Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչիկ Միրզոյանին դանակահարած երիտասարդին ազատ են արձակել

Մայիս 12,2015 21:15

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն, մարտի 28-ին Գյումրու Թատերական հրապարակում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի դանակահարության մեջ կասկածվող Ռուդիկ կամ որ նույնն է ՝ Կամո Խաչատրյանի խափանման միջոցը փոխել են. նրան ազատ են արձակել՝ գրավի դիմաց:

Aravot.am-ը փորձեց ճշտել այս տեղեկությունը Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից: Շիրակի դատախազը մեզ տեղեկացրեց, որ դատախազի կողմից կալանքը վերացնելու կամ փոխելու որոշում չի կայացվել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը խորհուրդ տվեց՝ ճշտել դատարանից: Մեր այն հարցին, թե դատարանը Կամո Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին իր որոշումը չի՞ ուղարկել արդյոք քննչական կոմիտե կամ իրենց տեղյակ չեն պահե՞լ, Սոնա Տռուզյանը նշեց՝ իրենք տեղեկացվել են, որ փաստաբանը խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն է ներկայացրել:

Մենք փորձեցինք ճշտել, թե ո՞վ է Կամո Խաչատրյանի փաստաբանը, սակայն մեզ հաջողվեց ընդամենը պարզել, որ նա Գյումրիից չէ, այլ մայրաքաղաքից է: Այս հարցով դիմեցինք վերջինս դեմ հարուցված քրեական գործով զբաղվող քննիչ Արտյոմ Փիլոյանին, սակայն, քննիչը պատճառաբանեց, որ հարմար վայրում չի գտնվում մեր հարցին պատասխանելու համար:

Շիրակի մարզի Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյաննն ասաց, որ ինքը ևս լսել է նման խոսակցություններ, միայն թե, ըստ իրեն հասած տեղեկությունների, վերջինիս ՀՀ-ից չհեռանալու մասին ստորագրությամբ բաց են թողել: Մենք զանգահարեցինք նաև Կամո Խաչատրյանի հորը՝ ատամնաբույժ Գևորգ Խաչատրյանին՝ հետաքրքրվելով, թե որդին տա՞նն է: Մեր հեռախոսազանգին պատասխանեց Կամ Խաչատրյանի մայրը՝ ասելով, որ իրենք շատ խառն են, տանը հիվանդ կա ու չեն կարող խոսել:

Իսկ Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ամեն ինչ հնարավոր է, քանի որ չունենք անկախ արդարադատություն: Ըստ նրա, այս երիտասարդը իշխանությունների պատվերն էր կատարում, փորձում էր տապալել հանրահավաքը և դրա համար էլ հիմա ազատ են արձակում: «Ինչո՞ւ Լիսկայի տղան փախավ, իսկ Շանթին 7 տարի տվեցին, մի՞թե Շանթը հասարակության համար վտանգավոր անձ էր, նա կարո՞ղ էր մարդ վնասել», -այսպիսի հարցադրմամբ ավարտեց Հրաչիկ Միրզոյանը:

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, վերջինիս խափանման միջոցը փոխել են մի քանի օր առաջ, գործը քննող  քննիչ Արտյոմ Փիլոյանը ևս մասնակցել է դատական նիստին, որոշման օրինակն էլ ստացել: Նշենք, որ  օրենքն առանց քննիչի մասնակցության դատարանի կողմից գրավի միջնորդությունը քննարկելու հնարավորություն չի տալիս:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Պարոն Հրաչիկ Միրզոյանի ստացած դաշիւնը հարուածը ո՛չ մէկ ձեւով չի կրնար երբեւիցէ «արդարանալ»: Ուղղակի վայրագութիւն է: Այդպիսի ազնիւ մարդ մը կարելի չէ երեւակայել թէ ինչո՞ւ ենթարկուելու է մարմնային բրտութեան, մահափորձի:

    Այսուհանդերձ, սկզբունքային գետնի վրայ, այս յօդուածի վերնագիրը ափսոսալի է՝ «Հրաչիկ Միրզոյանին դանակահարած երիտասարդին….»

    ա. Լրագրողը դատարան չէ:

    բ. «Անմեղութեան կանխավարկած» ըսուած մի կարեւոր բան կայ, երեւի…

    Նամանաւանդ որ այս կասկածեալ անձին պատկերը արդէն լայնօրէն սփռուեցաւ աշխարհի տարածքին, որպէս ոճիրին արդէն հաստատուած հեղինակ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031