Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարական երեք պորտֆել «Հիմնադիր խորհրդարանի» համար

Մայիս 13,2015 10:27

Այսօր ո՞ր հայը իշխանությունը վերցնելու վճռականություն ունի. ոչ մեկը:

Քանի դեռ չենք վերագտել մեր տեսակին բնորոշ կենսունակության հատկությունները, ամեն կայսրության փլուզումից հետո հռչակած նոր պետականությունը կլինի դեկլարատիվ և «ուժեղների» ճանաչումից կախյալ:

Ռուսի հավատամքը ֆիզիկական ուժն է, թուրքինը՝ կենսաբանական էքսպանսիան , հրեայինը՝ փողը, չինացունը՝ աշխատանքը… Ամենքը իրենց շնորհը գիտեն, որով էլ աշխարհին հայտ են ներկայացնում և արևի տակ տեղավորվում: Իսկ ո՞րն է հայինը…

Պատմությունը վկայում է, որ հայը ի զորու է ավելի ուշ պատմական փուլ մտածների համար ճանապարհ հարթել կենդանական բնազդից դեպի գիտակցականություն: Դա ոչ միալար աշխատանք է, ոչ՝ փող, ոչ էլ՝ յաթաղան, այլ՝ քաղաքակրթության արարում:

Իսկ, եթե մենք մեր քաղաքակրթական – ծավալապաշտական հայտը ներկայացնենք… Եվ կներկայացնենք, քանզի վայրենի ցեղերից ազատվելու միակ միջոցը նրանց քաղաքակրթելն է: Բայց մի փոքր ուշ՝ մեր քաղաքակրթական ժառանգության կրողը դառնալուց հետո…

Բնազդից դեպի գիտակցականություն

Տեսակը վտանգից պահպանելու միջոցը բնազդն է, որը ենթակա չէ գիտակցական վերլուծության: Նա գործում է պարզունակ սկզբունքով սեփական գոյը ապահովելով իրենից թույլի հաշվին:

Արցախյան պատերազմի հաղթանակի գրավականն ազգային գաղափարախոսությունն էր: Տունդ ներխուժած ավազակը ի գիտություն չի ընդունում ոչ քո կրթության վկայագրերը և ոչ էլ ռոյալի վրա դրված պարտիտուրները:

Իսկ խաղաղ ժամանակներում ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվել կնշանակի տեսակդ հակադրել մնացյալ տեսակների հետ, արդյունքում մենակ մնալ ու հարկադրված որոնել դաշնակիցներ՝ կրոնական, աշխարհաքաղաքական, տնտեսական, պատմական արդարության կողմնակիցների, հակաթուրքական, ռուսամետ կամ հակառուս… կախված ողորմությանդ ակնկալիքից: Նման մոտեցման արդյունքում տրոհման եղանակով բազմանում են քաղաքական վերլուծաբաններն ու փորձագետները:

Ազգայինից դեպի ժողովրդավարական պետության անցումը հնարավոր է միայն մեզ շրջապատող հարևանների հետ համատեղ: Հարկ չկա դա քննարկել՝ հերքել կամ հաստատել, քանզի շենքի ետևում աճող չինարի ծառը տեսնելու համար դեռ պետք է հասնել շենքին… Բայց մինչև մեր հարևաններից ժողովրդավարություն ակնկալելը որոշենք մեր երկրում ապրելու կանոնները՝ զոռբայությու՞ն թե՞ փոխըմբռնում:

Բռնության բացառում

Իշխանությունը բռնազավթած կառավարության հեռացումը հեղափոխության ճանապարհով հնարավոր է միայն նրա արատների վրա սեփական արատներն ավելացնելով. «շնորհ», որից «Հիմնադիր խորհրդարանը» զուրկ է:

«100-ամյակը առանց ռեժիմի» երթի ավտոշարասյան մեքենաների հրկիզմանը, Բերձորի վայրագություններին, Գյումրու հանրահավաքում ՀԽ անդամի դանակահարությանը, ֆոտոխցիկների ու համակարգիչների բռնագրավմանը, անօրինական ձերբակալություններին ու մնացյալ բռնություններին ՀԽ-ի կողմից չարձագանքելը, ի վերջո, ռեժիմին ստիպեց գիտակցել, որ վերջինս քաղաքացիական անհնազանդություն է:

Եթե «Հարվածներին չպատասխանել – չնահանջել» սկզբունքի շնորհիվ Մահաթմա Գանդիին հաջողվեց 1949 թ-ին 350 միլիոնանոց Հնդկաստանն Անգլիաի լծից ազատագրել, ապա ի՞նչ փույթ է Հիմնադիր Խորհրդարանի ազնվականության համար անտարբերության ծովում շարունակել խեղդել սերժ-քոչարյանական ամենօրյա «վախերը»: Դրանք փայլուն ժողովրդավարական դրսևորումներ են, որոնք աննկատ չմնացին միջազգային կառույցների կողմից, և նրանց արձագանքն էլ երկար սպասել չտվեց: Կալանքից ազատվեցին ՀԽ անդամները:

Արդար ընտրություններ – Ժողովրդավարություն – Բարդ խնդիրների պարզ լուծումներ

Ինչպե՞ս հասնել արդար ընտրությունների, երբ ընտրամեքենաները զետեղված են դպրոցներում, իսկ սպասարկողները աշխատանքը կորցնելու շանտաժի տակ պահվող մանկավարժներն են և պետական ծառայողները: Լուծումը ավելի քան պարզ է. սատարել մանկավարժներին և պետական ծառայողներին, կրթության նախարարի, ինչպես նաև՝ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պորտֆելները հանձնել ՀԽ-ին: Ընդամենը և ոչ ավելին:

Ինչպե՞ս ՀՀ բնակչությանը տոգորել հավատով. դարձնել սեփական մշակույթի կրողը՝ մշակույթի նախարարի պորտֆելը հանձնել ՀԽ-ի նախագահ Գարեգին Չուքասզյանին: Ընդամենը և ոչ ավելին:

Եվ այսպես շարունակ. դանդաղ, բայց ոչ հապաղելով, արագ, բայց ոչ շտապ, սեփական երկրի ներսում առանց «մեծ» եղբոր կատարել իշխանության փոխանցում՝ անցում մի արժեհամակարգից դեպի մյուսը, տոտալիտարիզմից դեպի ժողովրդավարություն: Նման գործելաոճի պայմաններում հնարավոր կլինի աշխատանք տանել ժողովրդի հետ, ձերբազատել բողոքող- սպառողի հոգեբանությունից, ու նրան դարձնել երախտագետ – արարող:

Պարոնայք Սերժ Սարգսյան, Գալուստ Սահակյան, Հովիկ Աբրահամյան և իշխանական լծակների մոտ կանգնած մնացյալ այրեր, եթե իմ առաջարկից ավելի լավը գիտեք, ասեք: Հիշեք, որ դուք 1920թ-ի դաշնակցականներից ավելի լավը չեք, իսկ Հիմնադիր Խորհրդարանն էլ բոլշևիկներից ավելի վատը չէ:

Եթե առաջարկս հարիր չէ ձեր խղճին ու բանականությանը, ապա թող ձեր մեջ խոսի ինքնապաշտպանական բնազդը: Հայոց հազարամյա քաղաքակրթությունը Բաքոսին ապավինած Հյուսիսի վայրենիների (ըստ Նապոլեոնի) ետևից քարշ տալու համար կգա պատասխանի ժամը: Բայց ձեզ չի սպասում ոչ Հաագայի և ոչ էլ գալիք ժողովրդավարական ՀՀ-ի դատարանը:

Ռուսական կայսրությունը իրեն ծառայած-սպառած, ոչ պիտանի կադրերը պարբերաբար վերացնում է: Եթե ձեր մեջ չկան միկոյանական «հանճարներ», ապա հիշեք, որ ձեզանից ոչ Սերժ Սարգսյանն է Կարեն Դեմիրճյանից ավելի լավը, ոչ Գալուստ Սահակյանը՝ Աղասի Խանջյանից ու Սերգեյ Բադալյանից, ոչ Հովիկ Աբրահամյանը՝ Սահակ Տեր-Գաբրիելյանից ու Անդրանիկ Մարգարյանից, ոչ Գորիկ Հակոբյանը՝ Մարիուս Յուզբաշյանից, ոչ Գևորգ Կոստանյանը՝ Վլադիմիր Նազարյանից, ոչ Վլադիմիր Գասպարյանը՝ Վահրամ Խորխոռունուց, ոչ Երվանդ Զախարյանը՝ Համբարձում Գալստյանից, ոչ Սուրեն Խաչատրյանը՝ Տիգրան Պետրոսյանից, ոչ Մանվել Գրիգորյանը՝ Վազգեն Սարգսյանից, ոչ Մհեր Սեդրակյանը՝ Լևոն Գուլյանից…

Օրինակներս շարունակեք, մտաբերեք այնքան ժամանակ, մինչև ձեզ մոտ որոշակի համոզմունք ձևավորվի: Եթե ձեր պատմական գիտելիքները տկար են կամ ձեզ հետաքրքրում է քաղաքական սպանությունների վիճակագրությունը, ապա դիմեք Հրանուշ Խառատյանին, նա ձեզ մինչև Խաչատուր Աբովյան կուղեկցի:

Ներընտանեկան իշխանափոխության բանակցային գործընթացը համարենք սկսված:

Վահագն ԿՈԶՄՈՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Պիտի խոստովանեմ , որ վերջին տարիներին «ենթագիտակցությանս» ինչ որ անկյունոմ տեղավորվել էր մեծ հայ Գրիգոր Գյուրզադիանի արտահայտած այն ահագնելի միտքը թե «մեր ազգի համար գուցե հասել է…»: Այսօր կարդալով այս հիրավի Ազգային փոխհամաձայնության, ազգի փրկության ծրագիրը, կարծում եմ ավելի պատեհ ժամանակ չէր կարելի հրապարակել այն:
    Այնպես ինչպես Արցախի համար ողջ հանրապետության բնակչությունը , ինչպես եվ ողջ սփուռքը ոտքի ելավ, այսօր թերեվս ազգապահպան «Գոյը Պաշտպանելու Բնազդը» պիտի օգնի մեզ արթնանալու, իրար ՁԵՌՔ ՍԵԽՄԵԼՈՒ ու ասելու ԲԱՎ Է…
    Կարծում եմ հարկավոր է Վահագնի այս Ծրագիրը հասցնել ռչ միայն Հայաստանի բոլոր քաղաքացիներին այլ սփյուռքի բոլոր համայնքներին, կազմակերպություններին … չեր խանգարի ,որ ինչպես Սարդարապատի օրերին, բոլոր զանգակատների զանգերը «ղողանջեին» այսօրվանից…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031