Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Մեսրոպյան. «Ուզում եմ՝ լողորդները նույնպես հավատան, որ կարող են բարձունքների հասնել եւ գնահատվել»

Մայիս 13,2015 13:30

Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցում անցկացված Հայաստանի լողի առաջնությունում սահմանվեց հանրապետության մեծահասակների՝ երեք եւ պատանիների՝ մեկ ռեկորդ: Չնայած ընդգրկման աշխարհագրությունը նույնն էր մնացել. հանդես էին գալիս միայն Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի ներկայացուցիչները, սակայն այս անգամ մասնակցության աճ արձանագրվեց: Պայքարի մեջ ներգրավվել էին 120 մարզիկ-մարզուհիներ:

Լողի հայկական դաշնության նախագահ եւ մարզադպրոցի տնօրեն Հովսեփ Մեսրոպյանի ջանքերով Գյումրիի եւ Վանաձորի լողորդներն ապահովվել էին անվճար բնակվելու վայրով եւ բարձր կալորիականությամբ մարզական սննդով: Պարոն Մեսրոպյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դա արել է, որպեսզի հնարավորին չափ շատ լողորդներ կարողանան մասնակցել առաջնությանը եւ կարողանան իրենց դրսեւորել հավաքականի մարզիչների առջեւ: Զրույցի ընթացքում շոշափվեցին նաեւ Հայաստանում լողի ընդհանուր վիճակին եւ մարզաձեւի հետագա ճակատագրին առնչվող հարցեր:

– Պարոն Մեսրոպյան: Մոտ երկուսուկես ամիս առաջ Հայկական լողի դաշնության նախագահ ընտրվելով՝ դուք մարզաձեւը զարգացնելու լուրջ խնդիրներ եք դրել ձեր առջեւ: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:

– Նախ եւ առաջ կարգապահություն է անհրաժեշտ եւ սեր քո աշխատանքի հանդեպ: Յուրաքանչյուր ոք, սկսած ինձանից, պետք է լիարժեք կատարի իր պարտականությունները ու սիրով: Հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստացվի: Մինչեւ նախագահ ընտրվելը, արդեն քանի տարի ղեկավարում եմ ջրացատկի մարզադպրոցը եւ այդ ուղղությամբ հաջողությունների հասել ենք: Յուրաքանչյուր աշխատող եւ մարզիչ հստակ գիտի իր անելիքը ու նաեւ տեղյակ է, որ ես պահանջկոտ անձնավորություն եմ:

– Կարգապահությունը՝ կարգապահություն, բայց լողի զարգացման համար առաջնայինը մարզաբազաների խնդիրն է, ինչը, անկեղծ ասենք, Հայաստանում աղետալի վիճակում է:

– Իսկապես, Հայաստանում գործող լողավազանները մատների վրա կարելի է հաշվել, այն էլ՝ միայն Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում: Մարզերում եղածները կամ քանդված են, կամ կիսափլուզված: Լողը թանկ մարզաձեւ է եւ զարգացնել հնարավոր է միայն պետության օգնությամբ: Նոր լողավազաններ կառուցելը, հնամաշները հիմնանորոգելը եւ մարզաձեւը միջազգային պահանջներին հավասարեցնելը հսկայական ծախսեր է պահանջում, ինչն առայժմ մեր երկիրն անելու հնարավորություններ չունի: Բայց դրանից առաջ հարկավոր է գործող լողավազանները լիարժեք ու նպատակային օգտագործել: Օրինակ, Վանաձորի լողավազանը ձմեռները մի քանի ամիս չի գործում: Հետեւաբար, հեռանկարային մարզիկի՝ մյուս ամիսների մարզումները ջուրն են լցվում: Մենք հիմա այցելում ենք մարզեր, լողավազանների հաշվառում ենք անում, որպեսզի պատկերացում կազմենք, թե որ լողավազաններն է հնարավոր համեմատաբար նվազ ծախսերով աշխատեցնել:

Ուզում ենք բանակցել տեղական ինքնակառավարման մարմինների, այն գերատեսչությունների հետ, որպեսզի այդպիսի լողավազանները ձմեռները ջեռուցելու միջոցներ գտնվեն: Ես կարծում եմ, որ հնարավոր է Երեւանում գործող մասնավոր լողավազանների հետ համագործակցության ծրագրեր կազմել, որպեսզի միասին, ամեն մեկն իր հնարավորությունների սահմաններում, ընթանանք մեկ՝ լողը զարգացնելուն նպաստելու ուղով: Իսկ այդ ուղին հիմնականում անցնելու է պատանի սերունդը: Եվ, վերջապես, պակաս կարեւոր չեմ համարում մարզիչների հարցը: Մենք լավ մասնագետներ ունենք, որոնք աշխատում են նվիրումով: Բայց այնպիսիք էլ կան, որոնք ոչ թե աշխատում են, այլ պարզապես, աշխատանքի են գնում:

Մարզիչների արդյունավետ աշխատանքով էլ հնարավոր է եղած պայմաններում արդյունքներ արձանագրել: Օրինակը Մոնիկա Վասիլյանն է, որին Քաթարում անցկացված աշխարհի առաջնության ցուցանիշներով երեք օր առաջ հանձնվեց միջազգային սպորտի վարպետի վկայական: Ես ցանկանում եմ, որպեսզի լողորդները տեսնեն եւ մեր հենակետային մյուս մարզաձեւերի ներկայացուցիչների նման հավատան, որ լողում, մեծ սպորտում կարող են բարձունքների հասնել եւ գնահատվել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.05.2015 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031