Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիները՝ Հովիկ Աբրահամյանին. « Սա բարոյակա՞ն է, նորմա՞լ է, այսքան ժողովրդին ո՞նց եք խաբում» (Տեսանյութ)

Մայիս 12,2015 17:57

«Սերժ Սարգսյանի միջամտությունն է պետք: Մինչեւ այսօր թե՛ նախարարը, թե՛ վարչապետը փափուկ բարձ են դրել մեր գլխի տակ, ձգել են: Հույս ունենք, որն նախագահի անմիջական հսկողության տակ այս հարցը լուծում կգտնի: Նա փետրվարին էներգետիկայի նախարարին եւ վարչապետին հանձնարարականներ է տվել լուծել այդ հարցը, բայց մինչեւ այսօր հարցը մնում է տեղում, ոչ մի բան չի լուծվում: Միգուցե ուրիշ հանձնարարականներ տա»,- այսօր նաիրիտցիները կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ այսպիսի պահանջ էին ներկայացնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

 

Նրանց խոսքերով՝ «Մենք փետրվար ամսից ազատված ենք, ամեն անգամ խաբում են՝ էլ միջազգային բանկ, էլ չգիտեմ էսինչը կծախենք, կտանք: Դա մեր խնդի՞րն է, ժողովո՞ւրդն է այս վիճակին հասցրել, մենք հացի խնդիր ունենք, հասկանո՞ւմ եք, երեխա ենք պահում: Հիմա լույս են թանկացնում, ո՞նց ենք մուծելու այդ լույսի փողը»:

NairitՆաիրիտցիները պահանջում էին, որ բոլոր մեղավորներին կառավարությունը պատասխանատվության ենթարկի:

Հարցին՝ էներգետիկայի նախկին նախարարն ասում է, որ իր ունեցվածքը գրավի տակ է դրել, որպեսզի «Նաիրիտի» պարտքերը մարի, հավատո՞ւմ եք՝ ակցիայի մասնակիցները բղավեցին. «Չենք հավատում, ո՞ւր է: Ինչի՞ն հավատանք, 5 տարի անընդհատ խաբում են»:

Nairit 1

«Նաիրիտի» աշխատակիցները դժգոհում էին, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ակնարկել էր, թե սա կառավարության պարտքը չի, «Նաիրիտը» սեփականաշնորհված է, սեփականատիրոջ պրոբլեմն է: Հետեւաբար փորձ է արվել ձեռքերը լվանալ այդ խնդրից. «Պայմանագիր է կնքվել: Պայմանագիր կնքողը հանձն է առել, չէ՞: Նա պարտավոր է այդ հարցը լուծել: Երբ ժամանակին վերահսկողություն չի կատարվել կառավարության կողմից, դրա արդյունքում ենք մենք հայտնվել այս դրության մեջ: Ի՞նչ է նշանակում սեփական է, մենք ոչ մի գործ չունենք: Ասենք, ես տարածքը վերցրել եմ, իսլամական պետության մի հատ մասնաճյուղ եմ բերել, տեռորիստ եմ պատրաստում, ոչ մեկի հարցը չի՞ սա: Ճի՞շտ է, ո՞նց կարելի է վերահսկողություն չանել: Ինչի՞ է կուտակվել այսքան պարտք»:

Նաիրիտցիները դիմեցին Հովիկ Աբրահամյանին, որն անընդհատ խոստանում է խնդրին լուծում տալ, բայց չի անում. «Սա բարոյակա՞ն է, նորմա՞լ է: Ասել են՝ սպասեք, խելոք սպասել ենք: Ասել են՝ այսինչ բանը մի արեք, չեք արել: Ոստիկանն ասել է կանգնեք, կանգնել ենք, մեր ուզածն ի՞նչ է՝ օրենքով պահանջված մեր գումարը, տվեք՝ գնանք: Հո խաբելով չի՞: Այսքան ժողովրդին ո՞նց եք խաբում, իա՛: Մենք ողորմելիներ չենք: Պահանջում ենք մեր վաստակածը: Տվեք՝ գնում ենք, ոչինչ չենք ուզում: Ասում են՝ միջոցներ որտեղի՞ց գտնենք: Իսկ երբ ժամանակին ահազանգում էինք, ոչ մեկը մեջտեղ չէր գալիս, այսօր էլ սա պիտի լինի, չէ՞: Վարչապետ Տիգրան Սարգսյանը գնաց, մեր գործադիր տնօրեն Մելքոնյանը գնաց: Հենց մի բան են անում, մի ուրիշ տեղ տեղավորում են, ժողովուրդն էլ մնում է այս վիճակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031