Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են հանցագործները

Մայիս 13,2015 15:30

Հետևելով TV-ներով և սոցցանցերով տրվող լրատվությանը, մարդ ակամայից սարսռում է, քանի որ ամեն երրորդ լուրը այս կամ այն բնույթի հանցագործության մասին է: Եթե նույնիսկ ոչ ուղղակի առումով, ապա գոնե ակնհայտ անճոռնի ու բարոյազուրկ մի արարքի, որը ոչնչով չի զիջում բացահայտ հանցագործությանը:

Հասկանալի է, որ կրիմինալ խրոնիկան լրատվության թուլությունն է: Բայց չէ՞ որ դա ևս մեր իրականության յուրօրինակ պրոյեկցիան է: Միանգամից ասենք, որ ոչ մի մարդ հանցագործ չի ծնվում: Նրան այդպիսին է դարձնում դաստիարակությունը, կրթությունը և կոնկրետ՝ հասարակությունը: Երեխան ծնվում է անեղծ և այո, նաև իմաստուն, իսկ թե ինչ է տեղի ունենում հետո, այլ հարց է: Թեև վերջին շրջանում գիտությունը հայտնաբերեց նաև հանցագործության գենետիկական հակվածության իրողությունը, որն արդեն խոսում է երևույթի առավել բարդ լինելու մասին: Այս ամենը կքննենք քիչ ավելի ուշ, իսկ մինչ այդ փորձենք հասկանալ հանցագործության խորքային պատճառներից մեկ-երկուսը:

Տարիներ առաջ, ամերիկյան դատարաններից մեկում դատում էին մի երիտասարդի, ով սպանել էր բացարձակ անմեղ մարդու: Դատավորի այն հարցին, թե ինչպե՞ս կարողացար սպանել մեկին, ով քեզ ոչ մի վատ բան չէր արել, մեկին, ում բացարձակ չէիր ճանաչում, նա հանգիստ պատասխանեց. «Այո, դա այդպես է և խնդիրն էլ ամենևին այդ մարդը չէր: Բայց հիմա տեսեք՝ ինչ է կատարվում իմ արարքի շուրջը, այսքան պատվարժան մարդիկ, դատավորներ, լրագրողներ ու փաստաբաններ ինձնով են զբաղված: Ես թերթերի առաջին էջերում եմ, ինձ ցուցադրում են բոլոր TV-ները, ես հիմա ՆՇԱՆԱՎՈՐ մարդ եմ, ինչը ես երազել էի ողջ կյանքում»: Այսինքն՝ այն, ինչը փափագում է մարդկության 97%-ը, սակայն տղան հիմարաբար ընտրել էր իր երազանքն իրական դարձնելու ամենավատ տարբերակը:

Ըստ հավաստի վիճակագրության, հանցագործությունների 50%-ը տեղի է ունենում աղքատության հողի վրա: Հասարակ գործի տեր մարդուն հասարակությունը չի հարգում: Ցավալի է, բայց դա իրոք այդպես է: Եթե սովորական վարսավիրը, խոհարարը կամ չինովնիկն իրեն զգաց հարգված, նրա գործը գնահատվեց ըստ արժանվույն, ի՞նչ եք կարծում, նա կդիմի՞ հակաօրինական քայլերի, եթե, իհարկե, չկան հոգեբանական այլ շարժառիթներ: Հազիվ թե: Որպես կանոն, հասարակությունը և պետությունն առանձնապես շահագրգռված չեն հանցագործությունների խորքային պատճառները գտնելու և վերացնելու գործում: Դա վտանգավոր է, դա անելու դեպքում նրանք ստիպված են հիմնովին վերափոխել հասարակության ժամանակակից կառուցվածքը: Հետևաբար, մնում է մի բան. անարդարությունները մասնակի սանձելու և չափերի մեջ դնելու նպատակով ուժեղացնել ոստիկանությունը, բանակը, հսկող կառույցները և այլն: Սա նշանակում է՝ ընդամենը շրջանցել հանցագործությունների հիմնական պատճառների վերցման հարցը, ասել է թե՝ ճահիճը թողնել տեղում և ժամանակ առ ժամանակ հավաքել մակերեսի մամուռը: Արդյունքում, հանցագործությունների ծավալները մնում են գրեթե անփոփոխ, իսկ կալանավայրերը մեղմացնելով, թե խստացնելով իրենց պատժական ռեժիմները, միևնույն է, այդպես էլ կարգազանցներին չեն փոխում: Երկրում փաստաբանների թիվն անշեղորեն ավելանում է, իսկ նրանց և դատական չինովնիկների աշխատավարձերն ու հոնորարները՝ քառապատկվում:

Ինչպես կարող են փոխվել այնտեղ հայտնվածները, երբ բանտը իսկական համալսարան է սկսնակ դատապարտվածի համար: 7-8 տարի «ուստեքի» դասընթացները յուրացնելուց հետո նա դառնում է իր գործի փայլուն փորձագետ, իսկական պրոֆեսոր, իսկ կրեդոն էլ դառնում է ոչ թե չանել վատ բաներ, այլ ՉԲՌՆՎԵԼ ոչ մի պայմանով: Հասարակությունը նրանց ուղարկում է բանտ՝ իբրև ինքնագործ օրինազանցներ և բանտից ստանում որպես պրոֆեսիոնալներ:

Սա է մերկ ճշմարտությունը: Այս ամենը տեղի է ունենում ամբողջ աշխարհում, սակայն, եթե սոցիալապես զարգացած երկրները ինչ-ինչ ձևերով փոքր-ինչ մեղմում են մարդկանց ու սոցիալական խավերի միջև առկա անարդարությունների վիհը, ապա ինչ ասենք մենք, երբ հանցագործն ու կաշառակեր դատավորը մի ակնթարթում ախպերանում են: Մեր մասին խոսելը կարծես ավելորդ է, քանի որ Հայաստանի իրավական համակարգը և արդարադատությունն առ այսօր շարունակում է սպասարկել կամ ավելի ճիշտ՝ անգնահատելի ծառայություններ մատուցել քաղաքական ու ֆինանսական օլիգարխիային և կոռումպացված համակարգին: Մեր իրավապահ կառույցները և դատարաններն աղքատին ու հարուստին, չինովնիկին ու սովորական քաղաքացիներին քերթելու հրեշավոր մեխանիզմ է, ոչ ավելին: Իսկ մեծ հաշվով, այլասերություն ծնող արմատը միայն այն չէ, որ օրենքի պահապանը հենց օրենքի թշնամին է, այլև նաև այն, որ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ և ՊԱՏԻԺԸ, ըստ էության, նույն բանն են և մարդկությունը դեռ չի գտել այս պարադոքսի լուծման բանալին:

Եկեք մի պահ ընկնենք իդիլիայի գիրկը և պատկերացնենք, թե ինչպես աշխարհում վերացել են անարդարությունները: Այդ դեպքում, ինչ են անելու ոստիկանների, դատավորների, փաստաբանների և մյուս հսկող ու պատժող ծառայությունների բազմահազարանոց բանակները, ինչի են պետք լինելու իրավաբանական ֆակուլտետներն ու ոստիկանաստեղծ դպրոցները: Այս ուտոպիստական զեղումը անում ենք միայն նրա համար, որպեսզի պարզ դառնա, թե ինչո՞ւ պիտի ժամանակակից հասարակությունն առանձնապես չշտապի հանցագործությունների խորքային պատճառները հասկանալու և շտկելու գործում: Հիմա խոսենք հանցագործություններ ծնող ամենալուրջ ու ցավոտ հարցի մասին: Տեսեք, դպրոցներում, քոլեջներում, համալսարաններում և ընտանիքներում ինչ ավելորդ ինֆորմացիա և միտք ասես, որ չեն խցկում երեխաների գլուխը: Սակայն և ոչ մի կրթօջախում մեզ չեն սովորեցնում, թե ինչպես վարվենք մեր հույզերի ու զգացմունքների հետ: Մենք չգիտենք՝ ինչ պետք է անել, երբ վախը, զայրույթը, ատելությունը, խանդը, նախանձը, վրեժի զգացումը, սեքսուալ կատաղի ցանկությունները, իշխելու տենչը և մյուս ավերիչ կրքերն ու զգացմունքները գաղութացնում են մեզ, մեր ուղեղն ու հոգին: Մեզ ամենաշատն ասել են՝ թաքցրու, վանիր, հեռու վանիր դրանք, զսպիր, ճնշիր: Մենք արել ենք դա, բայց դրանից շատ բան չի փոխվել, ավերիչ կրքերը չեն անհետացել, չեն նվազել: Դրանք ամենաշատը տեղափոխվել են ապրելու մեր ենթագիտակցության նկուղներում: Է, եթե այսպես է, ճիշտ չի,՞ արդյոք, գնալ Աստծուն գանգատվելու, թե՝ «Եղբայր, էս ինչ վտանգավոր հորմոններ ես ինձ տվել, բայց չես ասել, թե ոնց դրանք սանձեմ: Հոգեբանների ու քահանաների տված խորհուրդներն էլ օգուտ չեն տալիս»: Այո, մարդկությունը դեռևս չունի հուսալի զրահ՝ իր կենսաբանությանը և վտանգավոր կրքերին դիմակայելու համար: Մարդուն կամ օրենքն ու օրենքի ծառաներն են սպառնում բանտերով, կամ էլ՝ չար բան մտածելու կամ անելու համար բարոյախոսներն ու քահանաներն են վախեցնում դժոխք ուղարկել: Այն օրը, երբ քաղաքական համակարգը կձգտի անկեղծորեն հաստատել արդարություն, իսկ դպրոցներում և ամենուր կսովորեցնեն, թե ինչպես պետք է վարվել անառողջ կրքերի հետ, ինչպես տրանսֆորմացնել սեփական հոգում կուտակված մութ հույզերը, այդ օրը կդառնա բեկումնային, հանցագործություններից և հանցագործներից ազատվելու գործում: Սա է պրոբլեմի լուծման ճշմարիտ ու հումանիստական ճանապարհը: Ավաղ, հասարակությունը դեռևս պատրաստ չէ ոչ մեկին և ոչ էլ մյուսին:

 Մանվել ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.05.2015 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եվ կրթական և դատական համակարգերը գործում են “տեսնենք ինչ կլինի”, “մեկ ա, էսպես եկել ա, էսպես գնալու ա” սկզբունքներով: Ինչ որ բան փոխելու համար պատճառ են բերում գումար չլինելը, գումար չլինելը կապում են վատ տնտեսական վիճակի հետ: Հարցերը կան, պատասխանները չկան, չկան նաև շահագրգիռ ուժերը- դրանք լուծելու: Մնում են մենակ շատ խոսող ժուռնալիստերը, որ զանգ են խփում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031