«Նոր սերնդին ներկայացնել այն փառահեղ ճանապարհը, որն անցել են մեր հերոսները»,- մայիսի 8-ին Շուշիի արվեստի կենտրոնում բացված «Շուշիից Շուշի» լուսանկարչական ցուցահանդեսի մասին այսպես արտահայտվեց ցուցահանդեսի համադրող եւ ART PR (Արտ Փի Ար) ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը: Նրա խոսքով. «Այս նախագծի նպատակն էր լուսանկարների միջոցով մեկ անգամ ևս վերհիշել ու հատկապես նոր սերնդին ներկայացնել այն փառահեղ ճանապարհը, որն անցել են մեր հերոսները՝ ազատագրելով Շուշին։ Սա նախևառաջ հարգանքի տուրք էր՝ Արցախյան պատերազմով անցած յուրաքանչյուր զինվորի առաջ։ Լուսանկարչական վավերագրության միջոցով փորձել ենք անցնել հաղթանակած տարիների միջով․ ինչպիսի՞ն էր 1992 թվականի Շուշին , ինչպիսին՝ այսօրվա խաղաղ ու ծաղկող Շուշին»:
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին մինչ այսօր դեռ որևէ տեղ չցուցադրված եւ չհրապարակված լուսանկարներ, տարեգրել էր 23 տարի առաջ հայ զինվորների ռազմական սխրանքը՝ Արցախի անառիկ բերդաքաղաքի ազատագրումը, հենց հայ զինվորին, Շուշեցի մարդուն, Շուշիում ապրող երեխային:
Լուսանկարներում նաև այսօրվա ազատ ու զարգացող Շուշին էր, որովհետև անցած 23 տարիների ընթացքում Շուշին անցել է վերականգնման ու զարգացման յուրահատուկ ճանապարհ:
Լուսանկարների հեղինակները ճանաչում ունեցող վեց լուսանկարիչներ ու ֆոտոլրագրողներ էին՝ Հակոբ Բերբերյան, Աշոտ Մուրադյան, Զավեն Խաչիկյան, Ռուբեն Մանգասարյան, Տիգրան Մանգասարյան և Մաքս Սիվասլյան, որոնց լուսանկարները թվագրված են 1992-ից մինչև մեր օրերը։ Ցուցահանդեսը, ցավոք, հետահայաց էր ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի համար, ով Շուշին ազատագրող զինվորների հետ առաջիններից մեկն էր մտել ազատագրվող քաղաք՝ հավերժացնելով պատկերներ, որոնք ընդմիշտ կմնան Շուշիի տարեգրության մեջ:
Կարդացեք նաև
Տարիներ առաջ աշխարհի բազմաթիվ ամսագրերում ու հեղինակավոր մեդիաներում տպագրված Ռուբեն Մանգասարյանի «Անկախության ճանապարհին» հետահայաց ցուցադրությունն ամբողջությամբ նվիրված էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկախությանն ու պատերազմին, իսկ այս ցուցադրությունում հատկապես Ռուբեն Մանգասարյանի Շուշին էր, Շուշիի ազատագրումն ու պատերազմը: Հայտնի ֆոտոլրագրողներ Հակոբ Բերբերյանը, Աշոտ Մուրադյանը, Զավեն Խաչիկյանը և Մաքս Սիվասլյանը, որը Հայաստան է եկել 1992 թվականին, որպես «Նուվել դ՚ Աղմենի» ամսագրի լրագրող և որոնք հայտնի շարքեր ունեն Անկախության տարիներից և Արցախյան պատերազմից, «Շուշիից-Շուշի» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացրել էին բացառապես Շուշիի ազատագրումը, քաղաքի կյանքը, տրամադրությունները, այսօրը և այն ճանապարհը, որով Շուշին գնում է դեպի զարգացում:
Հետաքրքրական էին նաև նկարիչ Տիգրան Մանգասարյանի ֆոտոշարքերը, որոնք Տիգրանը լուսանկարել էր երեք տարի անընդմեջ՝ տարբեր ժամանակահատվածներում լինելով Շուշիում ու տեսնելով քաղաքն իր ընթացքի մեջ: Մեծ հետաքրքրություն առաջացրած ցուցահանդեսն իրականացվել էր ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ մշակույթի նախարարության և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Տարվա ընթացքում այս ցուցահանդեսը շրջելու է Հայաստանի մարզերով եւ քաղաքներով։