Լրահոս
Օրվա լրահոսը

Աջակցության կենտրոնի երեխաների մեկ օրը սրճարանում

Մայիս 12,2015 22:25

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) երեխաների աջակցության կենտրոնում ժամանակավոր կացարան են գտել ընտանեկան տարբեր խնդիրներ ունեցող 3-18 տարեկան երեխաներ: Աջակցության կենտրոնը պարբերաբար երեխաների համար միջոցառումներ է կազմակերպում` կենտրոնի ներսում և կենտրոնից դուրս:

Բայց ինչպես նշում է կենտրոնի սաներից փոքրիկ Միլենան այս մեկը տարբերվում էր մյուսներից: Խոսքը մայիսի 11-ին տեղի ունեցած միջոցառման մասին է, որի կազմակերպիչները այս անգամ ոչ թե ՀՕՖ-ի աշխատակիցներն էին, այլ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկու ուսանողուհիներ` Լաուրա Մամյանը և Զառա Մանուչարյանը:

Կազմակերպիչներից Զառա Մանուչարյանի խոսքով ամեն ինչ սկսվեց այն բանից ,երբ նրանք ռեպորտաժ պատրաստեցին կենտրոնի երեխաների մասին.«Մեր պատրաստած ռեպորտաժը հետաքրքրություն էր առաջացրել ընկերների շրջանում. շատերը ցանկություն հայտնեցին տեսնել երեխաներին ու ծանոթանալ նրանց հետ: Եվ քանի որ ՀՕՖ-ի սաները սննդի հետ կապված խնդիրներ չունեն` իմ ու ընկերուհուս մոտ միտք առաջացավ՝ կարելի է նրանց մեկ օր կտրել աջակցության կենտրոնի առօրյայից ու մանկական սրճարանում համատեղել նոր ծանոթություններն ու ուրախ ժամանցը»:

Կազմակերպիչները երեխաներին մեկ օր սրճարան տանելու համար դրամահավաք էին կազմակերպել, որին կամավոր ցանկություն էին հայտնել մասնակցելու ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի, հանրային կառավարման ֆակուլտետների որոշ ուսանողներ, ինչպես նաև մի շարք այլ կամավորներ: Նախաձեռնությանը աջակցեց նաև «Բեյբի Սուսի» մանկական սրճարանը, որտեղ էլ աջակցության կենտրոնի երեխաները վայելեցին իրենց օրը: Սրճարանի կողմից երեխաների համար կազմակերպվել էր հետաքրքիր խաղեր, հանդիպում ծաղրածուի, հեքիաթի հերոսների հետ:

Մասնակիցներից Մարիամը նշեց, որ միջոցառումը առիթ էր ՀՕՖ-եցիներին երկրորդ անգամ տեսնելու. «Երեխաներից մի քանիսը ցանկություն ունեն ապագայում բժշկի մասնագիտությունը ընտրել, ես նրանց խոստացել եմ, որ օրերս միասին կկազմակերպենք շրջայց Հերացու անվան բժշկական համալսարանում»:

Կազմակերպիչներից Լաուրա Մամյանի խոսքով օրը ստացված էր և հաճելի .«Արդյունքները գերազանցեցին մեր սպասելիքները, բավական է տեսնել այս երեխաների ժպիտները նախաձեռնությունը հաջողված համարելու համար»:

Լիլիանա ՕՍԻՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031