Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ դուրս են գալիս փողոց, իսկ բիզնեսի խնդիրները լուծվում են չինովնիկների գրասենյակներում

Մայիս 13,2015 16:30

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Լոռու մարզի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շուրջ, որի ղեկավարը Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբայրն է, կրքերը չեն հանդարտվում: Մարդիկ դուրս են գալիս փողոց, ստորագրահավաքներ կազմակերպում, իսկ արդյունքում պարզվում է, որ տարիներ շարունակ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվում են խախտումներ, սակայն կամ տուգանքներ չեն նշանակվում, կամ նշանակված տուգանքներն ավելի շատ զավեշտի են նմանվում:

Նախ` էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն է 2013 եւ 2014 թվականներին ստուգումներ իրականացրել «Ախթալայի ԼՀԿ»-ում, որոնց արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման ոլորտի եւ պայմանագրային պարտավորությունների կատարման որոշ խախտումներ, ընդ որում` խախտումների մի մասն արձանագրվել է նաեւ 2013 թվականին իրականացված ստուգման ժամանակ, այնուհետեւ բնապահպանության նախարարությունն է բնապահպանական օրենսդրության մի շարք լուրջ խախտումներ հայտնաբերել, ինչի համար նշանակվել է վարչական տուգանք՝ 300 հազար դրամի չափով, իսկ շրջակա միջավայրի աղտոտման եւ տրված չափաքանակից ավելի ջրային ռեսուրսների օգտագործման համար կազմվել է 5.19 մլն դրամի վնասի վերականգնման ակտ: Իսկ թե ինչու որեւէ մեկը ժամանակավոր չի կասեցրել ընկերության գործունեությունը, մինչ կվերացվեն համապատասխան խախտումներն ու բնությանը հասցված վնասները, այն էլ այն դեպքում, երբ միեւնույն խախտումն արձանագրվել է 2 տարի անընդմեջ, այդպես էլ մնում է չբացահայտված:

Մաքսիմ Հակոբյանը վայելում է պետական հովանավորություն նաեւ գյուղատնտեսության ոլորտում: Դեռեւս 2011թ.-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երշիկ արտադրող 21 ընկերությունների անբարեխիղճ մրցակցություն իրականացնելու եւ սպառողներին մոլորեցնելու համար տուգանեց սահմանված առավելագույն պատժաչափով՝ նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որոնց թվում էր նաեւ «Մարիլա» ընկերությունը, որի արտադրանքի մեջ օգտագործվել էր գոմեշի միս եւ սոյա՝ առանց մակնշման:

Մինչդեռ սննդի շղթան վերահսկվում է սննդի անվտանգության պետական ծառայության կողմից, որը մինչ օրս չի պարզաբանել՝ հայտնաբերված խախտումները վերացվե՞լ են, թե՞ ոչ: Ավելին, նշյալ ընկերությունում ստուգումներ չեն իրականացվել նույնիսկ այն պարագայում, երբ ըստ բժիշկների՝ սպանդանոցում գրանցված բրուցելոզն իր ախտանիշներով ավելի շատ նման է խոշոր եղջերավոր կենդանուց վարակի: Չնայած նրան, որ նշյալ կառույցի հայտարարության մեջ նշվում է, որ եթե սպանդանոցը պահպաներ կենսանվտանգության բոլոր չափորոշիչները, անկախ նրանից՝ կենդանին հիվանդ է, թե ոչ, նշյալ դեպքը չէր գրանցվի, այդուհանդերձ՝ վարչական պատասխանատվություն չի սահմանվել ու ինչպես հարկն է՝ չեն ստուգվել ո՛չ տավարաբուծական ֆերման, ո՛չ էլ կաթի եւ մսի արտադրությունները: Միայն ուսումնասիրություն է եղել, ինչը կառույցի պատասխանատուները նշում են, թե հավասար է ստուգումների: Դեռ ավելին, գյուղնախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը փորձում է համոզել, որ հնարավոր է սպանդանոցի 19 աշխատողներ բոլորն առանձին-առանձին վարակվել են իրենց կամ հարեւանների տներում, բայց ոչ սպանդանոցում:

Հավանաբար գործադիրի ներկայացուցիչները այդքան էլ լուրջ չընդունելով այս ամենը՝ սպասում են բազմամարդ բողոքի ակցիայի արդեն կառավարության շենքի դիմաց, որին հնարավոր է՝ հաջորդի վարչապետի խիստ հանձնարարականը:

ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.05.2015 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031