«Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները յուրահատուկ էին նրանով, որ մրցակցային էին, թափանցիկ, բաց եւ լեգիտիմ»,- մայիսի 12-ին Կովկասի ինստիտուտում տեղի ունեցած կլոր սեղան քննարկման ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նա շեշտեց, որ կցանկանար նույն բառերն օգտագործել Հայաստանում անցկացվող ընտրությունների մասին: Նա կարեւորում է այն հանգամանքը, որ նախագահական ընտրություններին բնակիչների մասնակցությունը եղել է 67 տոկոս, իսկ մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է բնակչության 70 տոկոսից ավելին. «Փաստորեն, հայկական իրականության մեջ առաջին անգամ մենք ունենք ավելի բարձր մասնակցություն, քան նախագահական ընտրություններին: Դա միգուցե գալիս է այն գիտակցությունից, որ բոլորը հասկանում էին Ազգային ժողովի նոր դերակատարումը կամ հուսով էին, որ նոր դերակատարում է ունենալու խորհրդարանական համակարգը զարգացնելու եւ քաղաքական կյանքի զարգացման առումով»:
Թեւան Պողոսյանը նշեց, որ փորձել է հետեւել 110 դիտորդների գնահատականներին, եւ պարզել է, որ այդ գնահատականների մեջ տարբերություն չկա՝ ի տարբերություն Հայաստանի, երբ ԱՊՀ երկրների դիտորդները մեկ գնահատական են տալիս, իսկ եվրոպական երկրների դիտորդներն այլ գնահատական են տալիս. «Բոլոր դիտորդների գնահատականը նույնն էր, սա լավագույն գնահատականն է, որ այսօրվա դրությամբ կարելի է տալ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: Նույնիսկ Հայկ Խանումյանն ասաց, որ նախընտրական փուլի ընթացքում ճնշումներ եղել են, բայց արդյունքներին նա հարգանքով է վերաբերվում, դա շատ կարեւոր երեւույթ է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ