Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրի Աշոտյանը, որ իր վրա է վերցրել երեխաներին Բաքու ուղեկցելու պատասխանատվությունը»

Մայիս 13,2015 13:00

Ասում է Ռուբեն Բաբայանն ու շարունակում, որ ցանկացած երաշխիք էլ կարող է խախտվել

Արդեն հայտնի է, որ հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալու է քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադան, որին պետք է մասնակցեն նաեւ հայ աշակերտներն ու նրանց Բաքու պետք է ուղեկցի ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, որն իր վրա է վերցրել աշակերտների անվտանգության հարցերով զբաղվելու բարձր պատասխանատվությունը, պահանջելով կազմակերպիչներից՝ ապահովել որոշակի անվտանգության երաշխիքներ:

Արժե մասնակցել Բաքվում կայանալիք օլիմպիադային, թե ոչ, այս մասին կրթության ոլորտի մասնագետները, եւ ոչ միայն նրանք, դժվարանում են կարծիք հայտնել, քանի որ եւ կարեւորում են հայ աշակերտների մասնակցությունն այդ օլիմպիադային, կարծելով, որ այն նոր դռներ ու հնարավորություններ է ստեղծելու ապագայի համար, եւ անհանգստանում երեխաների ֆիզիկական անվտանգության առումով:

«Առավոտի» հետ զրույցում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, պատասխանելով Բաքվի օլիմպիադային մասնակցության վերաբերյալ հարցին, անդրադարձավ մեր դիտարկմանը, որ ընդամենը օրեր առաջ էր, որ Թբիլիսիում անցկացված սպորտային միջոցառման ժամանակ ականատես եղանք, թե ինչպես են ադրբեջանցի երկրպագուներն ու սպորտսմենները հարձակվել հայերի վրա, ու եթե այս անգամ, այս օլիմպիադային չգնանք, մի՞թե կնշանակի, որ վախեցանք, ասաց, «Ես դժվարանում եմ պատասխանել: Սակայն կողմ եմ այն բանին, որ ցանկացած հասարակական շփում կայանա, ու հատկապես մեր երկու ժողովուրդների միջեւ այն ողջունելի է, բայց հասարակական զոմբիացումը վախ է առաջացնում, առավել եւս, որ խոսքը գնում է երեխաների մասին: Չեմ կարող հստակ ասել՝ արժե մասնակցել, թե ոչ, որովհետեւ ես չեմ կարող ինքս ինձ համար որոշել այդ հարցը: Կա եւ կողմ փաստարկն ինձ համար, եւ դեմը: Ես չգիտեմ, թե ինչքանով են տրված երաշխիքներ, որ կապահովեն համապատասխան անվտանգություն, եւ ի վերջո՝ ցանկացած երաշխիք էլ կարող է խախտվել այդ նույն երաշխիքը տվողի կամքից անկախ, նույնիսկ անկախ այն բանից՝ նախարարն է ուղեկցելու թիմը, թե մեկ այլ անձ: Ապրի Արմեն Աշոտյանը, որ իր վրա է վերցրել այդ պատասխանատվությունը, բայց փորձանք կարող է տեղի ունենալ ամեն տեղ, նույնիսկ ամենաժողովրդավարական երկրում կարող է ահաբեկչական ակտ տեղի ունենալ ու ոչ ոք չի կարող ինչ-որ բան անել, բայց կոնկրետ Բաքվում, ինչ էլ լինի, ամենափոքր փորձանքն էլ այլ կերպ է ընկալվելու, որ մենք չկարողացանք ապահովել մեր երեխաների անվտանգությունը: Ես շփոթված եմ, ու սա այն դեպքն է, որ չեմ կարող ասել, թե որն է ճիշտը»:

Դիտարկմանն էլ՝ ամեն դեպքում, եթե մեր աշակերտները գնան, մասնակցեն ու հաջողություններ արձանագրեն՝ մեդալների տեսքով, սա կարո՞ղ ենք համարել դիվանագիտական հաղթանակ՝ ընդդեմ Բաքվի, պարոն Բաբայանը նշեց. «Ես դա կարող եմ համարել կրթական հաղթանակ, ինչն առավել քան կարեւոր է, որովհետեւ, կարծում եմ, եթե մենք ունենանք կիրթ հասարակություն, դիվանագիտական հաղթանակներն էլ շատ կլինեն, իսկ եթե ունենանք անգրագետ հասարակություն, ապա ոչ մի դիվանագիտական հաղթանակ չենք արձանագրի»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

12.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հող հայրենի says:

    չարդարացված ռիսկ է, ում եք ինչ ապացուցում, երեխեքին հանգիստ թողեք, նրանք մեծ ծովերում կնավարկեն,,,էդ երկիրը սթրեսից բացի, բան չունի նրանց տալու

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031