Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդամթերքի անվտանգությունը ամեն օր այցելում է թուրքական ճտերին` ինքնազգացողությունը ստուգելու

Մայիս 12,2015 19:54

Արդեն քանի օր է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները այցելում են հայտնի թռչնաֆաբրիկաներից մեկը` թուրքական ճտերի ինքնազգացողությունը ստուգելու:

Բանն այն է, որ Aravot.am-ը տեղեկություն էր ստացել, որ ապրիլի 23-ին Թուրքիայում հաստատված թռչնագրիպի դեպքից հետո, առանց արգելքի Թուրքիայից Հայաստան են ներկրվել բրոյլեր ճտեր, որոնք չէր բացառվում, որ իրենց մեջ արդեն կրեին H5N1 վիրուսը: Ճիշտ է Թուրքիայի հանրապետությունից ներկրվող սննդամթերքը մեր մաքսային սահմանին, սահմանված կարգով ենթարկվում է պարտադիր լաբորատոր փորձաքննության, սակայն, կենդանի թռչունի պարագայում այս տեսակ վիրուսների հետազոտություն միայն կատարվում է, այն դեպքում, երբ կենդանու մոտ լինում են կասկածելի ախտանիշներ:

«Թռչնագիրիպի դեպքում անմիջապես անկում է լինում»,-Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս է պատահել, որ կարանտինի օրերին Թուրքիայից թռչուն է ներկրվել Հայաստան, պարզաբանեցին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Ըստ ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանի, թուրքական ճտերն արդեն ճանապարհին են եղել, երբ Թուրքիայում թռչնագրիպի փաստը հաստատող տեղեկատվությունը մայիսի 5-ին հայկական կողմը պաշտոնապես ստացել է` «Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունից»:

Մեկ-երկու օր էլ իրավիճակի վերլուծություն, ուսումնասիրություն կատարելուց հետո միայն հետեւել է ՀՀ սննդամթերքի անվտանգության ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանը, որով արգելվել է Թուրքիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփեր եւ միջադիրներ՝ մինչեւ կարանտինի չեղյալ հայտարարելը: Այսինքն` ծառայության պետը հրամանն արձակել է մայիսի 7-ին, մինչդեռ թուրքական ճտերը հայկական սահմանը հատել  են մայիսի 6-ին:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են ճտերը անարգել մտել Հայաստան, երբ արդեն ապրիլի 23-ից գիտեինք, որ Թուրքիայում թռչնագրիպ կա, Նվարդ Առաքելյանն ասաց, որ ծառայության պետի հրամանը սահմանին հաջորդ օրն են ստացել եւ հետեւաբար մինչ այդ որեւէ արգելք չկար եւ նրանք հիմք չունեին խոչընդոտելու: Ըստ նույն աղբյուրի, այդուամենայնիվ, Թուրքիայից Հայաստան եկող սննդամթերքը սահմանի վրա ստուգվում է, եւ, եթե անգամ ամսի 6-ին մասնագետները որեւէ կլինիկա նկատեին այդ ճտերի մոտ, ապա, անպայման նրանց լաբորատոր փորձաքննության կենթարկեին:

Ծառայությունից նաեւ հայտնեցին, որ ամեն օր իրենց մասնագետները այցելում են թուրքական ծագման ճտերին` տեսնելու` հո այդ թռչունները որեւէ կասկածելի ախտանիշներ չունե՞ն: Սակայն վստահեցրին, որ ճտերը ողջ առողջ են եւ կլինիկական փոփոխություն չկա:

Թուրքիայում տարածված թռչնագրիպ առնչությամբ այսօր մտահոգություն էր հայտնել նաեւ «Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Մեր հարցին ի պատասխան, պարոն Ստեփանյանը նույնպես հաստատել էր այն տեղեկությունը, որ կարանտինի  օրերին թռչնամիս է ներկրվել Հայաստան: Բայց թե ինչպես, ինչ քանակությամբ` մասնագետը տեղյակ չէր: Սակայն միության նախագահին եւս մտահոգում էր, որ հարեւան երկրում բռնկված թռչնագրիպին մեր երկրում այնքան էլ լուրջ չեն վերաբերում, մինչդեռ նրա խոսքերով, դա խիստ վտանգավոր վարակ է, հատկապես, որ այն հեշտությամբ տարածվում է չվող թռչունների օգնությամբ, իսկ վարակը մեր երկիր թափանցելու դեպքում հսկայական վնասներ կհասցնի:
Սերգեյ Ստեփանյանի տվյալներով, հունվարի 1-ից մինչ օրս Թուրքիայից Հայաստան է ներկրվել 13 տոննա սառեցված հավ, 73 տոննա մասնատված թռչնամիս, 180 տոննա սառեցված աղացած թռչնամիս:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031