Լրահոս
Օրվա լրահոսը

Ուորլիք. Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելի ակտիվ բանակցել. «Ամերիկայի Ձայն»

Մայիս 13,2015 00:11

«Ամերիկայի Ձայն». Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասաց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները:

«Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը, և այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում», – նշեց Ուորլիքը:

Դիվանագետի խոսքով՝ միջնորդների դերը հենց բանակցությունների շրջանակների նախապատրաստումն է․ – «Այնպես որ, մենք շուտով տարածաշրջան կայցելենք՝ նախագահների հանդիպումը նախապատրաստելու նպատակով»:

Դրական գնահատելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները՝ Ջեյմս Ուորլիքը նշեց, որ իր տպավորությամբ՝ հակամարտության բոլոր կողմերը ցանկանում են խնդրի խաղաղ կարգավորման հասնել: «Ես հավատում եմ, որ թե՛ նախագահ Սարգսյանը և թե՛ նախագահ Ալիևը ցանկանում են բանակցությունների միջոցով լուծումը գտնել այս հակամարտության՝ հակամարտության, որն արդեն չափից ավելի երկար է շարունակվում և որն արդեն չափից ավելի մարդու կյանք է խլել: Մենք ցանկանում ենք այս ամենին վերջ դնել», – հայտարարեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Ուորլիքի խոսքով՝ տարածաշրջան նախատեսված այցի ընթացքում միջնորդները կարող են հանդիպումներ անցկացնել նաև Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031