Լրահոս
Օրվա լրահոսը

Էլոն Մասքի հեղափոխությունը

Մայիս 13,2015 10:04

Ինչի՞ համար են աշխարհում բռնկվում բազմաթիվ պատերազմները: Իհարկե, պատճառները տարբեր են, որոնց թվում էական է պայքարը օգտակար հանածոների եւ առաջին հերթին էներգակիրների համար: Քանի դեռ տնտեսությունը եւ մարդկանց կյանքը կախված են գազից ու նավթից, դժվար է ակնկալել, որ պետությունները չեն զոհաբերի իրենց քաղաքացիներին՝ իրարից այդ բարիքները խլելու համար: Ավելին՝ նույն ռեսուրսի շնորհիվ գոյատեւում են ամբողջատիրական եւ խիստ ավտորիտար ռեժիմներից շատերը. թագավորները, շեյխերը, օլիգարխները, «առաջնորդները», այսպես ասած, «նստած են նավթի խողովակի վրա», ապահովում են իրենց քաղաքացիների քիչ թե շատ տանելի կյանքը, պահում են նրանց կախման մեջ եւ չեն զարգացնում, շահագրգռված չեն զարգացնելու տնտեսության այլ ճյուղեր:

Նույն նավթի եւ գազի պատճառով ավելի առաջադեմ եւ ժողովրդավարական ռեժիմները ստիպված են հանդուրժել ու նույնիսկ «ընկերություն անել» վայրագ եւ հակամարդկային ռեժիմների հետ: Դրա դասական օրինակն են Սաուդյան Արաբիայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները: Նույն գործոնը հնարավորություն է տալիս նաեւ Ռուսաստանին շանտաժի ենթարկել եվրոպական երկրներին, որոնք ստիպված են աչք փակել այդ երկրի ներկայիս քաղաքականության վրա, որպեսզի ձմռանը տաքանան ռուսաստանյան գազով:

Բայց ենթադրում եմ, որ գազի-նավթի դարաշրջանը դեռեւս մեր կյանքի օրոք կապրի իր մայրամուտը: Խոսքը ոչ միայն շերտաքարային գազի մասին է, որը կարող է փոխել «գազային երկրների» ուժերի հարաբերակցությունը: Խոսքը սկզբունքորեն նոր տեխնոլոգիաների մասին է, որոնք ստեղծվում են առաջին հերթին Ճապոնիայում եւ Միացյալ Նահանգներում:

Այս տարվա ապրիլի վերջին ամերիկացի հայտնի գործարար Էլոն Մասքը շուկա է հանել Powerwall տնային մարտկոցը (գինն առայժմ բարձր է՝ $3,5 հազար), որը կարող է պահեստավորել արեւից եւ քամուց ստացած էլեկտրաէներգիան: Այդպիսի երեք մարտկոց մեկ անգամ լիցքավորելով կարելի է ունենալ 30 կիլովատ հզորություն, որը միջին ընտանիքի օրական սպառումն է: Այդպիսով մարդկությունը կանգնած է հզոր վերականգնվող էլեկտրաէներգիա ստանալու շեմին, որը կօգտագործվի նաեւ թե ավտոմեքենաների համար եւ թե արդյունաբերության մեջ: Ըստ Մասքի՝ 2 միլիարդ մարտկոցը, որը նա պատրաստվում է արտադրել, կլուծի մարդկության համար վերականգնվող էլեկտրաէներգիայի խնդիրը:

Բացի էկոլոգիական եւ զանազան այլ առավելություններից, այդ հեղափոխական տեխնոլոգիաները մարդկանց կտան ամենակարեւորը՝ անկախություն: Իմ տան հոսանքն այլեւս կախված չի լինի ապաշնորհ էլցանցերից: Իմ երկրի էներգիան կախված չի լինի որեւէ երկրից եկող գազի կամ նավթի խողովակներից: Դա, իմ կարծիքով, գիտական ֆանտաստիկա չէ, միանգամայն իրատեսական հեռանկար է:

21-րդ դարում մարդիկ սկսել են վաճառել ոչ թե գազը, նավթը կամ օգտակար հանածոները, այլ տեխնոլոգիաները, վերջին հաշվով՝ իրենց գիտելիքները: Եվ այստեղ մենք՝ հայաստանցիներս, մեր խոսքն ունենք ասելու:

Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ջիվան Նադարյան says:

    Շատ հետաքրքիր և մխիթարող նյութ է պարոն Աբրահամյան: Իմ կարծիքով հոդվածում ձեր վերլուծությունները և դիտարկումները ամբողջությամբ տեղավորվում են ողջամտության և իրատեսության սահմաններում: Առանձնահատուկ ուշադրության է արժանի հատկապես հոդվածի վերջին պարբերությունը:

  2. Մարդ says:

    Բացի նրանից որ շուտով ստիպված կլինենք արեվահարկ կամ քամիահարկ վճարել, մարտկոցը ապահովագրել, անվտանգության բաժնին հարկ տայլ եվ նման բաներ, ապա մնացածը լավ կլինի.

  3. gib.gibindus says:

    Ինչքան գիտեմ, հայաստանյան գյուղերի մեծամասնությունը նստած է “աթարի” վրա: Գոմաղբից մինչև Էլոն Մասքի գյուտը որիշ վառելիք չկա՞: Այ աթարի մասին հայրենական գիտելիքները տարածելուց էլ պետք է սկսել: Թե չէ “հացուպանրից” ատոմային ռումբ սարքողներից պրծում չկա:

  4. Գալուստ Ենոքյան says:

    Մոտ հարյուր տարիա առաջ սերբ հանճարեղ գիտնական Նիկոլա Թեսլան ( որ Էլոն Մասքի կուռքն է) պատրաստ էր մարդկությանը անհամար քանակությամբ էներգիայով ապահովել , նույնիսկ մի բաժակ ջրով…

    Նրա պատենտները մինչեվ հիմա էլ օգտագործվում են տեխնոլոգիաների ու արդյունաբերության տարբեր ոլորտներում:
    Ցավոք նավթարդյունաբերական եվ ուրիշ էներգետիկ ճյուղերի տերերը , ինչպիսիք էին Ռոկֆելլեները եվ Էդիսոնները կարողացան չարաբաստիկ հնարքներով չեզոքացնել Թեսլայի գյուտերը, ապա թե ոչ մարդկությունը այսոր զարգացած սոցիալիզմին հասած կլիներ…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031