Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալի տգեղ հետքերը

Մայիս 13,2015 12:00

Որոնցից մենք առայժմ չենք կարողանում հրաժարվել

Հայտնի քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը հիշել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը հրամաններ էր տալիս՝ իմ կարծիքով, ոչ այնքան խելամիտ: Մարդու աչքով տեսածին չեմ կարող չհավատալ եւ նման դեպքերի մասին լսելուց կարող եմ անել մի հետեւություն՝ բազմաթիվ բաց նամակների հեղինակն օժտված էր լիազորություններով, որոնք պաշտոնական չէին, բայց իրականում ավելի զորեղ էին, քան պաշտոնականները: Իսկ ով եւ ինչպես կարող է այդ լիազորությունները տալ՝ կարելի է միայն ենթադրել: Համենայնդեպս, մինչեւ 1991 թվականն այդ զորությունն ուներ Պետական անվտանգության կոմիտեն:

Հայաստանում ժամանակ առ ժամանակ որոշ քաղաքական եւ հասարակական գործիչներ խոսում են լյուստրացիայի մասին: Դրա տակ, սակայն, մարդիկ տարբեր բաներ են հասկանում: Եթե խոսքը անվտանգության գործակալական ցանցի բացահայտման մասին է, ապա դա, իմ կարծիքով, հանցագործություն է: Եթե լյուստրացիան առիթ կտա հին հաշիվների մեջ խորանալու, ապա դա էլ ոչ մի լավ բանի չի բերի: Բայց հասկանալ, թե ինչպես, ինչ մեխանիզմներով է ՊԱԿ-ը հատկապես խորհրդային վերջին շրջանում ազդել Հայաստանի պետական եւ հասարակական կյանքի վրա եւ ինչն է այդ ազդեցությունից «փոխանցվել» անկախությունից հետո՝ թերեւս արժե:

Այստեղ էլ, իհարկե, վտանգներ կան, եւ առաջինը թերեւս պարանոյան է, երբ ամեն թփի տակ փնտրում են «կագեբեի գործակալների»: Երկրորդ վտանգն այն է, որ ճշմարտությունը բացահայտելիս մենք կարող ենք ինչ-որ չափով վտանգել պետական գաղտնիքները կամ ստվեր գցել Ղարաբաղյան շարժման կամ արցախյան պատերազմի վրա: Երկրորդ վտանգն ինձ այնքան էլ էական չի թվում: Եթե պատմության մեջ մենք տեսնենք միայն պայծառ էջեր, ապա կնմանվենք թուրքերին, որոնք փորձում են ապացուցել, որ այն 10 դարերի ընթացքում, ինչ նրանք հայտնվել են այս տարածաշրջանում, իրենք դրսեւորվել են որպես Աստծո հրեշտակներ:

Ինչու է այս «պատմական լյուստրացիան» կարեւոր: Ինձ թվում է, որ այս երեւույթներով է մասամբ բացատրվում այն անսահման եւ կասեի նույնիսկ՝ «անհամաչափ» ազդեցությունը, որն ունի Ռուսաստանը մեր երկրի վրա: Եթե պետական եւ քաղաքական վերնախավն այդքան սերտ կապեր է ունեցել ՊԱԿ-ի հետ, ուրեմն բացառված չէ, որ այդ կապերն ինչ-որ տեղ պահպանվում են: Իսկ մեր ցանկությունը պետք է որ լինի մեր երկրի անկախությունը այն բոլոր ոլորտներում , որտեղ հնարավոր է անկախ լինել՝ չվնասելով մեր անվտանգությանը:

Ես հաճախ մտածում եմ՝ ինչո՞ւ Հայաստանում խորհրդային անցյալի նկատմամբ ավելի ուժեղ կարոտախտ կա, քան, ասենք, Վրաստանում: Եթե խնդիրը լիներ միայն նրա մեջ, որ մարդիկ Սովետի ժամանակ կուշտ էին, իսկ այդ երկրի փլուզման հետեւանքով սովածացան, ապա այդ խնդիրը հավասարապես գոյություն ունի մեր երկու երկրներում: Գուցե մեր տարբերությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ «վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի հասարակությունը գիտակցեց, թե ինչու էր նախկինում իր կյանքը կառուցվել սխալ սկզբունքների վրա, եւ դրանում մեղք ունեն նաեւ այն մարդիկ, որոնք կապ ունեին եւ ունեն որոշակի կառույցների հետ՝ կառույցներ, որոնց ոճի անբաժանելի բաղադրիչներն են կեղծիքը, անազատությունը, բռնությունը:

Հայաստանի բնակչությանն այս խնդիրներն առանձնապես չեն հուզում: Իսկ երբ չկա հասարակական պատվեր, քաղաքական եւ հասարակական ուժերի մեծ մասի մոտ չկա նաեւ ցանկություն՝ բարձրաձայնելու այս խնդիրները:

Արամ Աբրահամյան

«Առավոտ» օրաթերթ

12.05.2015 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. մոսո says:

    // Ես հաճախ մտածում եմ՝ ինչո՞ւ Հայաստանում խորհրդային անցյալի նկատմամբ ավելի ուժեղ կարոտախտ կա, քան, ասենք, Վրաստանում:// – Հարգելիս, պարզապես մեր գլխին ավելի զորեղ դագանակ է հարկավոր քան իրենց: Եթե անմիջական տերը, ասենք, ռուսը լիներ (կամ նույնիսկ թուրքը) ապա անհաշիվ բողոքներից հետո (օրինակի համար՝ լիսկոյի հանցագործություններից) ով էլ լիներ, հաստատ կզզվեր ու մի բան կաներ, միթե համաձայն չեք? Այստեղից պարզ հարց՝ որն է լավը – օտարի իշխանությունը թե անօրեն “անկախությանը”? Ուրիշ ընտրություն ուղղակի չկա – կամ օրինական երկիր, կամ “պետականություն” կոչվող թյուրիմացության վերացում – ազատագրված տարածքով բանով, հլա մի բան էլ ավել!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031