«Այն, ինչ տեղի է ունենում տարիներ շարունակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում, անկառավարելի է դարձել: Անկառավարելի է թե՛ մենեջմենթի, եւ թե՛ նաեւ մեր կառավարության եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, որը որոշակի լիազորություններ ուներ միջամտելու կամ կարգավորելու ՀԷՑ-ի աշխատանքը»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ անկառավարելի եւ անվերահսկելի իրավիճակ է ՀԷՑ-ում՝ ներդրումների եւ ներդրումային պարտականությունների կատարման առումով, ինչպես նաեւ՝ աշխատանքի արդյունավետության բարձրացման , որովհետեւ ի վերջո ՀԷՑ-ն է սակագնում սահմանում կորուստները եւ շահութաբերությունը:
«Այս ամենը հաշվի առնելով, կարելի է եզրակացնել, որ այնտեղ անկառավարելի պրոցես է գնում, եւ ելնելով ՀԷՑ-ի 2012-13 թվականների տարեկան հաշվետվության վերլուծությունից՝ ֆինանսական առումով անմխիթար վիճակում է գտնվում: Տարիներ շարունակ ՀԷՑ-ը կուտակելով պարտքերը՝ 2014-ի հունվարի 1-ի դրությամբ 88 միլիարդ դրամ միայն վարկային պարտավորություններ ունի, ու այս ընկերությունը ոչ մի քայլ չի արել վիճակը բարելավելու ուղղությամբ: Այսինքն՝ ՀԷՑ-ում օրհասական վիճակի է, այդ պատճառով էլ փորձում է սակագինը բարձրացնելով հարցը լուծել»,-ասաց պարոն Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ անցյալ տարի նույն հիմնավորումներով ՀԷՑ-ը նույն հիմնավորումներով դիմել էր հանձնաժողովին, այդ հիմնավորումները հաշվի առնելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բարձրացրել էր սակագինը, բայց դրա արդյունքում ոչ թե ֆինանսական վիճակը լավացավ, այլ՝ ավելի վատացավ. «Սա խոսում է այն մասին, որ այդ ընկերությունում, բացի վատ կառավարումից, կոռուպցիոն մեծ ռիսկեր կան, որոնք որեւիցե մեկի կողմից չի վերահսկվում: Դա պետք է վերահսկի ՀԷՑ-ը ներկայացնող կազմակերպությունը՝ ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից, համոզված եմ՝ իրենք էլ չեն տիրապետում իրավիճակին: Վերջին ամիսներին տեղեկություններ կան, որ ներքին աուդիտ են անում՝ հասկանալու ֆինանսական վիճակը եւ ինչ է տեղի ունենում համակարգում, բայց ոնց որ արդյունքի չեն հասել, ու միանգամից գալիս են սակագին բարձրացնելու պահանջով»:
Նշենք, որ լուրեր էին տարածվել, որ ՀԷՑ-ը ցանկանում է գնել «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը նրա «խաթեր» են ուզում բարձրացնել. Այսօր այս լուրերը հերքել է Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի գրասենյակը: Ընդ որում` գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ՀԷՑ-ի իրավիճակի մասին վերլուծություն է արված, կա մի նուրբ ակնարկ էլ կառավարությանը՝ «Եթե իսկապես ՀԷՑ-ի վաճառքի մասին որոշում կայացվի, գնորդն ուղղակի գնալու է շատ ռիսկային գործարքի՝ հաշվի առնելով առկա ծանրագույն կացությունը, կուտակված ահռելի պարտքերն ու առավել եւս այն հանգամանքը, որ Ատոմային էլեկտրակայանը 2017 թվականին մոտ կես տարի չի աշխատելու, ինչը էներգետիկ բալանսի վրա լուրջ ազդեցություն է թողնելու: Հաշվի առնելով վերը նշվածը, ինչպես նաեւ հետգնման ժամկետների ու հավանականության չափազանց անորոշությունը, կառավարությունն ինքը պետք է շահագրգռված լինի գտնել այնպիսի գնորդ (կամ գնորդներ), որն ի վիճակի կլինի համակարգը դուրս բերել ճգնաժամից»: Հայտարարության մեջ նաեւ ՀԷՑ-ում առաջացած խնդիրների պատճառ է նշվում գնային սխալ քաղաքականությունը, ոչ ճիշտ մենեջմենթը եւ այլն:
Կարդացեք նաև
«Ոչինչ արտասովոր չեմ տեսնում, իրավիճակի սովորական գնահատական է: Իհարկե, պետք է ընկերության առողջացման ծրագիր ներկայացվի, սակագինն էլ դրա շրջանակներում պիտի որոշվի: Իսկ ես համոզված եմ՝ սակագնի բարձրացման կարիք չկա»,-Կարապետյանի հայտարարության մասին ասաց պարոն Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքերով՝ ՀԷՑ-ում ոչ միայն ֆինանսական մասն է վատ, այլեւ՝ տեխնիկական: Տարիներ շարունակ այս ընկերությանը, ըստ Խաչատրյանի, հնարավորություն է տրվել աշխատել շահույթով, այս տարիներին պիտի լավացներ վիճակը, բայց հակառակը վիճակում է հայտնվել: Խաչատրյանի համոզմամբ՝ եթե չլինի առողջացման ծրագիր, վաղը նորից սակագնի փոփոխության հարց է դրվելու, որովհետեւ խնդրի հիմնական պատճառը բացահայտված չէ:
«Պարզ չէ ինչ է տեղի ունեցել, որի արդյունքում 250 միլիոն դոլարի պարտք է հավաքել, ո՞նց կարող էր դա տեղի ունենար, սա պիտի անպայման բացահայտվի: Ի վերջո, կարող է ստացվել այն, ինչ տեղի ունեցավ «Հայռուսգազարդի» հետ: Ես որեւիցե այլ կողմնակի ենթադրություններ չեմ ուզում անել, բայց ցանկացած մեկնաբանություն՝ իրավիճակից ելնելով, այդ տարբեր մարդկանց մոտեցումներն են: Թե՝ ինչի՞ կբերի դա՝ սեփականատեր կդառնան-չեն դառնա, թե պետության միջամտությունն ինչպիսի՞ն կլինի, ի՞նչ աստիճանի կլինի, դա կբերի՞ արդյոք առողջացմանը, սա ուրիշ հարց է: Այսօր պետք է հասկանալ իրականում ինչ է եղել, եւ լուծել խնդիրը,հակառակ դեպքում՝ ամեն տարի սակագին պիտի բարձրացնեն: ՀԷՑ-ի հաշվետվությունը նայելով, հասկանում ես՝ սարսափելի վիճակում է, տարիներ շարունակ աշխատել է պարտքեր կուտակելու համար: Եթե հանձնաժողովը պիտի այս հանգամանքից ելնելով ընդառաջի, դա կնշանակի համակարգը սպանել վերջնականապես»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ