Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունը պետք է ԿԲ-ին որոշակի ճնշումների ենթարկի»

Մայիս 13,2015 16:00

Այս կարծիքին է տնտեսագետ Գագիկ Մակարյանը

ԱՄՆ-ն ու Եվրամիությունը վերջերս ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի հետ տնտեսական կապերը խթանելու հարցում, ինչը «Հայաստանի հանրապետական գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ «ավելի համեստ վիճակի կբերի Ռուսաստանին»: Տնտեսագետ Գագիկ Մակարյանը գտնում է, որ մեր երկրի կառավարությունը պետք է փոխի մինչ այժմ գոյություն ունեցող սխեմաները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են ընձեռում ամեն պատեհ-անպատեհ առիթով հիշեցնել, որ ՌԴ-ում այդքան հայ են ապրում ու աշխատում, որ մեր բյուջեն ու կեցությունը Ռուսաստանով են պայմանավորված եւ այլն:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Մակարյանն անդրադարձավ նաեւ տնտեսական ոլորտի պատասխանատուների հայտարարություններին: Մեր հարցին՝ չնայած տնտեսական աճի անկմանն ու առեւտրի ծավալների նվազմանը, վերջերս էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ 4,1 տոկոս տնտեսական աճը վերանայելու կարիք չկա, ինչի՞ վրա են հույսները դրել, Գագիկ Մակարյանն ասաց՝ հավանաբար տնտեսությունը խթանող մեխանիզմների. «Ուշադրություն դարձրեք, վերջին 4 ամսում որքան նոր, հետաքրքիր նախագծեր ընդունվեցին արագ-արագ եւ դեռ կընդունվեն: Այսինքն՝ այսօր կառավարությունը շոկային թերապիայի մեթոդով է գնում, որտեղ կա հնարավորություն՝ կառավարությունը միանգամից ուզում է այդ հնարավորությունն օգտագործել»: Պարոն Մակարյանի խոսքերով՝ 4,1 տոկոսը վերանայելու կարիք չի լինի, եթե կառավարությունը եւս մի քանի քայլ ձեռնարկի:

«Կառավարությունը պետք է շոկային թերապիային զուգահեռ նաեւ հեռահար ռազմավարությունները գործարկի, որովհետեւ սրանք կետային նշանակություն ունեն, բայց պետք է համակարգային անել՝ հատկապես՝ փոքր բիզնեսի նկատմամբ ավելի համակարգային ավելի ազատականացված մոտեցում է պետք»:

Տնտեսագետի համոզմամբ՝ թափանցիկ պետք է դառնան նաեւ բարեփոխումների նպատակով մեր երկիր եկող ռեսուրսների, մասնավորապես՝ վարկերի օգտագործումը եւ

գումարները վերցնելը, կամ մոնիտորինգի գործընթացում պետք է ընդգրկվեն այնպիսի կազմակերպություններ, որոնք կարողանան ընդդիմախոսել. «Որպեսզի մենք կարողանանք եւ թափանցիկություն հաղորդել, եւ հակակոռուպցիոն մոդել դնել, այսինքն՝ ոչ թե հաշվետվությունը լսենք վերջում, որ արդեն դանակը ոսկորին է հասել՝ լավ է կամ վատ է, կամ Վերահսկիչ պալատն ինչ-որ բաներ գտնի, այլ ընթացքում դա երեւա, եւ ընթացքում այդ հսկողությունը լինի»:

Գագիկ Մակարյանն ասաց, որ այդ խնդիրները բարձրացրել է Եվրոպական ներդրումային բանկի առաջ՝ Ժնեւում քննարկման ժամանակ. «Համարյա բոլոր երկրներում այդ խնդիրը առկա է. երբ որ նրանք հարց տվեցին, թե դուք գիտե՞ք մենք ձեր երկրներում ի՞նչ ենք անում, ինչքան գումարներ ենք տրամադրում, գրեթե ոչ ոք տեղյակ չէր: Սա էլ է թափանցիկության խնդիր, կոռուպցիան առաջանում է, երբ ինչ-որ բան ստվերային է, թափանցիկ չէ, հստակ չէ. սա շատ կարեւոր է: Եվ սրանով զգոնության բերի բոլոր կատարող մարմիններին»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ թափանցիկ չէ, արդյոք կարելի՞ է ենթադրել, որ այդ ցածր տոկոսով վարկերը, որոնք մեր երկիր են գալիս, ավելի շատ օլիգարխ-պաշտոնյաների բիզնեսների բարգավաճմանն են ուղղվում, պարոն Մակարյանն ասաց՝ չի բացառվում.

«Կարող է իրենց ընկերություններին են ուղղում, կարող է իրենց բարեկամների բիզնեսին: Հատկապես նախորդ կառավարության դեպքում համարյա թե հիմնականում այդպես էր լինում, շատ քիչ դեպքեր կային, որ ուղղակի ընկերություններ էին, որոնք շահում էին այդ հնարավորությունից: Կառավարությունը կարող է հեռու քաշվել եւ ասել՝ սա էլ է տնտեսվարող, սա էլ, բայց դու չգիտես, թե սրա թիկունքում ով է կանգնած, եւ իրականում ով ստացավ վարկը»:

Գագիկ Մակարյանի կարծիքով՝ կառավարությունը կարող է «տակ տալ» իր ծրագրերում, եթե Կենտրոնական բանկի հետ նորմալ հարաբերություններ չզարգացնի. «Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է Կենտրոնական բանկին որոշակի ճնշումների ենթարկի որովհետեւ ԿԲ-ն ունի էգոիստական եւ պեդանտ կեցվածք, որը չի օգնում»:

Պարոն Մակարյանը հիշեցնելով այս տարվա դեկտեմբեր-հունվար ամիսներին տեղի ունեցած դրամ-դոլար փոխարժեքի տատանումները, ինչի հետեւանքով տնտեսությունը հերթական ցնցումն ապրեց, ասաց, որ Կենտրոնական բանկի օգտագործած՝           իրավիճակը մեղմելու մեխանիզմն այնքան էլ ճկուն չէր: Գագիկ Մակարյանի խոսքերով՝ 5 ամիս անց էլ ԿԲ-ն շարունակում է նույն գործելակերպը՝ նպաստելով տնտեսության թերակտիվացմանը:

«Քանի որ քաղաքացիները հիմնականում ավանդները դնում էին դոլարով, ԿԲ-ն որպեսզի զսպի պրոցեսը, բանկերին ստիպում է, որ դոլարով վերցված ավանդի դիմաց 12 տոկոսի չափով հայկական դրամ պահուստային ֆոնդի ձեւով գումար սառեցնի: Այդ ճգնաժամային՝ դեկտեմբեր-հունվար ամիսներին այդ տոկոսը բարձրացվեց 24 տոկոս, հետո իջեցրեց 20 տոկոս ու մինչեւ հիմա պահել է 20 տոկոս: Դա բերեց նրան, որ դրամը ավելորդ դուրս եկավ շրջանառությունից, 20 տոկոսի չափ դրամ տարան՝ սառեցվեց: Այսօր բանկերում դրամի դեֆիցիտ կա, բայց դա իրենք չեն խոստովանում, բայց չեն կարողանում նույնիսկ սպառողական վարկեր տրամադրել, իսկ փողի դեֆիցիտն ազդում է տնտեսության աշխուժության վրա: Դրամը շրջանառությունից հանելը եւ սառեցնելը մեր տնտեսությունում ակտիվությունը մեռցնում է, որովհետեւ փող չկա, մի շարք գործարքներ չեն կատարվում: Տնտեսական աճի ապահովման վրա այ, սա կարող է ազդել, եթե կառավարությունը չկանխի, արդեն 5-րդ ամիսն է, եւ դեռ այս վիճակը պահում ենք: Հիմա կառավարությունը կամ պետք է Կենտրոնական բանկին հորդորի, որ 20 տոկոսից իջնի՝ դարձնելով այդ տոկոսադրույքը 18-15 տոկոս, կամ մեկ այլ ճկուն մեխանիզմ կիրառի»:

«Առավոտի» այն հարցին էլ, թե տնտեսագետները վստահեցնում են, որ դոլարի փոխարժեքը կրկին բարձրանալու է, քանի որ այս ամիսների ընթացքում կառավարությունն արհեստականորեն զսպում է սոցիալական վիճակից ելնելով, Գագիկ Մակարյանը կանխատեսեց, որ դոլարը մինչեւ 650-680 դրամ կբարձրանա, քանի որ բոլոր տնտեսագիտական հաշվարկները դա են ցույց տալիս: Իսկ թե ինչի հաշվին կամ որքան կարող են արհեստական պահել դոլարի այս փոխարժեքը, պարոն Մակարյանն ասաց, որ դեռեւս կառավարությունն իր ռեսուրսների հաշվին պահում է. «Կենտրոնական բանկը կարող է ավելի ճկուն մեխանիզմներ կիրառել, բայց չի անում»,- նկատեց պարոն Մակարյանը: Տնտեսագետն ասաց, որ մեր տնտեսության համար խոցելի չափանիշներից մեկը մնում է վարկերի ստացումը. «ԿԲ-ն դրսից ստանում է այդ գումարները ցածր տոկոսով կամ չնչին, կամ առանց տոկոս, եւ ինքը դնում է իր տոկոսը, տալիս բանկերին, որոնք էլ իրենց հերթին են իրենց տոկոսը դնում եւ բիզնեսը կամ հասարակությունը ստանում է թանկ փողեր, որոնք ձեռնտու չեն»:

Մեր այն հարցին, թե միջազգային կառույցների գնահատականներով՝ Կենտրոնական բանկի պահվածքն այդ ճգնաժամային ամիսներին համարժեք է եղել, եւ ԿԲ-ն, ըստ այդ կառույցների ղեկավարների, ճիշտ պահվածք է դրսեւորել, Գագիկ Մակարյանն ասաց. «Միջազգային կառույցներն էլ ունեն պեդանտություն, միջազգային կառույցներն էլ ունեն իրենց շահերը վերադարձելիության առումով: Երբ նրանք ինչ-որ գումարներ են տալիս, իրենց վերադարձելիության երաշխիքներ են պետք»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031