Մայիսի 12-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի արդյունաբերողների և գործարարների միությունների համագործակցությամբ ՀԱՑ-ի 2-րդ գործարար ֆորումը իր աշխատանքը շարունակեց երեք լիագումար նիստերով, որոնց մասնակցեցին արտասահմանում գործող հայկական առևտրաարդյունաբերական պալատների, գործարարների միությունների, Հայաստանի խոշոր առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև անհատ գործարարներ՝ Հայաստանից, Արցախից և աշխարհի տարբեր երկրներից:
Քննարկվեցին Հայաստանում և Արցախում բիզնես ներդրումներին, գործարար միջավայրի բարելավմանն առնչվող հարցեր:
«Խթանել համընդհանուր ցանցային կապերը» թեմայով առաջին լիագումար նիստը նախագահում էր ՀԱՑ-ի գործադիր խորհրդի անդամ Հրաչ Գասպարը:
Ելույթ ունեցավ հայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը: Ողջունելով գործարարների հավաքը, որոնք հետաքրքրված են Հայաստանով, բարերարը կարևորեց Հայրենիքում ներդրումներ անելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Ֆրանսիայից Գրանդ Թորնթոն ընկերության զարգացման հարցերով տնօրեն Մայքլ Տրիբալլոն հանդես եկավ «Հնարավորությունները փոփոխվող համընդհանուր տնտեսությունում» զեկուցումով:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական դիրքերը միջազգային շուկայում, ինտեգրման և զարգացման հնարավորությունները: Զեկուցողը կարևորեց տեղեկատվության և փորձի փոխանակումը:
Արգենտինա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ, «Edelflex» (Արգենտինա) ընկերության նախագահ Միգել Հարությունյանը նշեց, որ այսօր Հայաստանում ներդրումներ անելու շատ հետաքրքիր և հրապուրիչ պայմաններ կան:
Երկրորդ նիստի ընթացքում քննարկվեցին Հայաստանում գործարար միջավայրի խթանման հետ կապված հարցեր: Նախագահողը` Հայ-իրանական առևտրային պալատի նախագահ Լևոն Ահարոնյանը, կարևորեց հատկապես գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու, ազատ հողատարածքներն օգտագործելու, գյուղացիներին սերմերով, տնկիներով, տեխնիկայով օգնելու անհրաժեշտության մասին:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը խոսեց Հայաստանում հարկային բարեփոխումների, գործարարության սպասարկման ոլորտում սպասվող նորությունների մասին: Ներկայացնելով Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում սպասվող հարկային և մաքսային առավելությունները, նա մասնավորապես նշեց, որ կրկնակի հարկումը բացառելու համար այդ երկրների համապատասխան մարմինների հետ կնքվել են պայմանագրեր:
Ելույթ ունեցավ «Երևան գարեջուր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Բաղդասարյանը: Նա վստահություն հայտնեց, որ համաժողովի անցկացումը կնպաստի ներդրումային միջավայրի զարգացմանը, նշելով 10-15 պատճառ, թե ինչու Հայաստանում կարելի է ներդրումներ անել՝ առանձնացնելով շուկայի առկայությունը, արտահանման հարկերի բացակայությունը, բարեփոխված հարկային օրենսդրությունը և լավ կրթված աշխատուժի առկայությունը: «Անհրաժեշտ է միավորել համայն հայության ջանքերը և հասնել լավ արդյունքների». հավելեց Աշոտ Բաղդասարյանը
«Synopsis Armenia»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր «Հեռանկարային ներդրումենրի սեկտոր» թեմայով ելույթում կարևորեց Հայաստանում տաղանդավոր երիտասարդների, առաջադիմական, նորարարական գաղափարների առկայությունը:
«Փոփոխություններ բիզնես միջավայրի բարելավման համար» թեմայով երրորդ լիագումար նիստը նախագահեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Լևոն Բարխուդարյանը:
Ելույթ ունեցավ Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը: Նա անդրադարձավ Երևանում ներդրումային հնարավորություններին:
«IDeA» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերգեյ Թանթուշյանը հետաքրքիր դիտարկումներ ներկայացրեց Հայաստանում տուրիզմի զարգացման ուղղությունների և հնարավորությունների վերաբերյալ:
ԱՄՆ «IIG Services» ընկերության գործադիր տնօրեն Ալեք Բաղդասարյանն իր ելույթում անդրադարձավ Արցախի գործարար միջավայրի առանձնահատկություններին:
Ֆորումի աշխատանքներն ամփոփեց ՀԱՑ-ի նախագահ, կանադահայ Վահրամ Փիրջանյանը: Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին՝ նա հույս հայտնեց, որ ֆորումի քննարկումները կծառայեն իրենց նպատակին և գործնական արդյունքների կբերեն:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ