ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ալբերտ Տ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ Արարատի մարզի Ավշար գյուղում ավազակային հարձակում կատարելուց հետո Երևան վերադառնալիս՝ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում իրեն բռնել են ՀՀ ոստիկանության աշխատակիցները, ովքեր ինչպես բռնելիս, այնպես էլ՝ ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կալանավոր Ալբերտ Տ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն