակցաբար եւս ընդունել որպես իրենց գործունեության շահառուներ։
Կարդացեք նաև
Քաղաքական դատարկ դաշտում (ես «դատարկ» բառն օգտագործում եմ՝ հաշվի առնելով հանրային պահանջարկը), եթե ես համարեի, որ մյուս կուսակցություններն ամբողջապես բավարարում են քաղաքական դաշտում, ես չէի լինի նոր կուսակցության հիմնադիրներից մեկը։ Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր փնտրում են ինչ-որ երեւույթներ «Ալյանսի» ստեղծման, հնարավորությունների, մարդկային ռեսուրսների մասին, հիշեցնում եմ, որ ՀՀ-ում մոտ 10 տարի գործում էր Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, որի վերջին համագումարին բոլորի աչքի առաջ ինքնալուծարվեց այնպիսի մի թիմ, որակյալ մարդկային ռեսուրս, որի առկայությունը բոլորի բերանները պետք է փակի։
– Ի դեպ, Ձեր քաղաքական անցյալն է նաեւ, որ Ձեզ խոցելի է դարձնում, շատերը կասկածներ ունեն մի քանի անգամ ձախողված եւ կուսակցությունից կուսակցություն տեղափոխված Ուրիխանյանի հանդեպ։
– Իհարկե, այդ հարցը որեւէ մեկը չի տալիս, այդ թերահավատությունը չկա, ես երբեւէ կուսակցություն չեմ փոխել, ընկերներիս, համախոհներիս հետ հիմնադրել եմ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, ստանալով ԲՀԿ մտնելու առաջարկ, կուսակցափոխություն չեմ իրականացրել, միավորելով բոլոր թիմակիցներիս, ինքնալուծարման համագումարով միավորվել ենք ԲՀԿ-ի հետ, իսկ ԲՀԿ-ից առանձնացել ենք, երբ ԲՀԿ առաջնորդը դուրս եկավ քաղաքականությունից։ Ինձ համար պատկերացնելու հնարավորություններից դուրս էր ԲՀԿ գործունեության ձեւաչափը Գագիկ Ծառուկյանի բացակայության կամ, ավելի կոնկրետ՝ առաջնորդի փոփոխության պարագայում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում