ԼՂՀ արտաքին գործերի նախարարության նախկին փոխնախարար, Արցախի արտաքին քաղաքականության եւ հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը մայիսի 12-ին Կովկասի ինստիտուտում կազմակերպված կլոր սեղան-քննարկման ընթացքում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ խորհրդարանական համակարգի անցնելու հավանականությանը:
Նա նշեց, որ Արցախում մեծ ազդեցություն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխության եւ խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտություն կա, այդ գիծը տանում է նաեւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, որը ԼՂՀ Ազգային ժողովում երկրորդ ուժն է. «Կարելի է ասել, որ մեծամասնություն կազմող կուսակցությունները խորհրդարանական համակարգին անցնելու կողմնակից են: Իսկ թե ինչպիսի զարգացումներ կլինեն, կախված է Հայաստանում ընթացող զարգացումներից»:
Մասիս Մայիլյանը հավելեց, որ իրեն մտահոգում է պատերազմի ընթացքում արդյունավետ կառավարման հարցը, քանի որ իր կարծիքով՝ պատերազմական շրջանում ավելի արդյունավետ է նախագահական համակարգը. «Ավելի արդյունավետ է, երբ որոշումները շուտ են ընդունվում, կարճ ճանապարհով: Եթե այդ ճանապարհը երկարում է, ուրեմն՝ անարդյունավետ վիճակ է ստեղծվում: Եթե խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում էլ կարողանան այդպիսի մի մեխանիզմ մտածել, որ պատերազմի սկսվելու դեպքում ինչ-որ մարմին լինի, որը կարողանա ավելի արագ եւ օպերատիվ աշխատել, կարգավորել հարցերը, ես դեմ չեմ լինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ