Վերջերս Լոս Անջելեսի հեղինակավոր Wilshire Ebell Theatre-ում կայացավ «Արամ Սաթյան եւ Սաթյան երաժշտական դինաստիա» խորագրով երեկոն:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ ԱՄՆ-ում կայացած երեկոյին հնչել են հոր՝ Արամ Սաթունցի, հորեղբոր՝ Աշոտ Սաթյանի, որդու՝ Դավիթ Սաթյանի եւ իր ստեղծագործությունները, իսկ Սաթյան դինաստիայում հաշվվում է 7 կոմպոզիտոր: Այդ օրը չեն հնչել Արթուր Սաթյանի, Աշոտ Սաթյան կրտսերի եւ Ռուբեն Սաթյանի երկերը:
«Ափսոսում եմ, 1400 տեղանոց Wilshire Ebell Theatre-ում կայացած մեկ համերգը չկարողացավ ապահովել օվկիանոսից այնկողմ գտնվող մեր համերկրացիներից բոլոր ներկա գտնվել ցանկացողների ներկայությունը: Իսկ երեկոյին ելույթ ունեցան ոչ միայն Հայաստանից, այլեւ վաղուց ԱՄՆ-ում բնակվող հայ երգիչ-երգչուհիները (լուսանկարում հայտագիրն է)»,- հայտնեց Արամ Սաթյանը: Հավելեց նաեւ, որ Wilshire Ebell Theatre-ը ամենահին թատրոնն է Լոս Անջելեսում եւ իր հեղինակությամբ բարձր, քան հայաստանցիներիս քաջածանոթ «Alex Theatre»-ը:
Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե Սաթյանների հեղինակային ամերիկյան երեկոն հայաստանյան պատմության մեջ առաջինն էր գուցե այն պատճառով, որ ինքը՝ Արամ Սաթյանը, Կոմպոզիտորների միության նախագահն է, մեր զրուցակիցը չհամաձայնեց. «Համերգի բանակցությունները սկսվել էին դեռեւս 3 տարի առաջ: Այնպես որ, դուք եւ ձեր նման մտածողները հաստատ սխալվում եք: Իսկ բանակցությունները ընթացել են Armenian American Theatrical & Musical Society & Armenian Entertainment Production հայտնի կազմակերպությունների հետ»:
Կարդացեք նաև
Միանշանակ, Սաթյան դինաստիայի կոմպոզիտորներին առանձին-առանձին ներկայացնելու հարկ չկա: Սաթյաններից ոմանք ապրում եւ ստեղծագործում են արտերկրում: Սփյուռքն ու Արեւմուտքը հաստատ տարբեր առիթներով առնչվել են Սաթյանների գործունեությանը: Հետեւաբար զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Արամ Սաթյանի՝ որպես Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահի գործունեությանը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ 2013թ. հոկտեմբերի 27-ից միության նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր, իր խոսքերով՝ աշխարհը այսօր, քան երբեւէ, շփվել է մեր ժամանակակից կոմպոզիտորների արվեստին: «Միայն 2014թ. արտերկրյա տարբեր միջոցառումների ժամանակ հնչել է Կոմպոզիտորների միության 52 անդամի ստեղծագործություն: Կոնկրետ՝ 2014թ. դեկտեմբերին Բոստոնում, ապա Փարիզում կայացած «Հայ երաժշտության օրերին», հետո Մոսկվայում ու Նյու Յորքում, տեղի կոլեկտիվների եւ մենակատարների մեկնաբանմամբ հնչել են հայ հեղինակների ստեղծագործությունները: Մեծ աշխատանք են տանում նաեւ Կոմպոզիտորների միության մասնաճյուղերը, օրինակ՝ Ազգային երաժշտության մասնաճյուղը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հայկական ազգային նվագարանների եւ հայ երգեցողության ամբիոնի հետ ապրիլին ներկայացավ համերգաշարով: Շարունակվում է մայիսի 8-ին մեկնարկած Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 2-րդ մրցույթը: Օրերս Բոստոնում, Փարիզում Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով դարձյալ հնչեց հայ կոմպոզիտորական արվեստի ներկայացուցիչների երկերը եւ այլն»,- ասաց պարոն Սաթյանը:
Հետաքրքրությանը՝ միության մեջ ընդգրկված երաժշտագետները ինչո՞վ են զբաղված, եւ նրանց մասնագիտական խոսքը, բացի մասնագիտական պարբերականներից, հաճախ չենք հանդիպում ԶԼՄ-ներում, Արամ Սաթյանը վկայակոչեց ապրիլին կայացած երաժշտագիտական միջազգային գիտաժողովը՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին, իսկ ԶԼՄ-ներում երաժշտագետների խոսքը հաճախ չերեւալու առիթով էլ հայտնեց, որ ցանկացած ոչ մասնագիտական պարբերական ունի իր ուղղվածությունը եւ հասկանալի պատճառով չի կարող տպագրվել մասնագետների՝ թեմային վերաբերող ամբողջական ասելիքը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.05.2014 թ.