Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացված ներկայացում՝ գումարած Նորա Արմանիի զգացմունքային խաղը

Մայիս 13,2015 14:00

Օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ «Մերսեդես» ներկայացման պրեմիերան: Հիմքում իրական դեպքեր ու հերոսներ ունեցող պիեսի հեղինակը Անուշ Ասլիբեկյան-Արծրունին է, բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը  թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանինն է, երաժշտությունը Վահան Արծրունունն է,  պարերը եւ բեմական պլաստիկան՝ Գագիկ Կարապետյանինը:

Ներկայացումը, որ բեմադրվել է քաղաքապետարանի աջակցությամբ, նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գլխավոր դերը խաղալու համար Հայաստան է ժամանել հայազգի ճանաչված դերասանուհի Նորա Արմանին:

«Առավոտը» թատերագետ եւ արձակագիր  Անուշ Ասլիբեկյան-Արծրունուց հետաքրքրվեց՝ արդյոք արդարացե՞լ են իր սպասելիքները՝ ներկայացման առումով: «Երբ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի աշխատասեղանին տեսա բազմաթիվ պիեսների կապոցներ, իբրև հեղինակ շատ շոյված էի, որ հենց իմ պիեսն է բեմադրիչի համար ստեղծագործական ներշնչանքի աղբյուր հանդիսացել։ Շատ հաճելի էր գիտակցել, որ այդ ներշնչանքով առաջնորդվելով, խորությամբ ընկալելով պիեսիս ամբողջ գաղափարական ուղերձը՝ նա ջանք չի խնայել թատրոնի ամբողջ ստեղծագործական ռեսուրսն ու ներուժը ենթակայացնելու այս նպատակին՝ մեր համատեղ ստեղծագործությունը նվիրելով եղեռնի 100-ամյա տարելիցին։ Այս բեմադրության մեջ հնարավոր չէ տարանջատել սցենոգրաֆիան (նկարիչ՝ Անտոն Քեշիշյան), երաժշտությունը (կոմպոզիտոր՝ Վահան Արծրունի), պարային-պլաստիկան (պարերի բեմադրիչ՝ Գագիկ Կարապետյան), գլխավոր և դրվագային դերակատարումները՝ պիեսից և բեմադրիչի մեկնաբանությունից։ Ներդաշնակ և համաձույլ թատերային սինթեզ է, որն էլ տվեց իր տրամաբանական արդյունքը՝ հանդիսատեսի անմիջական, ազնիվ ու կենդանի արձագանքը՝ թե Երևանում, թե Գյումրիում…Ինչը կարող է հեղինակի համար ավելի մեծ գնահատական լինել»,-ասաց նա:

«Մերսեդես»  ներկայացումը Եղեռնից փրկված, այնուհետեւ, չնայած քրոջ՝ Մերսեդեսի հորդորներին, 1948 թվականին Հունաստանի Սալոնիկ քաղաքից Խորհրդային Հայաստան հայրենադարձված Զարուհու (Նորա Արմանի) մասին է: Նա Հայաստանում  փորձում է նոր կյանք սկսել, սակայն նրա լավատեսությունն ու  վճռականությունը  շարունակ բախվում են փորձությունների: Հայրենադարձ կինը երբեք դժվարին օրերի վերաբերյալ քրոջը գրած նամակներում չի դժգոհում, իրականությունն էլ  գեղեցիկ է ներկայացնում, ինչպես ժամանակին իրեն էին ներկայացրել, թե Հայաստանում հացն անվճար է, իսկ առուներում ջրի փոխարեն կաթ է հոսում: Զարուհին  շատ է սիրում Հայաստանը, նույնիսկ հասցնում է տեղական պայմաններին համահունչ հնարամիտ դառնալ, ամուսնանում է, զավակներ ունենում, հիասթափություններ, սակայն չի լքում հայրենիքը։

Ներկայացումն այնպես է կառուցված, որ մի ամբողջ սերնդի  կենսագրություն հանդիսատեսի աչքի առաջ է անցնում՝  խորհրդային  ռեժիմի պատճառած, մեղմ ասած՝ անհարմարություններից մինչեւ Հայաստանի անկախացում: Ռեժիսորական առումով հետաքրքիր լուծումներ ուներ ներկայացումը, տպավորիչ էր ներկայացված քույրերի նամակագրությունը, հուզիչ էր Նորա Արմանիի զգացմունքային խաղը: Բեմի վրա ոչ մի ավելորդ բան չկար, բոլոր մարդիկ ու դեկորները «խաղում» էին: Եվ որ ամենակարեւորն էր՝ շեշտադրված էր հայ մարդու լավատեսությունն ու հայրենիքի հանդեպ անափ սերը: Իսկ ավարտը շատ խոսուն էր. քրոջը Հայաստանում հաստատվելու համար անընդհատ նախատող Մերսեդեսի աճյունը նրա մահից հետո պահածոյի տարայով Հայաստան է ուղարկվում՝ կտակի համաձայն:

Բեմադրությանը համահունչ էր ներկայացման երաժշտությունը, այն դերասանական խաղի ներդաշնակ շարունակությունն էր:

Nora Armani

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.05.2015 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031